Հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղարը
«Թուրքիային ճնշողը չի ճանաչում Թուրքիային», արտգործնախարար Դավութօղլուն այս խոսքերն ասաց մարտի 4-ին հայկական բանաձեւի քննարկման կապակցությամբ: Սակայն հենց Թուրքիային ճնշելու համար էլ, թերեւս, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ընդունեց բանաձեւ, համենայն դեպս այդ մասին վարչապետ Էրդողանը դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին զգուշացվել էր անձամբ Օբամայից: Ավելին, Դավութօղլուի այս հայտարարությունից եւ մարտի 4-ի քննարկումների ժամանակ պետքարտուղար Քլինթոնի «որոշ պահանջներից» հետո հանդես է եկել Սպիտակ տան մամլո խոսնակ Ռոբերտ Գիբսը : Նա հիշեցրել է, որ նախագահ Օբաման Թուրքիա կատարած այցի ընթացքում ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար. «Երկու երկրներն էլ հայտարարել են իրենց մտադրության մասին` բարելավելու հարաբերությունները: Ես կարծում եմ, նախագահ Օբաման համարում է, որ արձանագրությունները` Մեջլիսում վավերացնելուց հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորումն ավելի կհեշտանա: Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք կխոչընդոտի այս բանաձեւի ընդունումը հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, ապա նշեմ, որ Ամերիկայի բոլոր ջանքերն ուղղված են առաջընթաց ապահովելու տվյալ հարցում, որը 100 տարի է, ինչ բաժանում է երկու երկրներին», ասել է Սպիտակ տան խոսնակը: Գիբսը հրաժարվել է մեկնաբանել պետքարտուղար Քլինթոնի կոչը Կոնգրեսի հանձնաժողովին` դադարեցնել հայկական բանաձեւի քննարկումը. «Այդ հարցն ուղղեք պետքարտուղարությանը», եզրափակել է Գիբսը:
Հ. Ա.