«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2010-03-12 | #44, 2010-03-13 | #45, 2010-03-16


ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ «ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»` ՎՐԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈԿԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ՞

Շաբաթ երեկոյան Թբիլիսիում իրարանցում էր, խուճապ: Առաջին իսկ հարցը պարզ դարձրեց, որ էլի Վրաստանում հերթական յուրօրինակության հեղինակը հեռուստատեսությունն է, որի էկրաններին գամված նորությունների էին սպասում շատերը, երբ «Իմեդի» հեռուստաընկերության եթերով արդեն լրատվական բլոկով հայտարարել էին, թե Ռուսաստանը հարձակվել է Վրաստանի վրա, ու սպանվել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Թբիլիսիի հյուրանոցներից մեկում ողջ անձնակազմի` հեռուստաէկրանին գամված հայացքներից կարելի էր հասկանալ, որ շատերն ամենայն լրջությամբ էին ընդունել տարածված լուրը, մինչդեռ «Իմեդին» լուրերը հեռարձակելուց հետո մի թեթեւ նշել էր, որ լրատվական հաղորդումը եթեր է հեռարձակելու իրադարձությունների հնարավոր զարգացման սցենարով լուրեր:

«Իմեդին» նախ հայտարարել էր, թե ռուսական զորքը մտել է Վրաստան Հարավային Օսիայի տարածքով, ապա ավելացրել, թե սպանվել է Սաակաշվիլին: Հեռուստաընկերության աշխատակիցների երեւակայությունը բավականին հեռու էր գնացել. երկրի նախագահի սպանության լուրին հաջորդել էր հաղորդագրություն, թե խուճապի մեջ են Վրաստանի խոշոր քաղաքները, մարդիկ զանգվածաբար լքում են Թբիլիսին: Օդանավակայանների ու նավահանգիստների ռմբակոծման մասին հայտարարելուց հետո միայն «Իմեդին» նշել էր, թե ասվածն իրադարձությունների հնարավոր զարգացման մասին ռեպորտաժ էր:

Առողջ տրամաբանությունը հուշում էր, որ եթե երկրում նման իրավիճակ է, ուրեմն մյուս հեռուստաընկերությունների եթերում էլ պիտի գրեթե նույնը հաղորդվեր: Սակայն այս դիտարկումներին բոլորը չէ, որ համաձայնում էին: Ամեն դեպքում, Թբիլիսիում գոնե իրարանցումը շատ զգալի էր:

Թե ինչի՞ն էր ծառայում «Իմեդիի» նման հաղորդումը, դժվար է տրամաբանել, հատկապես որ որեւէ կերպ բնակչությանը նախապես չէր բացատրվել, թե դա իսկապես հնարովի իրադարձությունների ռեպորտաժ է: Ամեն դեպքում, հաղորդմանն անմիջապես հետեւեցին տարբեր տեսակի մեկնաբանություններն ու գնահատականները, հերքումներն ու մեղադրանքները տարբեր հեռուստաալիքներով:

Հեռուստաընկերության անհեթեթություն հիշեցնող պահվածքին սեփական արտառոցության բարձունքից է մոտեցել երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նախ նա հայտարարել էր, որ թեեւ Ռուսաստանի կողմից սադրանքները հավանական են, բայց ներկա դրությամբ հարձակման որեւէ վտանգ չկա: Սակայն որքան էլ երկրի նախագահը նման խոսքեր ասի, իրարանցումը Թբիլիսիում վկայում էր, որ մարդիկ հավանական են համարում Ռուսաստանի հարձակումը, ավելին, թերեւս վառ են հիշողությունները, երբ ռուսական տանկերը 2008-ի օգոստոսին քիչ մնաց հայտնվեին Թբիլիսիում:

Վրաստանի նախագահի` հեռուստաընկերության եթերից հետո հայտարարությունն էլի արտառոց մտքեր ունի: Մասնավորապես, Միխեիլ Սաակաշվիլին տեղի ունեցածն անգամ օգտակար է համարել այն դեպքում, երբ մարտի 14-ին ցույցի դուրս եկած քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայտարարում էին, որ «հարձակման» մասին ռեպորտաժը եթեր է տրվել առնվազն Սաակաշվիլու իմացությամբ: Եթե հաշվի առնենք, որ Վրաստանում հեռուստաեթերը, այդ թվում` ծայրահեղ ընդդիմադիր կեցվածքից կառավարամետ դարձած «Իմեդի» հեռուստաընկերությունը վերահսկվում են վրաց իշխանությունների կողմից, ապա կարելի է ենթադրել, որ շաբաթ օրվա եթեր տրված նյութից չէին կարող անտեղյակ լինել իշխանությունները:

Սաակաշվիլին ոչ միայն օգտակար է համարել կատարվածը, այլեւ, վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, եթեր հեռարձակված ռեպորտաժն այլ կերպ ներկայացնելու միտք առաջարկել: Սաակաշվիլին ամենայն մանրամասնությամբ քննարկել է հավանական սցենար ներկայացնող հաղորդումն ու արդեն բնակչությանն ուղղված խոսքում հայտարարել, թե «ֆիլմը» բավականին մոտ է եղել նրան, ինչ կարող էր տեղի ունենալ:

Ի տարբերություն նախագահի չեզոք, անգամ վերլուծող կեցվածքի, Վրաստանի տարբեր կառույցներ, քաղաքական ուժեր, կազմակերպություններ միանշանակ դատապարտել են տեղի ունեցածը: Զարմանք ու մտահոգություն են հայտնել նաեւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններից շատերը: Վրացական ընդդիմությունն էլ, ակնկալելի տարբերակով, տեղի ունեցածում մեղադրում է իշխանություններին:

Արդեն կիրակի օրը Թբիլիսիում հանգիստ էր, չնայած քննարկումները, թե ինչպես պետք է պատժել հեռուստաընկերությանը նման քայլի համար, դեռեւս շարունակվում էին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4