«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2010-03-04 | #39, 2010-03-05 | #40, 2010-03-06


ՈՐՈՇՎԵՑԻՆ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԶՈՒՅԳԵՐԸ

Երեկ ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայում կայացավ 2010-ի Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Արդեն 2-րդ տարին է, ինչ մրցաշարին մասնակցում են միայն բարձրագույն խմբի 8 թիմերը:

Նախորդ առաջնության առաջին չորս տեղերը զբաղեցրած թիմերը նախապես բաշխվել էին գավաթի խաղարկության ցանկում: Երկրի չեմպիոն «Փյունիկը» եւ բրոնզե մրցանակակիր «Ուլիսը» գավաթի խաղարկության ցանկի ձախ կողմում էին, իսկ արծաթե մեդալակիր «Միկան» եւ 4-րդ տեղը զբաղեցրած «Բանանցն» ընդգրկվել էին աջ կողմում: Այնպես որ վիճակահանությունը կատարվեց մնացած չորս թիմերի միջեւ, որոնք պետք է լավագույն քառյակի ակումբների մրցակիցները դառնային:

Եվ այսպես, վիճակահանության արդյունքում կազմվեցին քառորդ եզրափակիչի հետեւյալ զույգերը. «Փյունիկ»-«Իմպուլս», «Գանձասար»-«Ուլիս», «Միկա»-«Կիլիկիա», «Շիրակ»-«Բանանց»: Թիմերը մրցելու են սեփական եւ մրցակցի հարկի տակ: Զույգերում առաջինը նշված թիմերն առաջին խաղում կլինեն դաշտի տեր: Գավաթի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան մարտի 23-24-ին, պատասխան խաղերըՙ ապրիլի 6-7-ին: Առայժմ պարզ չէ, թե որ զույգը որ օրն է խաղալու: Դա հայտնի կդառնա, երբ հստակեցվեն խաղերի անցկացման վայրերը:

Կիսաեզրափակիչում «Փյունիկ»-«Իմպուլս» զույգի հաղթողը կմրցի «Ուլիս»-«Գանձասար» զույգի հաղթողի հետ: Մյուս զույգը կկազմեն «Միկա»-«Կիլիկիա», «Շիրակ»-«Բանանց» հանդիպումների հաղթողները: Կիսաեզրափակիչ հանդիպումները տեղի կունենան ապրիլի 13-14-ին եւ 20-21-ին: Ավանդույթի համաձայն, գավաթի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում:

Անկասկած, քառորդ եզրափակիչ փուլում կենտրոնականը երկրի չեմպիոն եւ գավաթակիր «Փյունիկի» մրցավեճն է բարձրագույն խմբի նորեկ «Իմպուլսի» հետ: «Փյունիկը» կազմի զգալի կորուստներ է կրել, իսկ ահա «Իմպուլսը» համալրվել է փորձառու մի խումբ ֆուտբոլիստներով: Այնպես որ «Իմպուլսն» ի վիճակի է հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը: Համառ մրցակցություն է սպասվում «Ուլիս»-«Գանձասար» զույգի դիմակայությունում: Կարծում ենք, որ «Միկային» առանձնակի դժվարություն չի լինի պայքարից դուրս մղելու «Կիլիկիային»: «Բանանցն» էլ պետք է որ հաղթահարի «Շիրակի» արգելքը:

Առաջին խմբի խաղացանկը կազմելու համար վիճակահանությամբ մասնակից 9 թիմերը 1-9 համարները ստացան հետեւյալ հերթականությամբ. «Իմպուլս-2», «Միկա-2», «Շիրակ-2», «Գանձասար-2», «Փյունիկ-2», «Բանանց-2», «Փյունիկ-3», «Շենգավիթ», «Արարատ»: Առաջնությունը կմեկնարկի ապրիլի առաջին տասնօրյակին: Մրցաշարը կանցկացվի 3 շրջանով: Բարձրագույն խմբի թիմերում ֆուտբոլիստների հայտավորման վերջնաժամկետը մարտի 22-ն է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4