«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2010-03-04 | #39, 2010-03-05 | #40, 2010-03-06


ՍՈՒԼԹԱՆԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՄՆ-Ի՞Ն

Ջերմ աջակցություն Թուրքիային ու հետագա «ողջամտության» կոչ` Միացյալ Նահանգներին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քվեարկությանը հետեւում էր գրեթե ողջ աշխարհը թեկուզ այն պատճառով, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն ու դրանցից բխող իրողությունները հետաքրքրում են շատերին ու վերաբերում են տարբեր տարածաշրջանային ու տեղական հարցերի:

Այդուհանդերձ, Ադրբեջանի արձագանքը մարտի 4-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներին լիովին կանխատեսելի էր, թեեւ Թուրքիայի համեմատությամբ Ադրբեջանում բավականին շատ ու տարբեր մոտեցումներով են անդրադարձել այդ իրադարձությանը, հիմնականում մեծին նեցուկ լինելու փոքր եղբոր ցանկությամբ:

Երեկ օրվա միայն երկրորդ կեսին իր դիրքորոշման մեջ «որոշակիացած» Ադրբեջանի նախագահի գրասենյակը տարածեց կտրականապես «դատապարտող» հայտարարություն, թե կոնգրեսականների քվեարկությամբ ընդունված որոշումը «սխալ ու անարդար է»: Ավելին քան այն, թե տեղի ունեցածը չի բխում ամերիկյան ժողովրդի շահերից, Իլհամ Ալիեւի աշխատակազմում չեն կարողացել ասել, ընդ որում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների առումով նախընտրել են լռությունը կամ այդ հարցը թողնվել է պետության այլ գերատեսչություններին, որ հանգիստ ու որեւէ խոսքով հետագայում պատասխանատվության հարց չունենա Ադրբեջանի նախագահը:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախ համաձայնել են, թե քվեարկությունը հարված էր Թուրքիայի շահերին, ու փոքր եղբորը բնութագրական կեցվածքով արտահայտվել են ԱՄՆ Կոնգրեսին բողոքի հայտարարությամբ դիմելու օգտին: Սեփական վայրագություններն ու ոճրագործությունները մոռացած ադրբեջանական խորհրդարանի ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում նշել են, թե Միացյալ Նահանգները ցեղասպանության բանաձեւին անդրադառնալու փոխարեն գուցե հիշեր «Ամերիկայի բնիկ հնդկացիների ոչնչացումը, որոնց ռեզերվուարներում էին տեղավորում»:

Հատկանշական է, որ նման հայտարարությունը վկայում է հայտարարություն անողի թեկուզ ենթագիտակցական մակարդակով այն փաստի ընդունումը, որ հանցագործությունը հայ ժողովրդի հանդեպ կատարվել է, եւ Օսմանյան Թուրքիան պետք է պատասխան տար դրա համար: Այլապես դժվար թե ադրբեջանցի խորհրդարանականները հիշատակեին ամերիկյան մայր ցամաքում կատարված հանցագործությունների մասին, եթե թուրքերի իրագործածը հանցագործություն չհամարեին:

Ադրբեջանում ավելի շատ խոսել են «թուրք ժողովրդին եւ Թուրքիային իրենց համակարծությունը հայտնելու» մասին: Առավել սպասելի էր, ինչը եւ տեղի է ունենում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի առնչությամբ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դրական դիրքորոշումը Ադրբեջանում կմեկնաբանեն որպես ԱՄՆ-ի «ոչ արդար կեցվածքի հիմք ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ»:

Իհարկե, նման հայտարարությունները մոտ են անհեթեթությանը, քանի որ այդօրինակ տրամաբանության դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի որեւէ համանախագահ իբր չի կարող լինել արդար ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում: Սակայն եթե Ադրբեջանում արդարություն ասելով հասկանում են մեկուկես միլիոն մարդու սպանությունը չընդունելու կեցվածքը, ապա հրաշալի է, որ ԱՄՆ Կոնգրեսում առայժմ 23 կոնգրեսական այդպես չի հասկանում արդարությունը, ավելին, շատ այլ կոնգրեսականների նման դեմ չի քվեարկում` միեւնույն ժամանակ վստահ լինելով, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է:

Հետաքրքրական է նաեւ, որ, մասնավորապես, Ադրբեջանի ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության ներկայացուցիչ Ասիմ Մոլլազադեի խոսքերով, Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումն անարդար ու անհեռանկարային է: Եվ սա միակ դեպքը չէ, երբ ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը փորձում են հակադրվել ոչ թե մոտեցմամբ, թե իբր նման բան չի եղել, այլ, որ այս կամ այն պետության հետ կվատանան հարաբերությունները: Թուրքիայի պարագայում այսօրինակ շանտաժը սովորական երեւույթ է ու թերեւս վկայություն, որ ցեղասպանության ճանաչման բանաձեւի դեմ օգտագործվում են բոլոր հնարավոր միջոցները:

Մոլլազադեն առաջարկել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը կոորդինացնեն իրենց քայլերն արտաքին գերատեսչությունների եւ այլ մակարդակներում: Մոլլազադեն, որ այլ ադրբեջանա-ամերիկյան համագործակցության մասին խոսելիս բնավ էլ չի նշում ամերիկյան կառավարության թերացումների մասին, հանկարծ հիշել է, թե ԱՄՆ վարկանիշն աշխարհում մի երեւելի բարձրության վրա չէ:

Չնայած հայտարարություններին ու պահանջներին, թե Ադրբեջանն «իր խոսքը պիտի ասի ԱՄՆ-ին», Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օկթայ Ասադովը առաջարկել է չշտապել եզրահանգումների առումով: Սա, սակայն, ողջամտության կամ իրապես տեղի ունեցողը ճիշտ գնահատելու մոտեցման վկայություն չէ, այլ զուտ մարտավարական դիրքորոշում այն բացատրությամբ, թե հանձնաժողովի որոշումից ԱՄՆ-ն այն կողմ չի անցնի: Այս հույսով էլ Միլի մեջլիսի նախագահը առաջարկել է իր ադրբեջանցի ու թուրք գործընկերներին «համագործակցել կոնգրեսականների հետ»:

Դրա փոխարեն ադրբեջանական «քաղաքական վերլուծական» միտքը, որ ավելի շուտ երկրի «թագավոր» Ալիեւ կրտսերին հաճոյանալու փորձերի մեջ է հմտացել, քաղաքական մեքենայություններ է որակել մարտի 4-ի քվեարկությունը: Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն այս տեսակետին միացնում է թյուրքական աշխարհի կողմից պատմության այն անհեթեթ կեղծարարությունները, թե հայերն իրենք են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դուրս եկել օսմանյան պետության դեմ:

Ադրբեջանցի պատգամավոր, ԵԽԽՎ-ում այդ երկրի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւան էլ մտածում է, թե թյուրքական պետությունների խորհրդարանները բոլորը պետք է բողոքեն այս որոշման դեմ: Ընդ որում, Փաշաեւայի խոսքերով, այս քվեարկությունը ոչ թե սխալ է, ասենք, պատմության առումով, այլ ամենից առաջ «անհարգալից վերաբերմունք է առաջին հերթին Թուրքիայի, ապա նաեւ բոլոր թյուրքալեզու երկրների հանդեպ»:

Քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն էլ հույս ունի, թե ԱՄՆ Կոնգրեսը չի ընդունի բանաձեւը: Մուսաբեկովը նշել է, թե «հայկական ձեռքերից են կերակրվում որոշ օրենսդիրներ ԱՄՆ-ում», մոռանալով գոնե հիշատակել, թե նավթային շահերն ու ռազմական ԱՄՆ-Թուրքիա համագործակցությունը որքան է թելադրող եղել` ընդդեմ պատմական արդարության:

  Ռասիմ Ագաեւ քաղաքագետն էլ իր մտավարժանքներում ավելի տրամաբանված ոչինչ չի ասել, նշելով, թե «ժողովրդավարության ամերիկյան դերակատարությունը երբեմն էլ երեսպաշտ է լինում»: Ագաեւը մոռացել է նշել, որ քաղաքականության ու ընդհանրապես որեւէ հարցում ավելի երեսպաշտ, բազմերես, քան Թուրքիան, դեռեւս ոչ մի պետություն չի ներկայացել:

Կոնգրեսականների որոշումն ավելի բարձր մակարդակով չընդունվելու վստահություն է արտահայտել փորձագետ Թոֆիկ Աբբասովը : Իսկ որ հայ-թուրքական արձանագրությունների ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործըթնացը «մտել է փակուղի» կամ «կդադարեցվի ընդմիշտ», հույս չէ, այլ երկար սպասված, բայց գրեթե իրականացած կանխատեսումՙ ադրբեջանցի քաղաքագետներից շատերի համար:

Այս ամենի ֆոնին ադրբեջանական լրահոսի երեկվա թողարկումներում հետաքրքրական հաջորդականությամբ կամաց-կամաց ավելանում էին այնպիսի հրապարակումները, որոնցում կրկին խոսվում էր ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման հավանականության մասին: Հասկանալի է, որ սա էլ իր տեսակով փորձ է որոշ մեսիջներ ուղարկելու ինչպես Թուրքիային, այնպես էլ ԱՄՆ-ին ու Հայաստանին, սակայն այս ամենով հանդերձ ընդգծված հակաամերիկյան ոչ մի արտահայտություն չի արվել ադրբեջանական գերատեսչական մակարդակներում:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4