Երեկ Շվեդիայի խորհրդարանը` Ռիկստագը, քննարկում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որը ներկայացվել էր այդ երկրի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական, Կանաչների ու ձախերի կուսակցությունների նախաձեռնությամբ: Մեր թերթը նախօրոք տեղեկացրել էր, որ Շվեդիան ցեղասպանության հարցը պետք է քննարկեր մարտի 17-ին, սակայն Ռիկստագի օրակարգում տեղի էին ունեցել փոփոխություններ: Բանն այն է, որ հենց մարտի 17-ին նախատեսված է Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը Ստոկհոլմ, եւ Շվեդիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչ Վահագն Ավետյանի խոսքերով, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, բնականաբար, չէր ցանկանա, որ հայկական բանաձեւ քննարկվեր այդ օրերին: Իսկ Շվեդիայում ներկայացված հայկական բանաձեւը փաստում է, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն: Բանաձեւում հիշատակված են նաեւ Օսմանյան կայսրությունում ապրող այլ ազգային փոքրամասնությունների` ասորիների եւ Պոնտոսի հույների զանգվածային սպանությունները: «Համոզված ենք, որ Շվեդիան պետք է գործի Եվրոմիության եւ ՄԱԿ-ի շրջանականերում` 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ: Այն ոչ միայն փոխհատուցում կլինի ազգային այն խմբերի ու փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, որոնք շարունակում են բնակվել Թուրքիայում, այլեւ կնպաստի այդ երկրի հետագա զարգացմանը: Թուրքիան չի կարող ժողովրդավար պետություն համարվել, քանի դեռ ժխտում է իր անցյալի իրական պատկերը», ասված է ներկայացված օրինագծում: Նշենք նաեւ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր Շվեդիայում անցյալում էլ ներկայացվել են, սակայն միշտ էլ մերժվել են դրանք: Երկու տարի առաջ ընդունվել է ընդամենը հայտարարություն Ցեղասպանության մասին: Վահագն Ավետյանը «Ազատություն» ռադիոկայանին նախապես տված հարցազրույցում ասել էր, որ հայկական բանաձեւի հաստատման համար կան լուրջ նախադրյալներ. «Շվեդիայի խորհրդարանում ներկայացված կուսակցություններից միայն մեկն է դեմ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն որակելուն: Չնայած միայն քաղաքական ձախ հատվածն է պատրաստ այս մոտեցումն ամրագրել օրենսդրական կարգով», ասել է Ավետյանը: Իսկ նույն ռադիոկայանին Կանաչների կուսակցության ներակայացուցիչ Մարի Ուտելը նշել է, որ այս անգամ բանաձեւի հաստատման հեռանկարները բավական բարձր են գնահատվում: Ավելորդ չէ նաեւ նշել, որ շվեդական որոշ լրատվամիջոցներ ճիշտ չէին համարում բանաձեւի քննարկումը, ավելին` հաստատումը, պատճառներն այստեղ էլ նույնն են. «Պետք չէ առաջ բերել Թուրքիայի զայրույթը, այս հարցը մեր քննարկման առարկան չի կարող լինել»: Ինչեւէ, բուռն քննարկումներից հետո, Շվեդիան 131 կողմ եւ 130 դեմ ձայներով ընդունեց եւ դատապարտեց Օսմանյան կասրությունում իրականացված բոլոր ցեղասպանությունները:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ