Գործընթացները, տարբեր, միմյանցից անջատ, բայց փոխկապակցված մի քանի ուղղություններով ընթանում են ու դրանց հատույթները եւ զուգահեռ ընթացքը բավականին բարդ իրավիճակ են ստեղծում: Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության բանաձեւի` Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկությունից արդեն մի կարճ ժամանակ անց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առումով հերթական հանդիպում էր տեղի ունենում Փարիզում:
Մարտի 5-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա իրադրությունն էր քննարկման առարկաՙ Փարիզ մեկնած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը: Մամեդյարովը, ըստ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության, տեղեկացրել է, թե պաշտոնական Բաքուն «որոշակի բացառություններով» կընդունի մադրիդյան սկզբունքների փաստաթղթի նորացված տարբերակը եւ «մտադիր է, դրանց վրա աշխատելով, հստակեցնել հակամարտության լուծման հիմնական ուղղությունները»:
Այս հանդիպման հաջորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որ տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում: Դրա համաձայն, համանախագահները Մամեդյարովի հետ հանդիպմանը գնահատել են բանակցային ներկա իրավիճակն ու քննարկել հայկական եւ ադրբեջանական կողմերի ներկայացրած առաջարկությունները նորացված փաստաթղթի առնչությամբ:
Ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս հայտարարությունն առաջին հավաստումն է, որ Հայաստանը եւս ներկայացրել է նորացված փաստաթղթի առնչությամբ իր առաջարկությունները:
Հայտարարության մեջ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են հանդիպել նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ այս ամիս նմանօրինակ քննարկման համար, մինչ կրկին կայցելեն տարածաշրջան:
Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, սակայն, որ հենց մոտ օրերս Հայաստանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում տեղի չունենա: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուղեկցում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որն արդեն երեկ մեկնեց Փարիզ եռօրյա այցով: Այդ այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը չի հանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ: Մինչ Փարիզ մեկնելըՙ Նալբանդյանը մարտի 8-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ու, ի թիվս այլ հարցերի, սակայն առանց որեւէ մանրամասնություն հայտնի դարձնելու, քննարկել է ղարաբաղյան հարցը:
Հայաստանի նախագահը կհանդիպի Ֆրանսիայի նախագահի, Սենատի նախագահի ու այլ բարձրաստիճան անձանց հետ, կքննարկվեն հայ-ֆրանսիական, հայ-թուրքական հարաբերություններին ու ղարաբաղյան հարցին առնչվող խնդիրներ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ