«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2010-03-04 | #39, 2010-03-05 | #40, 2010-03-06


ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ 550 ԴԵՊՔ 2009-ԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է

Երեկ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ) պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը եւ ներկայացրեց կոռուպցիայի եւ տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ տարվող աշխատանքները, որը ոստիկանության արդիական հիմնախնդիրներից մեկն է:ՀՀ-ում հաստատվել է քրեական օրենսգրքի թվով 31 այն հոդվածների ցանկը, որոնք համարվում են կոռուպցիոն հանցագործություններ ու նաեւ մշակվել է դրանց դեմ պայքարի հատուկ ծրագիր մինչեւ 2012 թվականը: Պրն Պողոսյանը նշեց, որ որոշակի առաջընթաց են արձանագրել այդ տիպի հանցագործությունների բացահայտման ու պայքարի ուղղությամբ թե՛ իրավապահները, թե՛ ոստիկանությունը: Եթե 2007-ին գրանցվել է 171 կոռուպցիոն բնույթի հանցագործություն, 2008-ինՙ 392, ապա 2009-ինՙ 550, որից 418 դեպքը կամ 76%-ը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության ուժերով:

550 դեպքերից 90-ը` յուրացման, 10-ը` առեւտրային կաշառքի, 159-ը` հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, 95-ը` պաշտոնեական կեղծիքի, 79-ը` պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ չարաշահելու, 56-ը` կաշառակերության, 52-ը` առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր են եւ այլն:2009-ին տնտեսական բնույթի հանցագործություններն էլ աճել են ու հասել 696 դեպքի, որից 136-ըՙ կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու, մաքսանենգության` 72, դրամանենգության 136 դեպք` նախորդ տարվա 80-ի դիմաց:

Այնուհետեւ պրն Պողոսյանը մանրամասնեց բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված կոռուպցիոն դեպքեր ու նշեց, որ դրանք գտնվում են դատարաններում եւ նաեւ ԿՀԴՊ-ի կողմից հսկողության տակ են: Ըստ նրա, վարչությունը լուրջ աշխատանքներ է տանում թմրանյութերի, թմրամիջոցների ներկրման շուրջը: Բացահայտվել են բազմաթիվ դեպքեր օտարերկրյա քաղաքացիների կողմից խոշոր քանակի թմրամիջոցներ մեր երկիր ներկրելու ուղղությամբ: Պրն Պողոսյանը նշեց, որ արվում է հնարավոր ամեն ինչ Հայաստանը թմրամիջոցների համար տարանցիկ երկիր չդարձնելու ուղղությամբ եւ այդ հարցում համագործակցում են մի շարք միջազգային կազմակերպությունների ու նաեւ ինտերպոլի հետ: Այսօր արդեն հնարավոր չէ թաքցնել կոռուպցիոն բնույթի դեպք, եթե այդ մասին տեղեկացնում են իրավապահներին: Իսկ նման հանցագործությունները կանխելու համար ոստիկանությունը հասարակության, լրատվամիջոցների աջակցության կարիքն ունի, նշեց պրն Պողոսյանը եւ տեղեկացրեց, որ յուրաքանչյուր հրապարակում մամուլում անհետեւանք չի մնում:

«Ազգի» հարցին պատասխանելով պրն Պողոսյանն ասաց, որ պետբյուջեին հասցրած վնասի ամբողջական չափը կարող է միայն նախաքննության մարմինը հայտնել: Այսուամենայնիվ, ըստ նախնական հաշվարկի, պետբյուջեն հասցրած վնասի չափը կազմել է 65 միլիոն 300 հազար դրամ, որից վերականգնվել է 37 միլիոն 100 դրամը: Իսկ հասարակական հնչեղություն ստացած դեպքերի մասինՙ բնապահպանության վարչություն, քրեակատարողկան հիմնարկ, Գավառի պոլիկլինիկայում, Նոր Նորքի համայնքի բաժնի պետի, կադաստրի պետի, Արմավիրի կադաստրի պետի, բանկի կառավարիչի եւ այլոց քր.գործերը ուղարկվել են դատարան ու դրանց մասին մանրամասները տեղադրվում են ոստիկանության կայքէջում եւ խորհուրդ տվեց հետեւել դրանց:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4