«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2010-03-11 | #43, 2010-03-12 | #44, 2010-03-13


«ՀԱՅԵՐՆ ՈՒ ԼԵՀԵՐԸ ՄԵԾ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ»

Երկու երկրների վարչապետները խոսեցին կոնկրետ պայմանավորվածությունների մասին

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում տեղի ունեցած բանակցություններից հետո լրագրողների առջեւ հանդես եկան հայտարարություններով:

  Տիգրան Սարգսյանը , վկայակոչելով հայ-լեհական ավանդական բարեկամական կապերը, դրանք նպաստավոր հիմք համարեց հարաբերությունների խորացման համար: Նա տեղեկացրեց, որ կողմերը ստորագրել են տնտեսական համագործակցության պայմանագիր: Բացի այդ, որոշվել է ստեղծել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողով, որտեղ քննարկվելու են երկկողմ տնտեսական, քաղաքական, մշակութային եւ այլ հարցեր: Հայաստանի վարչապետի հավաստմամբ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ կոնկրետ բիզնես ծրագրերի վերաբերյալ, որոնք կքննարկվեն միջկառավարական հանձնաժողովում:

  Դոնալդ Տուսկն իր հերթին այն կարծիքը հայտնեց, որ հայերն ու լեհերը շատ մեծ վստահություն ունեն միմյանց նկատմամբ, ինչն էլ առիթ դարձավ, որ Լեհաստանը մշակի Եվրոպական համագործակցության ծրագիրը, որտեղ Հայաստանը շատ մեծ ջանք ու եռանդ է գործադրում: Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ հայկական կողմի հետ համագործակցության մի քանի դաշտեր են բացվել, մասնավորապես քիմիական արդյունաբերության եւ էներգետիկայի բնագավառներում:

Հայաստանում Լեհաստանի դեսպանատան տրամադրած տվյալներից տեղեկացանք նաեւ, որ հայ-լեհական առեւտրային հարաբերությունները հատկապես նկատելի աճ են ունեցել 2008-ին, իսկ 2009-ինՙ ճգնաժամով պայմանավորված, որոշ չափով նվազել: Համաձայն այդ տվյալների, 2009-ի 11 ամիսներին Հայաստանից Լեհաստան է արտահանվել 18,2 մլրդ դրամի ապրանք, Լեհաստանից Հայաստանՙ 1,8 մլրդ դրամի: Դրական տարբերությունը հօգուտ Հայաստանի կազմել է 16,3 մլրդ դրամ: Անցած տարիներին Լեհաստանի հետ առեւտրային հարաբերությունների տարբերությունը հիմնականում հօգուտ Հայաստանի է եղել: Մեր երկրից Լեհաստան են արտահանվում կաուչուկ եւ մոլիբդեն, հակառակ ուղղությամբ ներմուծվում են սննդամթերք, ծխախոտ, կահույք եւ փայտե իրեր, տարբեր սարքավորումներՙ սառնախցիկներ, վառարաններ, ջրատաքացուցիչներ, քիմիական ապրանքներՙ դեղորայք եւ կոսմետիկա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4