«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2010-03-11 | #43, 2010-03-12 | #44, 2010-03-13


ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂԻ ՈՉ «ՏԱՔ» Է, ՈՉ «ՍԱՌԸ»

ԼՂՀ տարբեր պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել եւ շարունակում են հայտարարել, որ առանց Ղարաբաղի «խոսքի» անհնար է լուծում տալ 16 տարի ձգվող ղարաբաղյան հակամարտությանը: Համաձայնեք, անտրամաբանական էլ կլինի, որոշել Ղարաբաղի կարգավիճակը (թեեւ այն 16 տարի է, ինչ որոշված է-Հ.Ա.) առանց ղարաբաղցիների կարծիքը հաշվի առնելու: Իսկ այդ կարծիքն ակնհայտ է. Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնություն հայերը, հանդիպելով իրենց գոյատեւման համար լուրջ սպառնալիքների, իրենք են որոշել անկախ ապրել եւ ստեղծել անկախ պետություն, որը շատ եւ շատ, նկատենք` միջազգային ցուցանիշներով, ավելի բարձր դիրքերում է, քան Ադրբեջանը:

  «Ազգ» -ը գրել էր, որ Երեւան այցելած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը , ինչպես նաեւ ԼՂՀ ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը բացառում են ղարաբաղյան հակամարտության լուծման որեւէ տարբերակ, եթե այտեղ չի երեւում Արցախի «խոսքը»: Իսկ որպես խնդրի լուծում համանախագահների առաջ քաշած մադրիդյան սկզբունքները կամ դրանց նորացված տարբերակը Ղարաբաղում ոչ ոք չի ստացել, սակայն ղարաբաղցի պաշտոնյաները հայտարարում են, որ, իհարկե, տեղյակ են դրանց: «Ղարաբաղյան կողմը չի ստացել մադրիդյան սկզբունքները, սակայն մենք տեղյակ ենք դրանց, այստեղ մեծ գաղտնիք էլ չկա», երեկ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ժոաո Սուարեշի հետ հանդիպումից հետո հայտարարեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը : Վերջինս ավելացրել է, թե հնարավոր է, որ մարտի վերջին Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում Ստեփանակերտին ներկայացնեն վերջապես մադրիդյան սկզբունքները: Հիշեցնենք, ինչպես երեկվա համարում գրել էր «Ազգ» -ը, Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենոկն էր հայտարարել, որ համանախագահները «մարտի վերջին կամ ապրիլի սկզբին կժամանեն տարածաշրջան, կլինեն նաեւ Ստեփանակերտում»: Կներկայացնե՞ն նրանք հակամարտության «հիմնական գործող անձին»` Ղարաբաղին, մադրիդյան նորացված սկզբունքները, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն մի բան ակնհայտ է. «ղարաբաղյան հակամարտության լուծման միակ ձեւը Ղարաբաղի ներկա կարգավիճակի միջազգային ճանաչումն է», ինչպես օրեր առաջ հայտարարել էր ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Իսկ ԵԱՀԿ ԽՎ-ի ղարաբաղյան հակամարտության հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի վերջերս Երեւանում արած այն հայտարարությունը, թե ինքը տեսնում է խնդրի արագ կարգավորման անհրաժեշտություն, ԼՂՀ ԱԺ նախագահը այսպես է մեկնաբանել. «Երեւի նկատել եք, որ նա (Լենմարկերը) ամեն տարի հայտարարում է, թե այդ տարին վճռորոշ կլինի, բայց գործընթացն այդ հայտարարություններից ոչ շահում է, ոչ տուժում»: Իսկ գործընթացը, Ղուլյանի խոսքերով, կշահի միայն բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցությամբ. «Այս մասին ես նշել եմ Ժոաո Սուարեշին», ասաց Ղուլյանը: Ի դեպ, Ղուլյան-Սուարեշ հանդիպումը նախատեսվածից մի փոքր ավելի տեւեց, հանդիպումից հետո Սուարեշը, չցանկանալով պատասխանել լրագրողների հարցերին, անմիջապես հեռացավ, իսկ Աշոտ Ղուլյանը որակեց որպես «շատ օգտակար հանդիպում». «Պարոն Սուարեշի հետ մենք խոսեցինք նաեւ ԼՂՀ ներքին եւ արտաքին իրավիճակի, հակամարտության կարգավորման մեր մոտեցումների շուրջը», նշեց Ղուլյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Բաքվից հնչող ռազմական կոչերին. «Ես հայտնել եմ, որ հակամարտության սկզբից մինչեւ այսօր Ադրբեջանի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չի եղել: Իսկ այդ սպառնալիքները, բնականաբար, մեր կողմից ընկալվում են որպես թշնամական գործողություններ», ասաց ԼՂՀ ԱԺ նախագահը: Ղուլյանը տեղեկացրեց նաեւ, որ Սուարեշը խոստացել է տարածաշրջան կատարելիք հաջորդ այցի ժամանակ անպայման այցելել նաեւ Ղարաբաղ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


Նկար 1. Ժոաո Սուարեշ եւ Աշոտ Ղուլյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4