Կարեն Վարդանյան. «Հարկ է, որ հաջորդի զարգացմանը նպաստող մեխանիզմների ստեղծումը»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով 2009 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) միջեւ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը 6 ամիսների ընթացքում պետք է կարողանար վեր հանել տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խնդիրներն ու առաջարկեր դրանց լուծման ուղիները: Մինչ այսօր արձանագրված արդյունքների մասին զրուցեցինք ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ:
- Ի՞նչը հիմք հանդիսացավ նման աշխատանքային խումբ ստեղծելու համա:
- Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) Հայաստանի կառավարությունը որպես տնտեսության գերակա ուղղություն է դիտարկում, սակայն ոլորտը լրջագույն խոչընդոտների է հանդիպում մաքսային եւ հարկային ընթացակարգերում, որոնցից էլ բխում է նաեւ վստահության ձեւավորման անհրաժեշտությունը: Իսկ աշխատանքային խմբի ստեղծումն ու հետեւած համագործակցությունը դարձան դրանց լուծման արդյունավետ միջոց:
- Մինչ այսօր բացահայտված խնդիրներն ի՞նչ ուղղվածության են:
- Նորույթ չէ, որ ՏՏ ապրանքատեսակների արագ զարգացումը բերում է նաեւ կարճ ժամանակում դրանց գնի անկման: Ինչը, բնականաբար, չի կարող մաքսազերծման ժամանակ կողմնորոշիչ գնի կիրառումը արդյունավետ համարելու հիմք թողնել: Այսինքն, եթե մաքսազերծումը մաքսային օրենքի 87-րդ հոդվածով չի իրականացվում, ապա կատարվում է շուկայական կողմնորոշիչ գների կիրառմամբ: Իսկ դրանց թարմացումն ուղիղ համեմատական չէ ՏՏ ապրանքների գների անկմանը: Ինչը նշանակում է, որ մաքսազերծումը կատարվում է հինՙ բարձր գներով, եւ այդ դեպքում շատ ընկերություններ ֆինանսական վնասներ են կրում: Ընկերությունների ներկայացրած կոդերն ուսումնասիրվում են ՊԵԿ-ում, եւ արդյունքների հիման վրա թարմացվում է կողմնորոշիչ գների բազան: Հույս ունեմ, որ ՏՏ ընկերություններն առավել ակտիվություն կցուցաբերեն կոդերի տրամադրման հարցում, իսկ որպես կատարված աշխատանքի արդյունք, կարող եմ նշել, որ վերջին շրջանում ավելի ու ավելի շատ ընկերություններ են սկսել մաքսազերծումն իրականացնել 87-րդ հոդվածով: Վերջինն էլ ապացույց է համագործակցության արդյունավետության եւ փոխադարձ վստահության, որը, սակայն, դեռեւս ցանկալի մակարդակում չէ: ՏՏ ընկերությունների առավել մեծ վստահությունը կբերի ավելի մեծ արդյունքների:
- Ներկայացվածը հազիվ թե լինի ՊԵԿ-ԻՏՁՄ աշխատանքային խմբի գործունեության միակ արդյունքը:
- Իհարկե, ոչ: Հաջորդ խնդիրը, որ քննարկվել է աշխատանքային խմբում եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում, վերաբերում է կրթական եւ գիտահետազոտական ներդրումներին: Հարցը հետեւյալն էՙ շահութահարկի օրենքով կրթական ներդրումների չափը չի կարող գերազանցել հասույթի 0,25 տոկոսը, սակայն ԻՏՁՄ-ն առաջարկել է այդ շեմը բարձրացնել նվազագույնը չորս անգամ: ՏՀՏ ընկերություններում պարբերաբար մեծ թվով համակարգչային տեխնիկա է կուտակվում: Ինչի պատճառը նվիրատվության մեխանիզմների բացակայությունն է: Եվ ՊԵԿ-ը հուշեց ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի միջոցով լուծել հարցը: Այժմ պատրաստվում է ուղեցույց դպրոցների համար, որոնց միջոցով կրթական հաստատությունները կկարողանան տեղեկանալ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի հանձնաժողովին դիմելու եւ ՏՀՏ ընկերություններից օգնություն ստանալու կարգին: Բացի այդ, ներկայումս գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական ծախսերը եւս հաշվեգրվում են, եթե համապատասխանում են կառավարության 2002 թվականի ընդունված որոշմանը: Սակայն այդ որոշումը բավականին հնացել է եւ չի ներառում ինովացիոն գործունեությունը: Ուստի ԻՏՁՄ-ն առաջարկել է աշխատանքային խմբին, ինչպես նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարինՙ թարմացնել այդ որոշումը:
- Այսքանով սահմանափակվո՞ւմ են աշխատանքային խմբի ՏՏ ոլորտի զարգացմանը խոչընդոտող բացահայտած խնդիրները:
- Ցավոք, ոչ: Երկակի նշանակության ապրանքների մաքսային ձեւակերպումն էլ բարդություններ է ներառում: Նախ ասեմ, որ երկակի նշանակության ապրանքներ եւ տեխնոլոգիաներ են համարվում որոշ նյութեր, սարքավորումներ, գիտատեխնիկական տեղեկատվություն, ծառայություններ, մտավոր սեփականության օբյեկտներ, որոնք կիրառելի են քաղաքացիական նպատակների համար, սակայն կարող են օգտագործվել նաեւ զանգվածային ոչնչացման զենքի եւ դրա փոխադրման միջոցների ստեղծման համար: Ներկայումս երկակի նշանակության ապրանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Երկակի նշանակության ապրանքների արտահանման գործընթացները վերահսկող միջազգային բոլոր պայմանագրերը Հայաստանը վավերացրել է: Աշխատանքային խումբը մեծ աշխատանք է կատարել, ուսումնասիրվել են բոլոր խնդիրները, ՏՏ ոլորտի ընկերություններին առաջարկել ենք նախապես ներկայացնել այն ապրանքների ցանկը, որոնք մեկ տարվա ընթացքում պետք է ներմուծեն կամ արտահանեն: Տվյալներն այդ նախապես կներկայացվեն փորձագիտական կենտրոնՙ այդ ապրանքների արտահանումն ամեն անգամ խոչընդոտելու պրակտիկան բացառելու նպատակով: Առաջարկել ենք նաեւ օրենսդրական փոփոխություններ, սակայն մինչ դրանց ընդունումը փորձում ենք իրավիճակային լուծումներ տալ: Արդեն իսկ արդյունքներ գրանցվել ենՙ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՏՏ ոլորտի համար ոչ բարենպաստ օրենքի նախագիծ էր շրջանառության մեջ դրել: Համաձայն այդ նախաձեռնությանՙ ՏՏ պետք է համարվեին երկակի նշանակության: Սակայն ԻՏՁՄ ճնշման արդյունքում հաջողվեց ավելի կշռադատված նախագծի մշակումը կարեւորել եւ ներկայումս այն լրամշակման փուլում է: Կրկին երկակի նշանակության ապրանքներին առնչվող խնդիրներից է երաշխիքային սպասարկման հարցը: Չափազանց դժվար է որեւէ անսարք մասի արտահանումը տվյալ սարքն արտադրող երկիր` փոխանակման նպատակով: Հարկ է մատակարարի պահանջն ունենալՙ փոփոխված մասի ստացման օրվանից 15-օրյա ժամկետում: Իսկ եթե պատկանում է երկակի նշանակության ապրանքների դասին եւ մաքսային մարմինների կողմից էլ փոխանակումը դիտվում է որպես արտահանում, ապա նշված ժամկետում այդ գործընթացն իրականացնելը դառնում է անհնար: Արդյունքում` ընկերությունները փոփոխման համար վճարում են, մինչդեռ կարող էին այն ստանալ տվյալ մասը լիովին անվճար: Այլ կարգով աշխատելու համար պատրաստում ենք երաշխիքային սպասարկման խնդրի պարզեցում ենթադրող օրինագիծ:
- Նշված խնդիրների հիմնավոր լուծման համար, ըստ Ձեզ, որքա՞ն ժամանակ կպահանջվի:
- Նկատի առնելով համագործակցության արդյունավետությունն ու ընթացքը, կարող եմ ասել, որ հիմնավոր լուծումներն իրականություն կդառնան մի քանի ամիսների ընթացքում: Սակայն ներկայումս լուծում ենք ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրներ, որոնց հարկ է, որ հաջորդեն զարգացմանը նպաստող հարցերի լուծումներ:
Զրուցեց ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ