Քաղաքականության մեջ հաճախ է պատահում, որ մեկ մի բան ասեն, մեկ` տրամագծորեն հակառակը: Եվ որ դրանում հմտացած են թուրքական դիվանագիտությունն ու քաղաքականությունը, ապացույցների կարիք չունի: Այս մոտեցմամբ են հաճախ աշխարհին, հարեւաններին ու իրենք իրենց ներկայանում նաեւ ադրբեջանական քաղաքական գործիչները:
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերոթյունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը բազմապիսի մեկնաբանությունների տեղիք տվեց Ադրբեջանում, որին «Ազգն» արդեն անդրադարձել է: Սակայն հետագա արձագանքներն առավել հետաքրքրական են, քանի որ հարեւանների մեջ կարծես ի հայտ է եկել ինչ-որ մտահոգություն, թե իրականություն դառնալուց զգալի հեռացել է հայ-թուրքական արձանագրությունների դրույթների իրագործումը:
Հասկանալի է զարմանքը այն առումով, թե ինչ է պատահել ադրբեջանական քաղաքական մտքին, որ մտահոգվել է հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի տապալմամբ: Իսկ եթե այդ մտահոգություններն ուրախության նոտաներով են, ապա թերեւս վաղ են խնդության ու ցնծության պատրաստվում ադրբեջանական կողմում, քանի որ արձանագրությունների վավերացման դեմ ամենահիմնավոր փաստարկը ցեղասպանության բանաձեւի ընդունումը կլինի ԱՄՆ Կոնգրեսում, ինչը, վստահաբար, Ադրբեջանի երջանկության աղբյուր լինել չի կարող:
Մի շարք ադրբեջանցի քաղաքագետներ կանխատեսումներում հիմնական դիտարկում են ներկայացնում, թե ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը շատ երկար ժամանակով կհետաձգի հայ-թուրքական սահմանի բացումն ու դրա հետ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը:
Ընդ որում, Ադրբեջանը իրեն է միացրել Թուրքիայի կողքին այն իրավիճակում, եթե բանաձեւն, այնուամենայնիվ ընդունվի Կոնգրեսում: Այսինքն, Ադրբեջանում հայտարարում են, թե այդ բանաձեւի ընդունումը, վատթարացնելով ամերիկա-թուրքական հարաբերությունները, վատ կանդրադառնա նաեւ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վրա: Այդ առումով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն էլ հույս է հայտնել, թե բանաձեւին առնչվող իրադարձությունները «չեն ազդի ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վրա»:
Բանաձեւի ընդունման պարագայում տարբեր գործողությունների դիմելու ու տարածաշրջանում անկայունություն տեսնելու թուրքական շանտաժին տվյալ դեպքում ավելանում է նաեւ ադրբեջանականը` ղարաբաղյան հարցը կրկին «տաքացնելու» սպառնալիքներով: Այս առնչությամբ բազմիցս նշվել է, որ պատերազմի վերսկսումը լուծում չէ հակամարտության, ավելին, դրանում Ադրբեջանի հաղթանակի վստահություն չի կարող լինել:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ