Ադրբեջանցիները ներկայացնում են կեղծ լուսանկարներ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ադրբեջանական կողմի լուսանկարները` Խոջալուի ողբերգության վերաբերյալ, կեղծիք են: Դրանք այն կադրերը չեն, որ լուսանկարել է ադրբեջանցի ֆոտոլրագրող Չինգիզ Մուստաֆաեւը»: Սա չեխ լրագրող Դանա Մազալովայի կարծիքն է: Նա լուսաբանել է ռազմական գործողությունները Ղարաբաղում, Չեչնիայում եւ Բոսնիայում: Չինգիզ Մուստաֆաեւը միակ լուսանկարիչն էր, ում հաջողվել է նկարահանել Խոջալուի ողբերգության հետեւանքները: Մազալովան պատմում է, որ ճանաչել է Մուստաֆաեւին, ծանոթացել են Ստեփանակերտում, հետո միասին նշել են ադրբեջանցի ֆոտոլրագրողի որդու ծնունդը: Մուստաֆաեւը չեխ լրագրողուհուն է ներկայացրել Խոջալուի դեպքերի վերաբերյալ «հում» կադրերը, որոնք նկարահանել էր ադրբեջանական ուղղաթիռից:
«Չինգիզը պատմում էր, որ դեպքի վայրում եղել է երկու անգամ` փետրվարի 28-ին եւ մարտի 2-ին, եւ աչքի տեսածը լուսանկարել: Նա պատմում էր, որ սկզբում կրակել էին խաղաղ բնակչության ոտքերին, որպեսզի նրանք չկարողանային փախչել, իսկ հետո նրանց մորթել էին, ամենայն հավանականությամբՙ կացնով: Նկարահանման ժամանակ դիակների կողքով քայլում էր համազգեստով մի տղամարդ, որը չէր էլ փորձում թաքնվել ադրբեջանական ուղղաթիռից»: Լրագրողի խոսքերով, երկու օր անց Մուստաֆաեւը վերադարձել է դեպքի վայր ու տեսել, որ դիակների գլխամաշկը հանված էր:
Մազալովան վստահեցրեց, որ այդ կադրերը տեսել է Մուստաֆաեւի բնակարանում: Նա հիշում է, որ ֆոտոլրագրողը շատ էր անհանգստանում, վախենում իր կյանքի համար, տնից գրեթե դուրս չէր գալիս:
«Նա պատմում էր, որ վախենում է Բաքվում քայլել առանց զրահազգեստի», հիշում է չեխ լրագրողուհին: Այդ իրադարձություններից վեց ամիս անց անհասկանալի պայմաններում ադրբեջանցի լուսանկարիչը սպանվեց:
«Միայն կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմի ներկայացրած կադրերըՙ Խոջալուի ողբերգության վերաբերյալ, կեղծիք են»:
Մազալովան նշում է, որ Մուստաֆաեւի լուսանկարներում չկային մերկ դիակներ, չկային նաեւ կենդանի մարդիկ` բացառությամբ համազգեստով մարդու: Ավելին, Չինգիզն անձամբ չի լուսանկարվել այդ ողբերգության ֆոնին: Մինչդեռ ադրբեջանական կողմի ներկայացրած լուսանկարներում հանդիպում ենք մերկ դիակների, կենդանի մարդկանց:
«Այդ լուսանկարներում այն չէ, ինչ նկարել է Չինգիզը, դա Խոջալուն չէ»:
Մազալովան պատմում է, որ մարդկանց դիակները հայտնաբերել են Ադրբեջանի Աղդամ քաղաքից 200 մետր հեռավորության վրա:
Չեխ լրագրողը պատմեց, որ Խոջալուն գրոհող ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակիչներին միջանցք էին թողել մարտական գործողությունների գոտին անվտանգ լքելու համար: Մազալովայի հավաստմամբՙ միջանցքով մեսխեթցի թուրքերի հետ անցել է նաեւ ռուս լուսանկարիչ Վիկա Իվլյովան, որը հետագայում այդ իրադարձությունները փաստող կադրեր է հրապարակել «Московские новости» թերթում:
Չեխ լրագրողը նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը Եվրոպայում որեւէ մեկին չի հետաքրքրում: «Չեմ կարծում, որ այսօր որեւէ մեկը հետաքրքրվում է այդ թեմայով: Ավելին, եվրոպացիները ցանկանում են հեռու մնալ այդ հիմնախնդրից: Դրանով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը»:
Անդրադառնալով վերջերս չեխական Լիդիցե գյուղում տեղի ունեցած իրադարձություններին, երբ տեղի ադրբեջանական համայնքը փորձել է հակահայկական խնդիրներ լուծելու նպատակով օգտագործել Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիզմի զոհերի հիշատակին Լիդիցե գյուղում կառուցված հուշահամալիրը (այդ մասին «Ազգը» տեղեկացրել էր), լրագրողն ասաց. «Չեմ ուզում, որ որեւէ մեկը Լիդիցեում նացիզմի զոհերի դիակների վրա քարոզչություն ծավալի»: