«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2010-03-05 | #40, 2010-03-06 | #41, 2010-03-10


ԳՈՐԲԱՉՈՎԸ ԿՐԿԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻՆ

  «Ազգ» -ը տեղեկացրել էր, որ ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը , խոսելով Ղարաբաղի հիմահարցի մասին, ռուսական «Կոմերսանտ» թերթին նշել էր, թե «չի կարելի այս հարցը լուծել այնպես, որ լինեն պարտվող եւ հաղթող կողմեր»: Գորբաչովն այդ ժամանակ նաեւ խոստովանել էր, որ սովետական երկրների սահմանները գծվել էին այնպես, որ «հնարավորություն լիներ հակամարտություններ «սարքելու»»: Եվ ահա, ԽՍՀՄ նախկին նախագահը, այս անգամ արդեն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, խոստովանել էր, որ դեռեւս 80-ականներին սովետական իշխանությունները կարող էին լուծում տալ Ղարաբաղի հարցին. «Կարելի էր համաձայնություն ձեռք բերել դեռեւս 80-ականներին: Մասնավորապես, ես առաջարկում էի Ղարաբաղին տալ հանրապետության կարգավիճակ: Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարությունը, եթե չեմ սխալվում, Վեզիրովը, պատրաստ էր համաձայնել իմ այս մտքին, սակայն ինչ-որ բան խանգարեց: Պետք է նկատել, որ այդ ժամանակ կային հնարավորություններ հարցին լուծում տալու, իսկ այսօր այլեւս անհնար է պատկերացնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում», հայտարարել է Գորբաչովը: Խոսելով հնարավոր պատերազմի վերսկսման մասին` ԽՍՀՄ նախկին նախագահը ընդգծել է, որ ոչ մի պարագայում պետք չէ թույլ տալ պատերազմի վերսկսումը Ղարաբաղում: «Եթե պատերազմը վերսկսվի, ապա այնտեղ կներքաշվեն գերտերությունները: Անհրաժեշտ է շարունակել խաղաղ բանակցությունները», ասել է Գորբաչովը: Նա նաեւ «փոշմանել» է այն պատճառով, որ ժամանակին իրենք Ղարաբաղին չէին տվել գոնե տնտեսական օգնություն. «Պետք էր այնպես անել, որ ղարաբաղցիներն ազատ կապ ունենային Երեւանի հետ: Այնինչ 80-ականներին Ղարաբաղը ահավոր վիճակում էր, իսկ այս հանգամանքին Կրեմլում ուշադրություն դարձնող չկար», եզրափակել է Միխայիլ Գորբաչովը: (Հետաքրքրական է. իսկ ո՞վ էր ուշադրություն դարձնելու եթե ոչ ինքը)

Հետաքրքրական է նաեւ, որ 80-ականներին սկիզբ առած գորբաչովյան «վերակառուցման քաղաքականության» 25-ամյակի առիթով Գորբաչովի ղեկավարած ֆոնդը հրապարակել է հատուկ զեկույց, որտեղ նշված են ԽՍՀՄ փլուզման բոլոր պատճառները: Սրանցից մեկը համարվել է ղարաբաղյան շարժումը: Միեւնույն ժամանակ, զեկուցում նշված է. «Ղարաբաղի հարցը սովետական իշխանության սկզբնավորման շրջանում թույլ տված սխալ քաղաքականության հետեւանքն է»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4