«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2010-03-04 | #39, 2010-03-05 | #40, 2010-03-06


«ՍՓՅՈՒՌՔԸ ԽԱՆԴԱՎԱՌՎԱԾ Է»

Հայտարարում է ԱՀՀ հայաստանյան գրասենյակի նոր տնօրենը

Մարտի 1-ից Ամերիկայի հայկական համագումարի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Արմինա Դարբինյանը : Նա ծնվել է Հայաստանում, մասնագիտությամբ լեզվաբան է, այնուհետեւ կրթությունը շարունակել է Մոսկվայում: Երկար տարիներ ապրել է Ռուսաստանում:

Մի քանի տարի ապրել է արաբական երկրներում, աշխատել դիվանագիտական կորպուսում: 1997-ին վերադարձել է Հայաստան: Այժմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդականն է, միաժամանակ ներկայացնում է հիմնադրամի ծրագրերը կառավարություն:

2004-ից Եվրոպայի խորհրդում համարվում է փորձագետ կոնֆլիկտների հարցում:

«Ազգի» հետ զրույցում նա անդրադարձավ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության 252-րդ բանաձեւի ընդունմանը:

«Միանշանակ հաղթանակ է, մեծ բարոյական հաղթանակ, որին հասել ենք մի խումբ կազմակերպությունների երկարատեւ գործունեության շնորհիվ: Ամերիկայի հայկական համագումարը մեծ ջանքեր է ներդրել այս գործընթացում, սերտորեն համագործակցել բազմաթիվ կազմակերպությունների հետ: Սա եւս մեկ անգամ ապացուցեց, որ ազգի համար վճռորոշ հարցերում կարող ենք միահամուռ ուժով, մեկ բռունցքով հանդես գալ: Հաղթանակի ապացույցը հազարավոր շնորհավորանքներն են գրեթե ողջ աշխարհից: Սփյուռքահայությունը խանդավառված է: ճշմարտությունը հաղթեց»:

Կոնգրեսում բանաձեւի դժվարությամբ ընդունվելը Դարբինյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ինչ-որ կերպ արտացոլվեց քննարկման ժամանակ: «Բայց դեմ քվեարկողների ելույթներից երեւում էր, որ ոչ թե ժխտում են, այլ չեն ուզում, որ խոչընդոտեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մեզ համար դրական ազդակ կա, կապված, թե ինչ տեսանկյունից ես նայում այս գործընթացին», ասաց նա:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4