Ավտոբուսով անցնելով Հայաստանի ծայր հյուսիս-արեւմուտքը կազմող Ամասիայի նախկին վարչական շրջանի գյուղերով մինչեւ Արփի լճի արեւմտյան ափը, նորից ու նորից հիշում էի Տիգրան Մեծին վերագրվող մի ասույթ, որ տարիներ առաջ կարդացել եմ` վերծանելով թերթերից մեկում տպագրված խաչբառ-գաղտնագիրը: «Ես Մեծ Հայք եմ թողնում իմ ժողովրդին, բայց դրա դիմաց ինձ համար փառքի հուշարձան չեմ ակնկալում: Միակ ցանկությունս ու հորդորս է` հետամուտ լինել, որ հայոց լեզուն չնահանջի ծայրակալ գավառներից»:
Հայոց մեծազոր արքայից արքայի հեռատեսությանը վայել մոտավորապես այս կտակ-պատգամը, որ հիշողությամբ մեջբերեցի, խոր իմաստ ունի. չկա լեզու` չկա այդ լեզուն կրող ժողովուրդը: Իսկ որտեղ քո ժողովուրդը չէ, այլ օտարն է բնակվում, այդ տարածքը մեր պայմաններում վաղ թե ուշ օտարվելու է քեզնից, քո երկրից:
Առակս զինչ ցուցանէ
Այս հեռավոր բարձրլեռնային ու սահմանամերձ գյուղը գեղեցիկ հայաշունչ անուն ունի` Գառնառիճ: Ինչպես եւ` մինչեւ այդտեղ հասնելը մեր ճանապարհին ընկած ու մոտակա մյուս բնակավայրերը` Ողջի ու Մեղրաշատ, Զարիշատ, Բերդաշեն ու Պաղակն, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ ու Եղնաջուր... Բայց դեռ մի քսան տարի առաջ դրանք եւ Ամասիայի մյուս բնակավայրերի մեծագույն մասը, մեր մի բուռ հողում մի ամբողջ ծայրագավառ մեզնից «խաղաղ նվաճված» տարածք էին` ադրբեջանցի բնակչությամբ եւ այդ բնակավայրերին նրանց տված համատարած օտար անուններով, ցեղակից Թուրքիայի սահմանի մոտ... Երկրաշարժի ավերածության ասես թարմ հետքեր կրող այդ գյուղերից մեկի մոտով անցնելիս ես մահմեդական լքված գերեզմաններ տեսա, մարդկայնորեն սիրտս ցավեց ոչ մեր մեղքով հեռացած դրանց տերերի համար: Բայց... էլ ինչպե՞ս չհեռանային: Դա, նաեւ, դեպքերի մի բացառիկ, անհավատալի ու երբեւէ չկրկնվող շրջադարձ էր, երբ պատմությունն ինքը մի ձեռքով ուղղեց ժամանակի ընթացքում գուցե մեր թույլ տված անհեռատես սխալը: Մեզ, մեր պետությանը մնաց մեր այս կտոր հող հայրենիի (ինչպես եւ հանրապետությունում նրանց թողած այլ վայրերի) վերահայացման ու տնտեսական ամրացման եզակի պատեհությունը:
Գառնառիճ մեկնելիս ինձ հետաքրքրողը երկու տասնամյակ անց այդ խնդրի լուծվածության մակարդակն էր, առայժմ` մեկ գյուղի օրինակով: Ընդհանուր առմամբ հայտնի է, որ այս գյուղերն այժմ մեր բնակչությամբ այսպես թե այնպես նորից բնակեցված են: Բայց դա տեղի է ունեցել հատկապես... ի հաշիվ մոտիկ Ջավախքի հայ բնակչության:
«Մայրաքաղաքային ղեկավարները մեր այս գյուղերը երբեք չեն այցելում»
Մեր ավտոբուսը ափամերձ գյուղերով Արփի լճի շուրջը 180 աստիճանից մեծ կիսապտույտ գործելով, մտավ Գառնառիճ ու քիչ վեր բարձրանալով` կանգ առավ դպրոցի երկհարկ շենքի կողքին: Մինչ իջնում էի ավտոբուսից, մատուցվելիք կիրակնօրյա պատարագի առիթով այստեղ հավաքված մարդկանց խմբին հասցրել էին մոտենալ ու զրույց սկսել հեռուստալրագրող մեր գործընկերները:
«Երեւանում նստող մեծ ղեկավարները մեր այս գյուղերը երբեք չեն այցելում». սա այս գյուղում, հավաքվածներին մոտենալիս լսածս առաջին ու ամենից մտահոգիչ նախադասությունն էր: Գուցե պետք չէ դրանից հեռուն գնացող եզրակացություններ անել ու մտածել, թե երկրիս իշխանությունները չեն ունեցել կամ չունեն այս տարածքներին նոր շունչ ու կենդանություն հաղորդելու, դրանց լիարժեք վերաինտեգրման ու կենսունակության ապահովման, եկած բնակչությանը չփախցնելու, այլ այս հողին ամուր կապելու հստակ մշակված քաղաքականություն, բայց այս մարդիկ երեւի պիտի տեսնեն էլ, որ հայրենի պետությունը, նաեւ ի դեմս ղեկավար այրերի, իրենց կողքին եւ իրենց համագործակից ու աջակից է: Այդ դեպքում նաեւ եղած հասկանալի դժվարությունները առավել համբերելի ու քայլ առ քայլ հաղթահարելի կլինեն: Այլապես մի անգամ արդեն իր ծննդավայրից հեռացած մարդը մի օր կարող է ընտանիքն առնել, նոր տեղից էլ քոչել, գնալ ավելի հեռու...
«Երբ կհոգնեմ, տարեք ինձ հեռու մեր Գանձան...»
Մայրաքաղաք Երեւանից 183, Գյումրի մարզկենտրոնից 63 կիլոմետր հեռու գտնվող, ծովի մակերեւույթից 2060 մետր բարձրությունում տեղադրված Գառնառիճում այսօր 51-52 ընտանիք է ապրում, մոտ 270 մարդ: Գյուղի ներկա բնակիչների հիմնական մասը տեղահանվել եւ այստեղ են եկել Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղից: Նաեւ` Փոկայից, Ջավախքի Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդայի) շրջանի առանձին այլ բնակավայրերից: Գյուղապետ Մանվել Ղազարյանը , որ հիվանդ պառկած տեղից էր ելել, մի քանի րոպեով եկել, մեր զրույցի վերջում հպարտությամբ նշեց, թե ինքը Տերյանին թոռ է գալիս. իր պապն ու Վահան Տերյանի պապը, կարծեմ, հորեղբորորդիներ են եղել: Հիմա իրենց նոր բնակավայրի դպրոցն էլ կոչել են հարազատ բանաստեղծի անունով:
Իսկ ինչպե՞ս եղավ, որ վեր կացան, եկան:
«Այս գյուղում բնակվել է օտարը... մեզ ոչ բարեկամ ազգը: Երկրաշարժից հետո մեզ եկել դիմել են, մենք էլ չենք մերժել. մեր ծննդավայրից տարհանվել, արդեն 20 տարի է` եկել ենք այստեղ եւ վերակենդանացրել ենք այս գյուղը, այս սար ու ձորը, էլի մեր հայրենի հողը: Եկել ենք եւ պիտի որ ապրենք: Եվ ապրեցնենք:
- Այսինքն ձեզ եկել դիմել են, թե` եկե՞ք...
- Դե, մեզ կոչ են արել, որ էսպիսի տեղ կա, մենք էլ չմերժելով լավ-լավ մարդկանց, եկել այստեղ բնակություն ենք հաստատել: Ճիշտ է, այսօր մի քիչ պայմանները լավ չեն, բայց դե լավ է, կապրինք: Որտեղ ջուր կա` այնտեղ էլ կյանք կա:
Մուշեղ Թորոսյանին այստեղ է բերել Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում ստացած կրթությունը: «Մեր Գանձան մեծ գյուղ է, բայց աշխատանքը քիչ էր», ասում է: Բուհն ավարտելուց հետո եկել, այստեղ սովխոզի գլխավոր անասնաբույծ է աշխատել, մնացել: Ասում է` գյուղը հայաբնակ է դարձել 1989 թվականից: Երկրաշարժից սաստիկ տուժած գյուղում ուկրաինացիները տուֆե 23 թե 33 նոր տուն են կառուցել, տվել մարդկանց, մյուսներն էլ տեղավորվել են... եղած տներում: Հետո ինքը նաեւ դպրոցում է դասավանդել, իսկ հիմա, ասում է, «մենատնտես եմ»` սեփական հողեր, անասնագլխաքանակ, մեղվաբուծություն: 8 կով ունի, 12 ջահել ու մատղաշ տավար, մի 20 գլուխ էլ` մանր եղջերավոր: Ձի էլ է պահում ու դաշտում ձիով փոցխ է անում, թեեւ ունի նաեւ տրակտոր, հնձիչ: Բարեկամական կատակով ասեմ` իսկական կուլակ: Դժգոհ չէ, ընտանիքի հոգսը հոգում է: Միայն սաստիկ ձմեռների պայմաններում քաղաքից ու շրջկենտրոններից կտրվածությունն է վատ, մեղուներն էլ այդ տարի (խոսակցությունն անցյալ տարվա դեկտեմբերին էր) բերք չտվին. տարին անձրեւային էր, ամեն օր անձրեւ: Մուշեղը 5 զավակ ունի` 3 տղա եւ 2 աղջիկ: Տղաներից մեծն ամուսնացած է, ապրում է Արմավիրի մարզում, Բամբակաշատում: Երկրորդ տղային նոր է ամուսնացրել, մյուս երեքն էլ փոքր են, դպրոցական: «Հա, առայժմ իրար հետ կապրինք, բայց արդեն մտածեմ կը տուն-տեղի մասին»:
Տեր-Հովհաննիսյան Գաբրիելը կամ Աղասին, ինչպես նրան կոչում են գյուղում, մշեցիների գյուղ Դիլիֆից է Գառնառիճ տեղափոխվել, ասում է` իրենց գյուղից այստեղ 7 ընտանիք կա: Ինքը եկել է 91 թվին, մոր հետ (հայրը մահացած է եղել): Երբ եկան, 23 տարեկան էր: 93 թվին տեղում ընտանիք կազմեց, կողքի գյուղից` Զորակերտից իր համար կյանքի ընկերուհի ընտրեց: Հիմա 16 տարեկան մի աղջիկ ունի ու 10, 14 տարեկան երկու տղա: «Դե,- ասում է,- հովիվ կերթանք, անասուն կպահենք: Ընտանիք ենք, էս կյանքին հարմարվել ենք, մեզի համար կապրինք»:
Իսկ Միսակ Քոչինյանին 1990-ին Գանձայից նախ մոտակա Արդենիս, ապա այս գյուղն է բերել ավելի վաղ տեղափոխված եղբոր հորդորը: Միսակը մե՜ծ հարստություն ունի` «Յոթ զավակ, մայրս հետը` ութ... Հոգեւոր ենքՙ կարեւորը, հեռու ենք ամեն տեսակի այլեւայլ բաներից: Կապաշխարենք, Աստծուն փառք կուտանք, կաշխատինք` կապրինք»:
- Գանձային չե՞ք կարոտում,- զգույշ հարցնում եմ:
- Է, ինչի՞ չենք կարոտնա, մեր ծննդավայրն է, մեր հողն է:
- Գնալ-գալ կա՞:
- Հա, բայց` առիթեառիթ...
«Թող մարդիկ չվախենան, թող գան, իրենց օջախը դնեն...»
Համայնքի ղեկավար Մանվել Ղազարյանը նշեց բնակավայրում առկա մի քանի խնդիրներ` գյուղ բերող ճանապարհների ոչ բարվոք վիճակը, տեւական ձմռան բքերից ճանապարհների հաճախակի փակվելը, բուժկետում գոնե մեկ մասնագետ բժիշկ, գյուղում մշակույթի տուն ունենալու, դպրոցի բավականին լավ շենքի նորոգման անհրաժեշտությունը: Ավելացնենք` նաեւ մի քանի աղանդավոր ընտանիքների առկայությունը:
Մնացածը գյուղացու ամենօրյա հոգսերն են, առատ բաշխված հողը չմշակելուց եւ միայն բնության տվածին ապավինելուց առաջացող դժվարությունները: Գյուղապետը, սակայն, լավատես է ու հուսով է, որ խնդիրները քիչ-քիչ, տարեցտարի կկարգավորվեն: «Գյուղը միշտ մնում է գյուղ,- ասում է Մանվել Ղազարյանը,- ամեն մի օրն էլ գյուղացու համար առօրյա հոգս ունի իր մեջ: Բայց այսօր մեր գյուղացին այնքան հերոս է, որ պահում է իրեն ու այս սահմանամերձ գյուղը»: Ձորում փոքրիկ հիդրոէլեկտրակայան կա: Հույս ունեն, որ Արփի լճի ստեղծվող ազգային պարկի գոյությունը եւս իրենց գյուղերի համար որոշ հեռանկար, խթան կլինի:
Խոսելով նաեւ իրենց համայնքի հետ միավորված, առայժմ 7 ընտանիք ունեցող մոտիկ Եղնաջուր գյուղի, այնտեղ ֆրանսիական «Շեն» կազմակերպության եւ Շիրակի թեմի համագործակցությամբ ամեն ամառ կենդանացող մանկական ճամբարի, մատուռի, այստեղ գալու ցանկություն հայտնող ամեն հայ ընտանիքի համար նոր տուն կառուցելու այդ կազմակերպության պատրաստակամության մասին, զրուցակիցս ասաց. «Եթե խոսքս տեղ կհասնի, ես նաեւ կոչ եմ անում` թող մարդիկ չվախենան, թող գան, ամեն հայ այստեղ իր օջախը դնի` ապրի: Էս տարածքները, էս երկիրը, որ այլ ազգն ապրել է, սրանք լավ տեղեր են...»:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ