2009 թվականին Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն արդյունավետ իրականացվել են: Սա արձանագրվել է միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի` մարտի 9-ի նիստում: Նիստը վարել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը :
Ամփոփելով կատարված աշխատանքը` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ գործողությունների ծրագրով իրականացվել են շուրջ 122 միջոցառումներ: Նա հատկապես կարեւորել է համագործակցությունը պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակում, արտակարգ իրավիճակների ոլորտում նախանշված ծրագրերն իրականացնելու համատեքստում: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այս տարի ՆԱՏՕ-ի հետ կանցկացվեն «Արմենիա 2010» համատեղ զորավարժություններն արտակարգ իրավիճակների ոլորտում, ուստի պետք է ավարտել քաղաքացիական պաշտպանության ազգային հայեցակարգի, ռազմական ուսումնական դոկտրինի մշակումը: Նախանշված բոլոր ծրագրեն արդյունավետ իրականացնելու դեպքում հնարավոր կլինի 2010 թվականի վերջին ՆԱՏՕ-ի հետ նոր ծրագրի մշակման ժամանակ ավելի բարձր նշաձողեր սահմանել եւ նախատեսված բարեփոխումներն առավել արդյունավետ իրականացնել:
Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկայացրել են գործողությունների ծրագրով 2009 թվականին արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարություններում, ազգային անվտանգության ծառայությունում եւ ոստիկանությունում կատարված աշխատանքները:
Նշվել է, որ ՆԱՏՕ-ի գնահատման խումբը Հայաստան կատարած այցի ընթացքում եւս դրական է գնահատել անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը:
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ