Գրեթե հինգ տարի է, ինչ Երեւանի երիտասարդական փորձարարական պետական թատրոնը (նախկին Փոսի թատրոն) վարձակալական հիմունքներով «ապրում» եւ ստեղծագործում է Գրողների միության շենքում: Անցյալ տարի թատրոնի տնօրեն դարձավ Արթուր Նալբանդյանը: Այս տարի հունվար ամսին պարոն Նալբանդյանի նախաձեռնությամբ թատրոնը տեղափոխվել է «Գոյ» թատրոնի շենք:
«Մինչ այստեղ տեղափոխվելը, ունեցել եմ մի շարք հանդիպումներ տարբեր թատրոնների ղեկավարների հետ: Երկար ժամանակ համապատասխան շենք ենք փնտրել: Ինձ համար կարեւոր չի եղել, թե որտեղ կտեղափոխվենք: Այնպես ստացվեց, որ Գեղարվեստական խորհրդի հետ հանդիպելուց հետո, խորհուրդը որոշում կայացրեց. քանի որ մեր` Երիտասարդական փորձարարական թատրոնն ունի պետական ստատուս, չունի թատրոնին անհրաժեշտ սարքավորումներ` բեմ, դահլիճ եւ այլն, իսկ «Գոյ» թատրոնը ունի այդ ամենը, բայց չունի պետական ստատուս, այդ պատճառով էլ Գեղխորհրդի նախաձեռնությամբ որոշեցինք, որ ամենահարմարը «Գոյի» հետ միավորվելն է: Որոշումը ընդունվել է եւ ներկայացվել է կառավարությանը: Այժմ սպասում ենք կառավարության որոշմանը, եւ ես շատ եմ ուզում, որ այս երկու թատրոնները միավորվեն: Հակառակ դեպքում, ես պարզապես չեմ աշխատի այս թատրոնում», ասում է պարոն Նալբանդյանը:
Իմ այն հարցին, թե բացի համապատասխան սարքավորումներից, էլ ինչ կտա թատրոնին միավորումը, պարոն Նալբանդյանը պատասխանեց. «Այն որ շենքի վարձավճար այլեւս չենք տալու, դա արդեն թատրոնի համար մեծ առաջընթաց է: Մեր թատրոնը չունի իր շենքը: Մինչ այժմ գտնվում էինք Գրողների միության շենքում, նույն հաջողությամբ կարող էինք գտնվել մեկ ուրիշ տեղ, որտեղ մեզնից ավելի քիչ վարձավճար կուզեին: Մենք կոնկրետ տեղ չունենք, մենք վարձով ապրող հիմնարկ ենք` թատրոն, որը փոքր սենյակի համար բավականին մեծ գումար էր վճարում: Իսկ երբ վերանորոգվեց Գրողների միության դահլիճը, արդեն չէինք կարող նույնիսկ ներկայացումներ խաղալ, քանի որ չկար ետնաբեմ, վարագույներ եւ այլն: Մեծ խնդիր էր այդ գումարը վճարելը, որտե՞ղից պետք է վճարեինք, ներկայացում որտե՞ղ պետք է խաղայինք: Ամեն օր մի թատրոնում ներկայացում ունենալով թատրոն չեն պահում. առանձին այդ թատրոնին գումար ես տալիս, դերասաններին ելույթավճար, այլեւս գումար չի մնում վարձ տալու համար: Քանի որ այսօր կա նաեւ միավորվելու միտում, ու այստեղ կան սենյակներ, բեմ, դահլիճ, իհարկե, պետք է տեղափոխվեինք»:
Այսօր թատրոնում շատ արագ տեմպերով վերանորոգում է կատարվում, ինչի համար թատրոնի տնօրենը նույնպես շատ ուրախ է: Միավորվելու դեպքում, փաստորեն թատրոնում կլինեն նույն պաշտոնի մի քանի աշխատակիցներ: Իմ զրուցակցից փորձեցի ճշտել նաեւ, թե ինչպես է որոշվելու աշխատակիցների հարցը այդ դեպքում.
«Միավորվելու դեպքում, իհարկե, շատ աշխատողներ դուրս կմնան: Մինչեւ տեղափոխվելը արդեն մի քանիսը ազատվել են, նրանց պայմանագրային ժամկետը լրացել էր: Միավորվելուց հետո, պետության կողմից հատկացվող գումարի չափը չի փոխվում կամ ավելանում: Ի դեպ, մեր թատրոնում շատ հետաքրքրական է բաշխված աշխատակիցների հարցերը. մեր թատրոնն ունի 5 դերասան, 21 տեխնիկական աշխատակից. աշխարհի ոչ մի երկրում նման բան չկա, դերասանները պետք է ավելի շատ լինեն. եթե գումարը տրամադրվում է 25 հաստիքային աշխատողի համար, տեխնիկական աշխատակիցներից շատերը այլեւս չեն աշխատի, դրանց փոխարեն կլինեն դերասաններ: Թատրոնի դեմքը պահում են դերասանները, ինչքան էլ հաշվապահը լավ աշխատի, միեւնույն է դերասանն է պահում թատրոնի դեմքը: Շատերը թատրոն են գալիս միայն աշխատավարձ ստանալու համար: Ես շատ վատ եմ զգում, որ պետք է ազատեմ նրանց աշխատանքից, բայց նրանք էլ թող վատ չզգան, եւ հիշեն, որ տարիներ շարունակ առանց որեւէ բանի աշխատավարձ են ստացել: Մարդիկ կան, որոնք իսկապես աշխատել են, եւ նրանք անպայման կմնան: Այն ներկայացումները, որոնք արել են Թատերականի ուսանողները, մենք այդ ներկայացումներով մարզերում հյուրախաղեր ենք ունեցել եւ թատրոնի համար գումար ենք աշխատել. նման մարդկանց բնականաբար չենք կարող անտեսել»:
Այնուհետեւ պարոն Նալբանդյանն ավելացրեց, որ դերասանները, եւ ընդհանրապես թատրոնի անձնակազմը ամեն ինչով պետք է աջակցի թատրոնի կայացմանը եւ հիշեց, որ 1977 թվականին, երբ ինքը ընդունվեց Սունդուկյան թատրոն, ձմռանը մյուս դերասանների հետ ներկայացումից առաջ դուրս էին գալիս, մուտքի մոտ մաքրում էին սանդուղքները ձյան կուտակումներից, որպեսզի հանդիսատեսը չսայթաքի: Առաջիկա պլանների մասին խոսելիս իմ զրուցակիցը նշեց. «Ծրագրում ենք այս օրերին մեր գովազդային վահանակներով սկսենք նոր եթերաշրջանը, ինչպես դա անում են մյուս թատրոնները: Այսինքն` կարողանանք ասել, որ բացում ենք թատերաշրջան: Այս դեպքում կխաղանք այս բեմում, եւ ամենակարեւորը դրա համար գումար չենք վճարի: Եթե լինի մավորումը, կունենանք շենք, համապատասխան սարքավորումներ, եւ բացի դրանից, «Գոյ» թատրոնում այսօր կան շատ լավ դերասաններ, ովքեր զբաղված են տարբեր ֆիլմերում, հեռուստասերիալներում, եւ վաղը, որ այդ նույն դերասանը զբաղված լինի որեւէ ներկայացման մեջ, արդեն իսկ թատրոնը կշահի: Նախկինում յուրաքանչյուր թատրոն ուներ իր հանդիսատեսը, այդ թվում նաեւ Փոսի թատրոնը: Այսօր Փոսի թատրոնը որպես այդպիսին գոյություն չունի: Այսօր այստեղ, վաղը` մեկ այլ տեղ: Եթե այնպես շարունակվի, ինչպես պլանավորել ենք, Փոսի թատրոնը նորից կունենա իր հանդիսատեսը: Իսկ եթե մնայինք վարձովի կարգավիճակում, թատրոնը պարզապես կկործանվեր, արդեն կործանվում էր, ամեն օր մի տեղ ներկայացում խաղալով թատրոն չեն պահում: Շատ եմ ցանկանում, որ թատրոնը ունենա իր նախկին համբավը եւ պահպանի երիտասարդական-փորձարարական անունը: Թատրոնը պետք է ազատված լինի խնդիրներից, որպեսզի կարողանա ստեղծագործել»:
Իսկ այնուհետեւ ավելացրեց, որ հյուրախաղերով հանդես կգան ԱՊՀ-ում, արտասահմանում, նաեւ Հայաստանի մարզերում: Կլինեն ներկայացումներ երեխաների համար: Ամեն տարի երեխաները սպասում են ամանորյա ներկայացումների: Այս տարի նման ներկայացում չունեցան հենց դահլիճի բացակայության պատճառով: Կկազմվի կոնկրետ խաղացանկ եւ կներկայացվի հանդիսատեսին:
ԱՐԵՎԻԿ ԻՍԱՋԱՆՅԱՆ