Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում առաջատարների խմբում գտնվող Լիլիթ Գալոյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց լիտվացի Վիկտորյա Չմիլիթեի հետ ու վաստակեց 4 միավոր: Լիլիթը 10 շախմատիստուհիների հետ բաժանում է 4-14-րդ տեղերը:
Կանանց մրցաշարում եռիշխանություն հաստատվեց: 4,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Կետեւան Արախամիա-Գրանտը, Տատյանա Կոսինցեւան եւ Մոնիկա Սոչկոն: Արախամիա-Գրանտը սեւերով հաղթեց Պիա Կրամլինգին, Կոսինցեւան սպիտակներով առավելության հասավ Էլմիրա Սկրիպչենկոյի նկատմամբ, իսկ Սոչկոն հաշտություն կնքեց Աննա Մուզիչուկի հետ:
Մեր շախմատիստուհիներից երկրորդ ցուցանիշն ունեն Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, որոնք վաստակել են 3-ական միավոր: Լիլիթը սեւերով հաղթեց ռուսաստանցի միջազգային վարպետ Իննա Իվախինովային, իսկ Էլինան ոչ-ոքի խաղաց լեհ Բեատա Կադզիոլկայի հետ: Մեր մյուս երկու շախմատիստուհիներն անհաջողության մատնվեցին: Նելլի Աղինյանը զիջեց Լիսա Շութին, իսկ Անահիտ Խառատյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց Զեյնաբ Մամեդյարովայի հետ մրցավեճում: Աղինյանը վաստակել է 2 միավոր, Խառատյանի օգտին գրանցված է ընդամենը մեկ միավոր:
Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի 13 ներկայացուցիչներից առայժմ լավագույն արդյունքն ունեն Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Երկուսն էլ 5-րդ տուրում հաղթանակ տոնեցին: Մելքումյանն առավելության հասավ Միխալ Կրասենկովի նկատմամբ, Սամվելը պարտության մատնեց Զազա Մարտինովիչին: Մելքումյանն ու Տեր-Սահակյանը 4 միավորով առաջատարների շարքում են: Աղյուսակը 4,5 միավորով գլխավորում են Զախար Եֆիմենկոն, Դիտեր-Լիվիու Նիսիպեանուն, Արտյոմ Տիմոֆեեւը եւ Բայադուր Ջոբավան: Նիսիպեանուն հաղթեց Յանիկ Պելետիեյին, Տիմոֆեեւն առավելության հասավ Սկոբեռնեի նկատմամբ, իսկ Եֆիմենկոյի եւ Ջոբավայի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի:
3,5-ական միավոր են վաստակել Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Այս եռյակից հաղթեց միայն Վլադիմիր Հակոբյանըՙ պարտության մատնելով Զոլթան Մեդվեգուին: Պետրոսյան-Ալեքսեեւ, Հովհաննիսյան-Գելաշվիլի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Տուրն անհաջող էր Գաբրիել Սարգսյանի համար, որն անդրանիկ պարտությունը կրեց շվեդ Էմանուել Բերգի հետ պարտիայում: Գաբրիելն ունի 3 միավոր: Նույնքան միավոր են վաստակել նաեւ հանրապետության այս տարվա չեմպիոն Ավետիք Գրիգորյանը եւ Դավիթ Պետրոսյանը: 2,5 միավոր ունեն Զավեն Անդրեասյանը, Արման Փաշիկյանը եւ Արտաշես Մինասյանը, որոնց կես միավոր են զիջում Վահե Բաղդասարյանն ու Վլադիմիր Պողոսյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ