«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2010-03-04 | #39, 2010-03-05 | #40, 2010-03-06


ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը, Հովարդ Բերմանի ղեկավարությամբ, 22 դեմ եւ 23 կողմ ձայների հարաբերությամբ ընդունեց 252-րդ բանաձեւը, որով 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որակվում են Ցեղասպանություն: Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունը ողջունում եւ իր գոհունակությունն է հայտնում ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի ստորին պալատի հանձնաժողովի կողմից նման պատմական որոշման ընդունման կապակցությամբ: Կուսակցությունը իր շնորհակալական խոսքն է նաեւ հղում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներ Ադամ Շիֆին, Ջորջ Ռադանովիչին, Ֆրենկ Փալոնին եւ Մարկ Քըրքին , ովքեր ազնվորեն եւ հավատարիմ իրենց խոսքին պաշտպանում են հայկական հարցը եւ ում ջանքերով կազմվեց եւ արտաքին հարցերի հանձնաժողովին ներկայացվեց տվյալ բանաձեւը: Միաժամանակ Արմենական-ՌԱԿ-ը հիշեցնում է, որ նույն այդ հանաձնաժողովը 2007-ին մեկ այլ դեմոկրատ` Թոմաս Լանթսոնի ղեկավարությամբ արդեն ընդունել էր նմանօրինակ` համար 106-րդ բանաձեւը, որը սակայն հետագայում չմտավ Ներկայացուցիչների պալատի օրակարգ:

Արմենական-ՌԱԿ-ը մտահոգված է, որ Հայկական ցեղասպանության ճանաչման խնդիրը կարող է հերթական անգամ պետությունների միջեւ հարաբերությունների պարզաբանման խաղաքարտ դառնալ, եւ Վաշինգտոնը Անկարայից հերթական զիջումները կորզելուց հետո կմոռանա հարցի մասին: Կոչ ենք անում համայն հայությանը հետեւողական լինել եւ շարունակել պայքարը Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4