«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2010-03-10 | #42, 2010-03-11 | #43, 2010-03-12


ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԻՆՔՆԱԶԱՏԱԳՐՈՒՄ

Բանաստեղծությունն աշխարհին նայելու կերպ է, մարդու ներքին աշխարհի պրոեկցիան, որ ավելի համարժեք է արտահայտում նրա ներքին բովանդակությունը (եթե այն կեցվածք չէ, այլ ինքնարտահայտման գեղարվեստական ապրում), որովհետեւ այստեղ աշխարհի զգացողության ու ես-ի կապն արտահայտվում է մեզ համար ամենամատչելիՙ բառի գեղագիտությամբ, մի բան, որի չափանիշներն այսօր ոչ միայն փոխվել, այլեւ խախտվել են (արվեստի մի համակարգող համոզված պնդում էր, թե չկան սահմանված գեղագիտական չափանիշներՙ ո՞վ կարող է ասել, թե ինչն է գեղեցիկ, քանի որ հարաբերական է այս ըմբռնումը, սուբյեկտիվՙ մոտեցումը):

Մարդու հոգեւոր աղքատացման հետ աղքատանում են նաեւ գեղարվեստական արտահայտչամիջոցները, ներքին ապրում-զգացողությունները նահանջում են նոր նյութերի, տեխնիկական հնարավորությունների առաջ, արդյունքումՙ արվեստի գործը շատ հաճախ ավելի անհետաքրքրական ու անհրապույր է թվում, քան իրեն սերող գաղափարը: Ըստ այդու կարծիք կա, որ ժամանակակից արվեստը նահանջ է ապրում:

Միեւնույն էՙ որքան էլ անտեսվեն դասական արվեստի չափանիշները կամ խախտվեն գեղագիտության սահմանները, որեւէ ժամանակահատվածում արվեստի որեւէ գործի համար առնվազն երկու նախադրյալ անհրաժեշտ էՙ անպայմանորեն ներքին բովանդակային (հոգեւոր, ինտելեկտուալ) հագեցվածություն եւ ձեւի (վերացական, թե կոնկրետ) մշակված, հղկված մատուցում: Արվեստը մերժում է անփույթ, անխնամ, առավել եւս փնթի աշխատանք, եթե անգամ բովանդակային հարստությունն առկա է:

Այս մտորումները ծնվեցին վերջերս խմբագրության ստացած Դանիել Դավիթի բանաստեղծությունների «Ընտրանին» թերթելիս: Գրքի տպագությունն, իհարկե, նյութական միջոցներ է պահանջում, թող ներողամիտ լինեն հեղինակը եւ գրքի տպագրիչը, եթե ասվի, որ ընտրվել է բանաստեղծությունները մատուցելու անհաջող տարբերակ: Խնդիրը լավ կամ շքեղ տպագրությունը կամ թղթի որակը չէ, այլ ճաշակով ներկայացնելը եւ սա վերաբերում է նախ եւ առաջ գրքի գեղարվեստական եւ տեխնիկական աշխատանքին:

Արվեստի գործի մատուցման խնդիրը բնավ երկրորդական չէ, եթե ցուցահանդեսի գրագետ էքսպոզիցիան կամ քանդակիՙ ճիշտ միջավայրում տեղադրելն ակնհայտորեն օժանդակում են տվյալ ստեղծագործության ընկալմանը, նույնը չի՞ վերաբերում արդյոք գրական երկի հրատարակության-տպագրությանը:

... Աշխարհի բանաստեղծական զգացողությունը հոգու առանձին վիճակ է. անձի սրված ներքին տագնապները, «տեսողությունը» նոր վերաբերմունք են ծնում աշխարհի հանդեպՙ երբեմն ապրված, երբեմն մտացածին, երեւակայական: Սա մարդու ներքին անկատարությունից ծնված ճիչ է, երբեմնՙ անզորությունից: Կյանքի երկբեւեռ իրականության մեջ հայտնված հոգու երկընտանք, որ վերածվում է տվայտանքի, ինքնահյուծման: Բանաստեղծական այսպիսի ձեւերը դառնությունից, ցավից կամ հուսահատությունից պետք է որ ծնվեն, ինչին հակված են զգայուն, անհավակնոտ խառնվածքները: Բանաստեղծելը ներքին կապանքներից ազատվելու միջոց է նաեւ, այդ նույն ցավից, անհուսությունից, անորոշությունից դուրս գալու ելքՙ բառի մեջ ապաստանելու միջոցով, նրա շերտերը պեղելու, նրա կեղեւը բացելու միջոցով, որ կարող է նաեւ մոլուցքի վերածվել, կամ էլ պարզապես խաղի:

Բանաստեղծական ներքին ռիթմի, կառույցի խախտումը, մտածողական անկանոն հոսքի ներմուծումը, որ քաոսային վիճակ է ստեղծում, վկայում են ժողովածուի հեղինակիՙ կյանքի հանդեպ մի տեսակ անփույթ վերաբերմունքի մասինՙ քամահրանքի աստիճան: Կյանքի երկվությունը, երեւույթների հակադրությունը ընկած են բանաստեղծական մտածողության հիմքում, չկա ընդգծված տարբերակում, այստեղ լավն ու վատը, գեղեցիկն ու տգեղը, լույսն ու մութը տարերայնորեն խառնված են. բանաստեղծական պատկերի գեղեցկությունն արագորեն չքանում է առօրեական տեսարանի, կենցաղային տողի ներխուժմամբ. կյանքը մի շղթա էՙ իրար հակասող ու լրացնող գույների, երեւույթների, ապրումների: Այստեղ կան ե՛ւ համակերպություն, ե՛ւ ընդվզում, ե՛ւ երազի ու հոգնության վիճակ, գոյություն մի անհասցեՙ լարախաղացի խաբուսիկ վստահությամբ, սակայն ներքին պրկումով: /Բաց թող հայացքս/ Բաց թող սիրտդ,/ Երբ տխուր օրերս են փաթաթվել քեզ,/ Ինչպես շան լակոտները մոր կրծքին,/ Ինչպես տան առաստաղը հատակի վրա-/:

Զգացմունքի բանաստեղծական «բանաձեւումները» սինուսոիդի տեսք ունեն, ալիքաձեւ ենՙ մակընթացություններ-տեղատվություններով («Կորսված ծրար», «Վիրահատման խաղալիք», «Դժբախտությունՙ չորս լույսով» եւ այլն): Պատկերա-զգացմունքային անցումներն անակնկալ են, մտքի շփոթ առաջացնող, պետք է փնտրել դրանց տրամաբանական կապը, շաղկապող եզրերը, փորձել ինչ-որ կերպ մերձեցնել:

Եվ վառիր մտքիդ ցողունը եկեղեցուս գորշ պատին,

Եվ վառիր կրծքիդ դատարկ խնկամանը գիշերներիս մեջ,

Եվ վառիր հորինածդ մոմե հեքիաթները անապատիս ծաղկոցում,

Երբ մտածկոտ են դարձել մագաղաթները վկայության:

Իհարկե, կան նաեւ դյուրին անցումներՙ

Ես իջեցնում էի կոպերս

իմ երկու մենությունների վրա

եւ տեսնում էի նույն ծաղիկը

փնտրող երկու աստղ-մեղու

եւ բացվող հոգիս նրանց

վայրէջքի կայանն էր դառնում:

Դանիել Դավիթը 60-ականների գեղագիտական շարժման հարողներից էր, այդ սերնդի ինքնատիպ մտածողության կրողներից, գրական շրջանակներին, սակայն, անծանոթ անուն: Ծնունդով գյումրեցի է, մասնագիտությամբ ճարտարապետ (հեղինակ է մի շարք շինարարական կառույցների, ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան նախագծի հեղինակներից մեկն է):

Առաջին տպագիր բանաստեղծությունները 1987-ին հրատարակված «10 ձայներ» ժողովածուի մեջ ներկայացվեցին: Առանձին գրքով նրա բանաստեղծությունների ընտրանին լույս տեսավ վերջերսՙ 2009-ին: Գրքի առաջաբանում այսպես է բնութագրում հեղինակի բանաստեղծական աշխարհը Արա Արթյանը. «Կա համարձակ խառնվածք, բնավորություն ու ջիղ, կա վայրի տաղանդ: Եվ բանաստեղծությունը սոսկ գիր չէ, այլ իրականություն, թող որ արտասովոր, սյուրռեալ, ֆանտասմագորիկ, բայցՙ իրականություն: Բանաստեղծը հետեւում է ավելի շուտ պոետական, քան քերականական կետադրությանն ու շարահյուսությանըՙ ընդգծելով պոետական եւ ձեւական տրամաբանությունների տարբերությունը: Սա բաց համակարգի բանաստեղծություն է: Բանաստեղծությունն այս դեպքում ամբողջովին նույնանում է հեղինակի հետ, վերածվում վարքի ու խառնվածքի ուղղակի արտահայտության» :

Դե ինչ, երբեմն լինում է, որ ուզում ես կյանքը բանաստեղծություն դարձնել ու այդպես ապրել, անպայման բանաստեղծություն գրել ու գրքեր տպագրել ու նաեւ վաճառել, նվիրել ընծայագրով, նույնիսկՙ պարտավորեցնող: Ինքնատիպություն, ինքնազատագրում, ինքնարտահայտում...

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4