Քրդերն էլ համոզում են, որ եզդիներն էթնիկական ծագումով քուրդ են
Երեկ քուրդ եւ եզդի համայնքների ներկայացուցիչները կրկին անդրադարձան պատմությանը, հիշեցին անցյալն ու բացեցին ներքին խոհանոցը:
Քրդական համայնքի ներկայացուցիչ Ալիխանե Մամեն ասում է, որ այսօր Արագածոտնի մարզում կա 21 գյուղ, որոնք բնակեցված են քրդերով: Հանրապետությունում չկան քրդական դպրոցներ, կան դասարաններ, որտեղ սովորում են քուրդ եւ եզդի փոքրամասնությունները: Քրդական համայնքում խնդիրները բազմաթիվ են` արտագաղթ, սոցիալ-տնտեսական անբավարար պայմաններ. երբեմն մի քանի ընտանիք միասին են ապրում, որովհետեւ բնակարան գնելու հնարավորություն չունեն: Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Քրդական համայնքը առաջնորդ չունի, համայնքի խնդիրներով զբաղվում են մի շարք հասարակական կազակերպություններ:
Մամեի ներկայացմամբՙ քուրդ ժողովուրդը կրոնական հատկանիշներով բաժանվում է չորս խմբի` քուրդ-եզդիներ, քուրդ-մահմեդականներ, քուրդ-քրիստոնյաներ եւ քուրդ-ալավիներ: Հայաստանում բնակվում են քուրդ-եզդիները: Քրդերին եւ եզդիներին միավորում են լեզուն, սովորույթներն ու էթնիկական հիմքը, բաժանում` կրոնը:
«Կրոնական ծագումով եզդի եմ, էթնիկական ծագումով` քուրդ: Կարեւոր է ոչ թե կրոնական, այլ էթնիկական ծագումը», ասում է նա:
Աշխարհի եւ Հայաստանի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանն այլ տեսակետ ունի. Հայաստանում քուրդ չկա, բոլորը եզդի են: Նա վիրավորվում է, երբ եզդիներին անվանում են քուրդ, ու ասում է, որ կրկնվելու դեպքում բոլորին դատի կտա:
«Կա ժողովուրդ, կա պատմություն, մարդահամար: Մեր լեզուները տարբեր են: Մենք քրդերեն չենք հասկանում, մեր տոները, սովորույթները տարբեր են: Եզդին ծնվում է եզդի, եզդին արիական ծագում ունեցող ազգ է, եզդին չի կարող այլ ազգ դառնալ: Հայաստանում քրդական համայնք չկա: Մենք արեւապաշտ ենք, նրանք` մահմեդական, մեր կրոնը Շար ֆադինն է», ասում է նա:
2001 թ. մարդահամարի տվյալներովՙ Հայաստանում ապրում են 1500 քուրդ եւ 41.000 եզդի: «Սա այն դեպքում, երբ 1989 թ. մարդահամարի ժամանակ քուրդ ժողովուրդը կազմում էր 42.000: Ազգությունը ձեւավորվում է դարերի ընթացքում, այլ ոչ թե մարդահամարի ժամանակ», նկատում է Մամեն: Թե ինչ եղան այն 40.000 քրդերը, Մամեի խոսքերից կարելի է հասկանալ, որ մարդահամարի տվյալները կեղծվել են: Նա պատմում է, որ մարդահամարի ժամանակ փաստաթղթերում նշումները կատարում էին մատիտով, նա ականատես է եղել, թե ինչպես են փաստաթղթում իր ազգության դիմաց գրել քուրդ, սակայն հետո ջնջել ու գրանցել եզդի: Այդ ժամանակ Մամեն նորից է գրել, բայց արդեն գրիչով: Թե ինչպես կարող էր դա պատահել, Մամեն չի հասկանում ու չի զարմանում, որ հասարակությունն էլ է զարմանում այդ անհեթեթ պատմությունից:
Ազիզ Թամոյանի ներկայացմամբՙ 1989-ին քրդերի թիվը կազմել է 4200, եզդիներինը` շուրջ 50.000: Հետո քրդերը ադրբեջանցիների հետ լքել են Հայաստանը: «Մարդահամարում գրանցված է 1500 քուրդ: Սուտ են ասում, դրանք քրդացած եզդիներ են: Կրկնում եմՙ Հայաստանում քրդեր չեն ապրում»: Թե ինչո՞ւ են եզդիներն իրենց քուրդ համարումՙ Թամոյանի պատասխանը հետեւյալն է` ծախվում են փողին: «Ինչպես հայերի մեջ կան աղանադավորներ, այնպես էլ եզդիներն են քրդություն ընդունել»:
Եթե Մամեի ներկայացմամբ եզդիների ու քրդերի միջեւ երբեմն պատահում են ամուսնություններ, ինչը չի խրախուսվում, ապա, Թամոյանի խոսքերով, երկու ազգերի միջեւ ամուսնություններն անընդունելի են: «Երբեք այդպիսի բան չի եղել ու չի կարող լինել»:
Ալիխանե Մամեն Ազիզ Թամոյանին դատի է տվել, այժմ ընթանում է հետաքննություն: Այդ պատճառով նա չներկայացրեց ամբողջական նյութը, սակայն որոշ մանրամասներ առանձնացրեց:
«Ազիզ Թամոյանն ասում է, որ 500 եզդի մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, բայց նա ստում է: Այդ ժամանակ ես Գերագույն խորհրդի մարդու իրավունքների պաշտպանի եւ ազգայն փոքրամասնությունների հանձնաժողովի փորձագետ էի: Թույլ չտվեցինք, որ ազգային փոքրամասնությունները ստորաբաժանումներ կազմավորեին, որովհետեւ երկու երկրներում էլ (նկատի ունի Հայաստանն ու Ադրբեջանը - Հ. Հ.) կային նույն ազգի ներկայացուցիչներ, ու դա շատ վտանգավոր էր: Ադրբեջանում էլ կային էթնիկ խմբավորումներ, ազգային փոքրամասնություններ, հետեւաբար, նրանք էլ ստորաբաժանումներ կձեւավորեին: Նա ստել է, քաղաքական սխալ թույլ տվել», ասում է Մամեն:
«Մենք մասնակցել ենք Ղարաբաղյան հերոսամարտին, ունենք նկարներ, այժմ գիրք եմ գրում այդ ժամանակների մասին: Ոչ ոք իրավունք չունի կեղծելու պատմությունը: Երասխավանի մարտերի ժամանակ ես ու իմ որդիները եղել ենք առաջին ճակատում: Մինչդեռ քրդերը պատերազմին չեն մասնակցել»: Սա էլ Ազիզ Թամոյանի կարծիքն է:
«Պատմում է, որ իր որդին զոհվել է Արցախյան հերոսամարտի ժամանակ, մինչդեռ նրան սպանել են 1997-ին իր տան դիմաց: Նա սուտասան է», ավելացնում է Մամեն:
«Մամեն արատավոր անձնավորություն է, նա այս ամենը շահի համար է անում: Նրան ոչ ոք բանի տեղ չէր դնում, եկավ ինձ մոտ թերթում աշխատելու, բայց ես նրան դուրս հանեցի: Իր հրատարակած «Զագրոս» ամսագիրը պետք է փակել», եզրափակեց Թամոյանը:
Հայաստանի եզդիները նամակով դիմել են ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը եւ գլխավոր դատախազին` բողոքելով քրդերի հայտարարությունների դեմ եւ խնդրելով փակել քրդական ռադիոն ու քրդական կոմիտեն:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ