«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2010-03-05 | #40, 2010-03-06 | #41, 2010-03-10


Ո՞ՒՄ ԳԻՐԿՆ Է ՆԵՏՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Ռուսաստանյան լրատվամիջոցները լայնորեն լուսաբանեցին ԱՄՆ-ի Կոնգրեսում ցեղասպանության բանաձեւի նախնական քննարկման ընթացքն ու արդյունքները: Մեկնաբանությունների տոնը հայանպաստ էր կամ չեզոք, արտառոց ոչինչ չէր դիտվում, մանավանդ երբ հիշտակվում էր, որ Ռուսաստանն ինքը վաղուց ճանաչել է այդ փաստը եւ ռուս-թուրքական հարաբերությունները դրանից չեն տուժել:

Ուրիշ հարց է, որ վերոնշյալ իրադարձության կապակցությամբ այստեղ նկատառումներ են հայտնվում, թե թուրք-ամերիկյան հարաբերությունների բարդացումը Անկարային կդրդի ռազմավարական առումով ուժեղացնել Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականությունը: Եվ բանը սոսկ Թուրքիայի լիդերների հայտարարությունների մեջ չէ:

Վերջին երկու տասնամյակում այս երկու նախկին կայսրությունները մեծապես առաջ են գնացել երկկողմ բազմապլան հարաբերություններում: Ընդ որում, գլխավոր շարժիչ ուժը եղել է համագործակցությունը տնտեսական ու էներգետիկ բնագավառում, որոնց ծավալները տարեկան հասնում են մի քանի տասնյակ միլիարդ դոլարի եւ շարունակում են աճել:

Թուրքիան Ռուսաստանից ներմուծում է իր կողմից օգտագործվող գազի կեսից ավելին եւ նավթի մեկ քառորդը: Թուրքերի ուղղակի ներդրումները Ռուսաստանում կազմում են 6 միլիարդ դոլար, ռուսներինը Թուրքիայումՙ 4 միլիարդ: Մեծ է ուշադրությունը զբոսաշրջության նկատմամբ: Հունվարին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ երկու երկրների վարչապետների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ ապրանքաշրջանառությունը 1915 թվականին պետք է հատի 100 մլիլիարդ դոլարի սահմանագիծը:

Այսինքնՙ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ արդեն գոյություն ունի տնտեսական համագործակցության հզոր բազա: Եվ եթե, ինչպես ասվեց, ի պատասխան հայերի «ոտնձգությունների» Թուրքիան ինչ-որ ձեւով սառեցնի քաղաքական ու տնտեսական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, ապա Մոսկվան ընդառաջ կգնա իր հետ էլ ավելի մերձենալու Անկարայի «վերժխնդիր» նկրտումներին: Բացի այդ, նկատի ունենալով ռուս-հայկական հավասարակշիռ առնչությունները, ինչո՞ւ չակնկալել Երեւանի վրա Մոսկվայի ունեցած բարեհաճ ազդեցությունը:

Ինչպես գրել էր ռուսական թերթերից մեկը, հայտնի չէ, թե ամերիկյան Կոնգրեսը կվավերացնի՞ հայկական բանաձեւը, թե՞ ոչ: Բայց որ այդ հարցական ապագայի շնորհիվ Անկարան ու Մոսկվան ավելի «ջերմ» են դառնում իրար նկատմամբ, փաստ է:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4