«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2010-03-04 | #39, 2010-03-05 | #40, 2010-03-06


ՀԻԱՑՄՈՒՆՔ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ

Չորս տարի առաջ, նախորդ ձմեռային օլիմպիադայից անմիջապես հետո, «Ձմեռային օլիմպիադայի հայ հերոսները» վերնագրով մի հոդված էի գրել, որտեղ հիացած գովաբանում էի Հ-1-ին եւ հատկապես նրա սպորտային մեկնաբաններին, որոնք ամբողջությամբ եւ բարձր մակարդակով ներկայացրին մրցումները:

Ինձ առանձնապես հիացրել էր, որ մեկնաբանները գիտեին ձմեռային բոլոր մարզաձեւերի գաղտնիքները, կանոններն ու նրբությունները, ճանաչում էին բոլոր մասնակիցներին, նրանց ուժեղ ու թույլ կողմերը եւ, ամենագլխավորը, անկաշկանդ էին եւ հաղորդում էին միայն մաքուր հայերենով: Մենք նրանց եւ «Շանթ»-ի նախկին մեկնաբան Խաչիկ Չախոյանին ճանաչում էինք եւ հարգում որպես ֆուտբոլի հմուտ մեկնաբանների, բայց չգիտեինք, որ նրանք կարող էին փայլել նաեւ ձմեռային մարզաձեւերի մեկնաբանությամբ: Ճիշտ է, մենք ձմեռային օլիմպիադայում մեդալակիրներ չունեցանք (առավել եւս արժանի մասնակիցներ), բայց ունեցանք ձմեռային օլիմպիադայի հայ հերոսներ: «Կեցցեք, տղաներ: Շնորհակալություն ձեզ մեզ պարգեւած հարյուր ժամերի համար»: Այս բառերով էի ավարտում իմ վերը նշած հոդվածը:

Ցավոք, այս զգացմունքային խոսքերը չեմ կարող կրկնել այս օլիմպիադայի եւ Առաջին ալիքի վերաբերյալ: Այո, մենք գրեթե ոչինչ չտեսանք եւ ոչինչ չհասկացանք անցած 15 օրերում: Իսկ եթե տեսանք, ապա հիմնականում մի քանի րոպեանոց օրագրեր եւ գիշերը նկարահանած մեկ-երկու կիսատ-պռատ մրցումներ: Ճիշտ է, առկա էր ժամանակի մեծ տարբերությունը. խաղերը տեղի էին ունենում այն ժամանակ, երբ մեզ մոտ խորը գիշեր էր, բայց մի՞թե հնարավոր չէր այն խնամքով նկարահանել եւ մեզ ցերեկը ցուցադրել: Այն ավելի շատ արդյունքների հաշվետվություն էր, քան խաղերի ցուցադրում: Նրանով ապրելու եւ, ինչո՞ւ չէ, հիանալու հնարավորություն չկար, ինչից այս անգամ մենք զրկված էինք: Չէ՞ որ «Վիվասել»-ը ամեն ինչ արել էր, որ մեր հեռուստադիտողը հաճույք ստանար, կտրվեր առօրյա իրականությունից եւ հաճելի ժամանակ անցկացներ: Մինչդեռ...

Ո՞վ է տեսել կամ էլ լսել, որ սպորտային խաղերը, այն էլ գեղասահքի հաճելի եւ բարդ մրցումները մեկնաբանի սպորտի հետ ոչ մի կապ չունեցող ռադիոյի հաղորդավարը, բայց եւ հմուտ լեզվաբան Վարդգես Ավետիսյանի նման մարդը, որին թվում է, թե կիրթ հայերենը, կամ էլ խուճուճ բառերով մենախոսությունը բավական են սպորտային մեկնաբան աշխատելու համար: Օրինակ, մի մարզուհու հասցեին, որը պայքարում էր 4-րդ տեղը գրավելու համար, ասում էր. «Մտքի որեւէ ծալքում էլ երազանքի իրավունք չունի»: Հասկացա՞ք, թե ինչ է ուզում ասել: Ես չհասկացա: Միգուցե Ալիկ Հարությունյանի՞ց հարցնենք: Բայց մեր հեռուստաընկերությունների խոտաբիչյան ունակություններին վաղուց ենք ծանոթ, նրանք կարող են միջակությանը աստղ եւ միլիոնատեր դարձնել, ռաբիզ երգչին` լավագույն երգիչ, ցանկացածին` կոմպոզիտոր, դե իհարկե` Վարդգես Ավետիսյանին` սպորտային մեկնաբան: Իմիջիայլոց ասեմ, որ միակ սպորտաձեւը, որ շատից-քչից երկար ցուցադրեցին, դա գեղասահքն էր, որը հնարավոր չէր դիտել առանց նյարդայնանալու:

Ուշքի եկեք, պարոնայք, աշխատեք ձեզ հանձնած «Տհաճ եթեր» «մրցանակը» ձեր ուսերից թոթափել:

Եկեք գոնե սպորտում լինենք անշահախնդիր եւ անկեղծ:

ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4