Դիլիջան քաղաքը ֆինանսական կենտրոն դարձնելու, տարածաշրջանում բանկային համակարգը զարգացնելու ուղղությամբ բանկերի նոր մասնաճյուղեր են բացվում Տավուշի մարզում: Այս անգամ հերթն «Ամերիաբանկինն» է: Դիլիջանում երեկ բացվեց «Ամերիաբանկի» «Դիլիջան» մասնաճյուղը:
Իր տեխնիկական հագեցվածությամբ եւ արդիական չափանիշներին համապատասխանող այս նոր մասնաճյուղը չի տարբերվում մայրաքաղաքի գրասենյակից: «Սա 4-րդ մասնաճյուղն է մեզ մոտ: Այս մասնաճյուղի նպատակն է խթանել տարածաշրջանում բանկային եւ բիզնես ուղղությունները: Մեր ներդրումները կկատարենք Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու համար», նշեց «Ամերիաբանկի» մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վազրիկ Սեկոյանը :
«Ամերիաբանկ» ընկերության տնօրենությունը իր հերթին նշում է, որ Տավուշի մարզի զարգացման համար Դիլիջան քաղաքը առաջնորդողներից մեկն է դարձել: «Ամերիաբանկն» այս գարնանը Դիլիջանում կսկսի միջազգային բիզնես-դպրոցի շինարարությունը, որը նախաձեռնել է ռուսաստանաբնակ գործարար, «Տրոյկա Դիալոգի» հիմնադիր Ռուբեն Վարդանյանը : Ըստ գործարարի, այս նախաձեռնությունը հնարավորություն կտա կապելու Հայաստանը սփյուռքի հայերի եւ օտարազգիների հետ. «Դպրոցի շինարարության ավարտը նախատեսվում է 2013-ին: Բիզնես դպրոց-ինտերնատում սովորելու հանրավորություն կունենան 13-18 տարեկան պատանիներ աշխարհի բոլոր երկրներից` անկախ ազգությունից: Կրթարանի շրջանավարտները հնարավորություն կունենան ընդունվելու աշխարհի լավագույն համալսարանները: Դպրոց կառուցելն ավելին է, քան միայն շենք կանգնեցնելը: Կարեւոր է, թե ինչպիսին կլինի ղեկավար անձնակազմը, ծրագրերը»:
«Եվս երեք բանկ արդեն հայտ են ներկայացրել Տավուշում բացվելու համար: Հուսով եմ այս քաղաքը ձեռք կբերի միջազգային կենտրոն դառնալու բոլոր հնարավորությունները», նշեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը :
«Ամերիաբանկը» շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցությունն աշխատավարձային նախագծերի շրջանակներում եւ ընդլայնում է նաեւ բանկոմատների ցանցը: Փետրվարին շահագործման հանձնվեց բանկոմատ Դիլիջանում:
Բանկը նախատեսում է 2010-ին ոչ միայն ավելացնել բանկոմատների թվաքանակը, այլեւ ընդլայնել բանկոմատների աշխարհագրությունը:
Ն. Մ