ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն ականատես դարձած Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը երեկ ասուլիսի ժամանակ դիտարկում արեց, թե Հայաստանի պատվիրակության ներկայությունը Կոնգրեսում ապացույցն է, որ մեր երկիրն օրակարգում է պահում Ցեղասպանության ճանաչման հարցը: Թիվ 252 բանաձեւը դիտարկելով թուրք-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից, նա չբացառեց, որ այն բացասական ազդեցություն կարող է ունենալ այդ հարաբերությունների վրա: Ըստ Զաքարյանի` թիվ 252-ը մահակ է Թուրքիայի վրա, իսկ կդրվի լիագումար նիստում քննարկման, թե ոչ` կախված է լինելու Թուրքիայի հետագա պահվածքից. այս երկրի հետագա գործողություններն ամենատարբեր իրավիճակներ կարող են թելադրել: Պատվիրակության անդամ Կորյուն Նահապետյանն էլ, պատմելով բուռն քննարկումների մասին, նկատեց, թե Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահ Հովարդ Բերմանը չի կարողացել պատասխանել` լիագումար նիստում ե՞րբ կդրվի կամ ընդհանրապես կդրվի՞ թիվ 252 բանաձեւը: