Երեկ «Դուպլեքս» ակումբի հյուրն էր ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը: Լրագրողների կողմից բարձրացված հարցերը վերաբերում էին խցանումներին, մեքենաների ոչ ճիշտ կայանելուն, խաչմերուկներում անհարմարություններ առաջացնելուն եւ այլն: Պրն Օհանյանը նշեց, որ սկսվել են ուժեղացված ստուգումները Նժդեհի հրապարակի ողջ տարածքում, բայց դեռ չեն կարողացել հարթել Մալաթիայի, Նոր Նորքի շուկաներին հարող տարածքներում ու նաեւ «Այրարատ» տոնավաճառի շրջակայքում շեղությամբ կայանված ավտոմեքենաների, երթուղայինների վարորդների կողմից կանգառներից դուրս կայանելու խնդիրները, չնայած առկա են համապատասխան արգելող նշանները:
«Ազգի» այն հարցին, թե ամեն պահ վթարային իրավիճակ է ստեղծվում Մյասնիկյան պողոտայից եւ շրջադարձից դուրս եկած հարվող ճանապարհի մասում, հատկապես ձախից դեպի Աբովյան պուրակ եւ աջից դեպը Հերացու փողոց թեքվող մեքենաների համար, պրն Օհանյանն ասաց. «Մյասնիկյան պողոտայի եւ Սարալանջի հատման մասում կանգառի նշանը տեղադրված է ու ապահովում է երթեւեկը: Այո, առավոտյան այդ մասում մի փոքր երկարում է անցումը: Շատ ծանր է խաչմերուկի վիճակը, ընդունում եմ, լավագույն լուծումը այդ խաչմերուկի տրված է եւ մենք չունենք այդ ճանապարհների այլընտրանք»:
Հաջորդ հարցըՙ Գայի պողոտայի, 4-րդ զանգվածի 1-ին գետնանցումից օգտվելը շատ վտանգավոր է, չկա լուսացույց եւ հատկապես գիշերային ժամերին անվտանգ չէ: Պրն Օհանյանը տեղում տվեց հանձնարարական ստուգել ու համապատասխան նշաններ տեղադրել: Իսկ այն հարցին, որ օրվա 2-րդ կեսին երթուղայինի վարորդները դեղատներից հաճախ են հաբեր գնում, երթի ընթացքում ծխում են, բջջայինով խոսում, պրն Օհանյանը նշեց, որ եթե կա դեղերի միջոցով աշխատելու դեպքեր, կստուգենք ու կատակեց. «Գուցե մարդու գլուխը ցավում է ու դեղ է խմել», բայց հարցին, թե արդյո՞ք ամեն օր վարորդները ստուգվում են բժշկի մոտ երթուղի դուրս գալուց առաջ, պատասխանեցՙ պետք է ստուգվեն: Իսկ փաստը մնում է փաստ, որ 18 ժամ անընդմեջ երթուղայինների վարորդները եւ ծխում են (չնայած փակցված է չծխելու մասին հիշեցնող հայտարարություն), եւ բջջային հեռախոսով խոսում եւ ցանկացած վայրում կանգնում, եթե ուղեւորը կանգնեցնում է ձեռքով: Երբ փորձում ես վարորդին զգուշացնել, դեռ ավելին, կոպիտ պատասխան է տալիս. «Չես ուզում, իջի տաքսիով գնա, իմ ավտոն է, ոնց ուզում եմ, ընտենց էլ քշում եմ»: Դե իհարկե, նման վարորդները մի քանի 1000 դրամ տալիս են ոստիկանին ու էլի շարունակում իրենց ուղին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ