«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2010-03-04 | #39, 2010-03-05 | #40, 2010-03-06


ՈՒԺԵՐԸ ՀԱՄԱԽՄԲԵԼ

Ծանր պայքար է սպասվում

Վերջերս իմ ասուլիսներից մեկում կոչ էի արել մեր կառավարությանն ու ազգային կազմակերպություններին կոնսոլիդացնելու ուժերն ու ջանքերը, նկատի ունենալով մարտի 4-ին Կապիտոլ Հիլում թիվ 252 բանաձեւի ընդունմանը (կամ չընդունմանը) հետեւելիք դժվար, լարված, վտանգավոր կացությունը թուրքերի հետ մեր հարաբերություններում:

Տրամաբանությունը հետեւյալն էր. բանաձեւի մերժման դեպքում Անկարան հոխորտ կեցվածք էր ընդունելուՙ արհամարհելով Արձանագրությունների վավերացման գործընթացը, փորձելով ստիպել հայկական կողմին համապատասխան քայլն անելու, ընդհուպՙ իր համար սողանք բացելու Ղարաբաղյան բանակցություններում: Իսկ բանաձեւի ընդունման դեպքում կոշտացնելու էր իր դիրքը թե՛ Հայաստանի եւ թե՛ միջնորդ կողմերի նկատմամբՙ ընդհուպ Բաքվին արկածախնդիր քայլերի մղելու եւ տարածաշրջանում հավասարակշռությունը խախտելու նպատակով:

Այժմ ավելացնեմ, որ կար նաեւ մի այլ վտանգ, որի մասին չարտահայտվեցի հիշյալ ասուլիսումՙ բանաձեւի չընդունման պարագայում հայության երկփեղկումը: Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների հակառակորդները իրավամբ պիտի փաստեին, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը խոչընդոտվեց հենց Արձանագրությունների պատճառով:

Բարեբախտաբար Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, թեեւ ձայնի նվազագույն առավելությամբ, ընդունեց թիվ 252 բանաձեւը: Սակայն դրանով ոչինչ չավարտվեց: Ընդհակառակն, ամեն ինչ նոր է սկսվում: Սկսվում է դիվանագիտական ու լոբբիստական պայքարի դժվարագույն փուլը, որի մեկնարկը տրվեց հենց երեկ, Կապիտոլ Հիլի կուլիսներում, հայկական ու թուրքական լոբբիների ճակատամարտով:

Այժմ կողմերը պատրաստվում են երկարատեւ, համառ պայքարի, ընտրելով զինանոցում եղած-չեղածը: Թուրք ղեկավարները Վաշինգտոնին դատապարտողՙ միմյանց գերազանցող հայտարարություններ, նույնիսկ սպառնալիքներ են տեղում... ներքին օգտագործման համար: Դրանք շուտով կդադարեն ու կսկսեն գործել այլ մեխանիզմներ: Մինչ այդ, Թուրքիայից հնչում են նաեւ այլ կարծիքներՙ անհապաղ վավերացնել Արձանագրություններն ու դրանով իսկ խոչընդոտել 252 բանաձեւի ընթացքը դեպի Կոնգրես եւ Սպիտակ տուն:

Այսուհանդերձ, զինանոցում մենք եւս ունենք ազդեցիկ գործիքներ, որոնցից պետք չէ անտեսել Արձանագրություններն առանց թուրքական կողմի վավերացմանը վավերացնելու ընտրանքը: Համենայն դեպս, պաշտոնական Երեւանը բնա՛վ պետք չէ ձեռքից բաց թողնի նախաձեռնությունը, Արձանագրություններով, թեկուզ նախաստորագրված վիճակում, ստեղծված պատեհությունըՙ Անկարային նրա իսկ նախաստորագրությամբ ձեռնակապված պահելու:

Գալով բանաձեւի ընդունման փաստին, այս պահին կարելի է արձանագրել հետեւյալ տպավորությունները.

ա) Արձանագրությունները չխանգարեցին բանաձեւի ընդունմանը, ինչի մասին ոչ մեկ անգամ վստահեցրել էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

բ) Վճռական պահին մենք կարող ենք համախմբվել, ինչը պերճախոս եւ արդյունավետ փաստվեց Կապիտոլ Հիլում, ինչը նույնպես շեշտել է հանրապետության նախագահը Հայաստանում թե սփյուռքում ունեցած իր ելույթներում:

գ) Նույնիսկ բանաձեւի դեմ ելույթ ունեցող կոնգրեսականները չէին ժխտում Ցեղասպանության փաստը:

դ) Նախագահ Օբամայի վարչակարգը դեմ չէ, գեթ այս պահին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ պատրաստ է հետագայում եւս այն օգտագործել որպես հաղթաթուղթ, ինչը, բնականաբար, հայերիս մեջ առաջացնում է երկակի զգացողություններ...

ե) Ընդամենը մեկ ձայնի առավելությունը բավարար երաշխիք չէ, ամենեւին, ամերիկյան վարչակարգի հետագա մտքափոխման կամ դիրքափոխման բացառման համար:

Միով բանիվ, առջեւում դժվարին ժամանակներ են: Այն հրաշալի համախմբվածությունը, որը ցույց տրվեց նախորդ օրը Կապիտոլ Հիլում ամերիկահայկական լոբբիների եւ հայոց պետականության միջեւ, պետք է օրինակելի լինի բոլորի, բոլորի՛ս համար ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքի մյուս բոլոր գաղութներում:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4