Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին խնդրել է որպես միջնորդ հանդես գալ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում: Այդ մասին վրացական լեյբորիստների ղեկավար Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է վրացական թերթերից մեկին տված հարցազրույցում:
Ընդդիմադիր լեյբորիստի մատուցմամբ, վերջերս Սերժ Սարգսյանի Բաթում այցելության ընթացքում էլ քննարկվել է Հայաստանի միջնորդական հավանական առաքելությունը Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման համատեքստում: Նաթելաշվիլու ներկայացմամբՙ վերջերս Մոսկվայում է եղել նաեւ Վրաստանի նախագահի քեռին` Թեմուր Ալասանիան, որի փորձերըՙ կազմակերպելու Սաակաշվիլու համար հանդիպում Մոսկվայում, անհաջողության են մատնվել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ բանակցելու առնչությամբ դեմ չի արտահայտվում, միայն պայման դնելով այն, ինչ վերջերս կրկնեց նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը. Ռուսաստանը կխոսի Վրաստանի հետ, եթե երկիրը չներկայացնի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Ա. Հ.