Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնում լույս մարտի 8-ի գիշերը տեղի ունեցավ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» հերթականՙ 82-րդ մրցանակաբաշխությունը: Այս անգամ տարվա լավագույն ֆիլմ ճանաչվեց Քեթրին Բիգելոուի «Փոթորկի տիրակալը» ստեղծագործությունը: Բիգելոուն հանրահայտ կինոբեմադրիչ Ջեյմս Կեմերոնի նախկին կինն է: Ավելի վաղ Բիգելոուն ճանաչվել էր լավագույն բեմադրիչ: Կինոակադեմիայի պատմության մեջ տվյալ անվանակարգում կինն առաջին անգամ է «Օսկարի» արժանանում:
Այս տարվա մրցանակաբաշխությունը բարդացված էր նրանով, որ գլխավոր անվանակարգում, 1943-ից սկսած առաջին անգամ, 5-ի փոխարեն ներկայացված էր 10 ֆիլմ: «Փոթորկի տիրակալի» (Իրաքի պատերազմի մասին է) մրցակիցներն էին Ջեյմս Կեմերոնի «Ավատար», Նիլ Բլոմկամպի «9-րդ շրջան», Փիթ Դոկտերի եւ Բոբ Փիթերսոնի «Դեպի վեր» մուլտֆիլմը, Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ տականքներ», Ջոն Լի Հենկոնի «Անտեսանելի կողմ», Ջեյսոն Ռայտմանի «Կուզենայի երկինք գնալ», Իթըն եւ Ջոել Կոենների «Լուրջ մարդ», Լոնե Շերֆիգի «Կրթություն» եւ Լի Դենիելսի «Ուժ տուր» ֆիլմերը:
Մրցանակը ստանալովՙ Քեթրին Բիգելոուն հայտարարեց. «Սա անհնար է նկարագրել: Սա ճշմարտության պահ է»: ՌԻԱ գործակալությունը նշում է, որ միայն լավագույն ֆիլմի համար նախատեսված մրցանակն է շնորհվում Ամերիկյան կինոակադեմիայի գրեթե 6 հազար անդամների գաղտնի քվեարկությամբ: Մյուս անվանակարգերի գծով հաղթողները որոշվում են մասնագիտական գիլդիաներում:
«Լավագույն երգ» անվանակարգում «Օսկարը» շնորհվեց «Խելահեղ սիրտ» ֆիլմին, «Լավագույն գեղարվեստական ղեկավարում» անվանակարգումՙ «Ավատար» ֆիլմին:
Լավագույն օտարերկրյա կինոնկար ճանաչվեց արգենտինացի բեմադրիչ Խուան Խոսե Կամպանելլայի «Նրա աչքերի գաղտնիքը» ֆիլմը: Լավագույն դերասան եւ լավագույն դերասանուհի ճանաչվեցին համապատասխանաբար Ջեֆ Բրիջեսը («Խելահեղ սիրտ») եւ Սանդրա Բալլոքը («Անտեսանելի կողմ»):
Պ. Ք.