«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2010-03-04 | #39, 2010-03-05 | #40, 2010-03-06


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ

Նրանք իսկույն արձագանքելով մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը, հանձնաժողովի որոշման առթիվ դատապարտել են Վաշինգտոնին:

Նախագահ Աբդուլլահ Գյուլը հաղորդագրությամբ նշել է. «Ես այս որոշումը ընդունելի չեմ համարում եւ ցավով եմ ընկալում: Որոշումը թուրք ժողովրդի համար որեւէ արժեք չի ներկայացնում: Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին ամենեւին վայել չէր Ներկայացուցիչների պալատում պատմական ճշմարտությունից հեռու եւ միակողմանի այդ բանաձեւի ընդունումը: Պատմության եւ պատմագրության նկատմամբ անարդարություն եմ համարում շահադիտական նպատակներով ընդունված որոշումը: Թուրքիան պատասխանատու չէ դրա բացասական հետեւանքների համար»:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղորդագության մեջ ասվում է. «Բանաձեւը ոչ միայն պատմական թյուրիմացություններ է պարունակում 1915-ի իրադարձությունների վերաբերյալ, այլեւ պատրաստված է միակողմանի մոտեցմամբ: Լրջորեն մտահոգված ենք, որ այդ բանաձեւը Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին վնաս պատճառելուց զատ կխափանի Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերը: Այս երեկո խորհրդակցելու համար Վաշինգտոնից Անկարա ենք կանչել մեր դեսպանին»:

Բանաձեւի ընդունումը դատապարտել է նաեւ Մեջլիսի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը. «Ցավոք, ամերիկյան խորհրդարանը պատմություն կերտելու փորձ է արել: Դա անընդունելի սխալ է: Քվեարկության արդյունքներին այլ տեսանկյունից մոտենալու դեպքում տեսնում ենք, որ, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության պնդումները կեղծիք են եւ կորցրել են հավաստիությունը: Ցանկանում եւ ակնկալում եմ, որ Ամերիկայի խորհրդարանն ամենակարճ ժամանակամիջոցում կուղղի իր սխալը»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4