«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2010-03-05 | #40, 2010-03-06 | #41, 2010-03-10


ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ` ՆՆՋՈՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Գրող եւ լրագրող Թոմաս դե Վաալը համարվում է փորձագետ կովկասյան հակամարտությունների գծով: Նա առաջիններից էր, որ ուսումնասիրեց ու անգլերեն հրապարակեց չեչենական հակամարտության վերաբերյալ գրքույկ:

Նրա ուշադրության կենտրոնում է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը, որն ուսումնասիրել է տարիներ շարունակ: 2003-ին լույս է տեսել Վաալի «Սեւ այգի» գիրքը հակամարտության վերաբերյալ:

«Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնությամբ երեկ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորում. իրականն ու անիրականը» թեմայով զեկույցով ներկայացավ Թոմաս դե Վաալը : Նրա բնութագրմամբ Կովկասում չկան սառեցված հակամարտություններ, կան ննջող հակամարտություններ եւ Ղարաբաղի խնդիրը վերջիններիս թվին է դասվում:

Ըստ նրա, այսպիսի հակամարտություններում վտանգ կա, որովհետեւ նկատվում է անորոշություն: Կարգավիճակն էլ հուսադրող չէ` ո՛չ պատերազմ է, ո՛չ խաղաղություն: Անդրադառնալով մադրիդյան սկզբունքների լրամշակված տարբերակինՙ փորձագետը նկատում է, որ փաստաթուղթը բաղկացած է ընդամենը 2-3 էջից: «Շրջանակային փաստաթուղթ է, որ շատ ճեղքեր ունի: Դրանք պետք է լրացնել»:

Վաալի ներկայացմամբՙ փաստաթուղթը երկիմաստ է. նրա համոզմամբՙ Ղարաբաղում խաղաղություն չի հաստատվի միայն երկու երկրների նախագահների ստորագրությամբ:

Անգլիացի փորձագետը համեմատականներ է անցկացնում հակամարտության եւ սեղանի միջեւ ու հավելում, որ անհրաժեշտ է չորս ոտք: Առաջինը` յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է կատարվի բանակցությունների ընթացքում ստորագրված շրջանակային փաստաթղթի հիման վրա, երկրորդը հրադադարի ռեժիմի պահպանումն է շփման գծում, երրորդը հակամարտությունից հետո իրականացվելիք ծրագրերն են` տնտեսական ոլորտից մինչեւ ականազերծում, եւ չորորդը, որն ամենակարճն է ու նկատելիորեն կաղում է, երկու ժողովուրդների շփումն է: «Պետք է լինի հասարակությունների միջեւ երկխոսություն, որից հետո յուրաքանչյուրը պետք է գոնե ինչ-որ չափով իր ուզածին հասնի: Երկու հասարակությունների միջեւ շփումը բացակայում է: Չկան բանավեճեր: Իրական ուժը ժողովրդի մեջ է:Պետք է համահունչ պահը գտնել եւ խոսել ընդհանրությունների մասին, ընդհանուր հայտարարի գալ: Սակայն հասարակությունները շարունակում են ուշադրությունը կենտրոնացնել բանակի վրա: Տարածաշրջանը ռազմականացված է, այդ պայմաններում հնարավոր չէ հասնել երկխոսության»:

Ղարաբաղյան հակամարտությունը նմանեցնելով պատանդի, որին շատերը չեն նկատում, Վաալը կարծում է, որ կարգավորման գործընթացը պետք է բացել, նոր գաղափարներ ունեցող մարդկանց ներգրավել:

«Հարցը պետք է լուծի ոչ միայն Մինսկի խումբը, այլեւ վերլուծաբանները, մարդիկ ովքեր նոր խոսք ունեն ասելու: Նկատի ունեմ Եվրոմիությանը: Այդ աշխատանքը ոչ մի կերպ չի խանգարի ՄԽ-ի աշխատանքին: Մինսկի խումբը միլիարդավոր դոլարներ չունի, որ երկաթգիծ կառուցի կամ ականազերծման աշխատանքներով զբաղվի: Նրանք աշխատում են միայն թղթի վրա: Իսկ ԵՄ-ն տալու շատ բան ունի: Վերջիվերջո քարտեզը հնարավոր չէ փոխել: Մի օր Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կարողանան կողք կողքի գոյակցել»:

Վաալը ներկա իրավիճակը նմանեցրեց սառը պատերազմի, երբ կողմերից մեկը սպառազինվում է, մյուսը` պաշտպանվում:

Նա նկատում է, որ հայ-թուրքական գործընթացը հեշտ չէ, բայց ավելի դյուրին է, քան ղարաբաղյանը: Վաալի բնորոշմամբՙ Թուրքիան ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը, Թուրքիայից Հայաստանը սպառնալիքներ չի լսում, բացի այդ, Թուրքիան ունի շահեր, արտաքին հարաբերություններում լուծելի խնդիրներ:

Վաալը ղարաբաղյան գործընթացում նկատում է Թուրքիայի դերակատարությունը` հավելելով, որ թուրքական ներգրավվածությունն այդ հարցում օգտակար չէ:

«Թող Հայաստանը պատասխանի «ոչ», «չեմ ուզում, որ Թուրքիան ներգրավվի»: Թուրքիան կարող է ներգրավվել այնքան, որքան թույլ կտան կողմերը», նկատեց նա:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4