Հայոց ցեղասպանության բրիտանական արծարծումներին մեր թերթը նախորդ համարներում անդրադարձել էր: Մասնավորապես Բրիտանիայի խորհրդարանի ստորին` Համայքների պալատի 254 պատգամավորներ հայտարարություն են հրապարակել, որով ճանաչվում եւ դատապարտվում է Հայոց ցեղասպանությունը: Հիշեցնենք նաեւ, որ Ուելսում, Շոտլանդիայում նույնպես ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր են ընդունվել: Ապրիլի 30-ին նույն Համայնքների պալատում տեղի կունենա ցեղասպանության հարցի երկրորդ քննարկումը, որը հաստատվելուց հետո կմտնի արդեն Բրիտանիայի խորհրդարանի բարձրագույն` Լորդերի պալատ, որտեղ, սակայն, Հայոց ցեղասպանությունը ճանաչել ցանկացողների թիվը բավական քիչ է: Այս կապակցությամբ Լորդերի պալատի անդամ լորդ Էրիկ Էյվբուրին , որը պալատի այն քիչ ներկայացուցիչներից է, որոնք կողմնակից են Հայկական հարցի արդարացի լուծմանը, հայտարարել է, որ խորհրդարանականներին խնդրի մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ են «համառոտ եւ ամփոփ փաստեր»: «Բրիտանական պառլամենտում գործում է «բրիտանա-հայկական պառլամենտական խումբը», որը, սակայն, փոքրաթիվ է: Առաջիկայում մեզ մոտ ընտրություններն են, իսկ Հայկական հարցի «առաջացումը» շատ լավ առիթ է նամակներ ուղարկելու թեկնածուներին եւ ճշտելու նրանց դիրքորոշումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ», նշել է լորդը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Դեյվիդ Միլլերը հայտարարել է, թե քանի դեռ Բրիտանիայի ու Թուրքիայի հարաբերությունները հիմնված են տնտեսական, ռազմական ու քաղաքական շահերի վրա, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Բրիտանիայում չի քննարկվի: Սակայն նույն շահերի վրա հիմնված թուրք-ամերիկյան հարաբերությունները, փաստորեն, չխանգարեցին Վաշինգտոնին ոչ միայն քննարկել, այլեւ հաստատել (թեկուզ հանձնաժողովի մակարդակով) ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Ի դեպ, Կոնգրեսի հանձնաժողովի մարտի 4-ի այդ որոշումը Միլլերը բավական բարձր է գնահատել. «Ես պարզապես հիացած եմ. Կոնգրեսը, տեղի չտալով ոչ Թուրքիայի, ոչ էլ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ճնշումներին, հաստատեց բանաձեւը: Թեեւ Հիլարի Քլինթոնը կարծում է , որ այն բացասականորեն կազդի հայ-թուրքական գործընթացների վրա, ես այդպես չեմ կարծում: Թուրքերն, անշուշտ, մեծ աղմուկ կբարձրացնեն, ինչպես միշտ: Դա եղավ նաեւ Ֆրանսիայի դեպքում, Անկարան հետ կանչեց իր դեսպանին Փարիզից, սկսեց բոյկոտել ֆրանսիական ապրանքները, սակայն այդ ամենը տեւեց մի քանի շաբաթ: Չեմ կարծում, որ թուրքերը համարձակություն կունենան խզելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ», հայտարարել է բրիտանացի դիվանագետը: Միլլերը, սակայն, այս ամենից հետո էլ կրկնել է, որ առաջիկայում հայկական հարցի քննարկումներ բրիտանական կառավարությունում կամ խորհրդարանում ինքը չի կանխատեսում:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ