Ադրբեջանը չի հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը Բաշկիրիա չէ, այլ արդեն անկախ հանրապետություն է
Ադրբեջանը հայտնվել է անմտության եզրին: Սա փաստարկում չէ, այլ պնդում, որ ի թիվս շատ ապացույցների, օրերս ձեռք է բերել եւս մեկը: Երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը, ռազմատենչության «փոխանցիկ դրոշը» ուզում է կարծես խլել երկրի թագավորի ձեռքից, քանի որ անցել է առավել անմիտ հայտարարությունների:
Մինչ այս Ադրբեջանը հոխորտում էր, թե զենք կառնի ու «կլուծի» ղարաբաղյան հարցը, հիմա ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը անցել է սպառնալիքի սպառնալիքին: Քանի կար` ասում էին, թե զորքը «դուրս բերեք», թե չէ հարձակվում ենք, հիմա էլ միայն այդ խոսքերը չասելու համար են հայտարարում, թե զորքը «դուրս բերեք»: Այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, թե Ադրբեջանը ռազմատենչությանը վերջ տալու դիմաց ուզում է ստանալ այն, ինչ սպառնում էր «վերցնել զենքով»:
«Ռազմական հռետորիկան դադարեցնելու համար անհրաժեշտ է լուծել խնդիրները, որ ծնում են դրա կիրառումը», երեկ Բաքվում սլովակ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը : Մամեդյարովի տրամաբանությամբ, այդ խնդիրներն են «օկուպացված տարածքներից հայկական զինուժի դուրսբերումը, այդ տարածքների ազատումը, փախստականների վերադարձը»:
Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ հայտարարել է, թե մադրիդյան սկզբունքները «նախատեսում են զինուժի դուրսբերումը Ադրբեջանի հինգ շրջաններից կամ «հինգ+»` նկատի ունենալով նաեւ Լաչինը»:
Հինգ շրջաններ «ազատելուն», ըստ Մամեդյարովի, պետք է իբր հետեւի Լաչինի, հետո էլ Քարվաճառի ազատումը, ընդ որում, արդեն իսկ պատրաստ են «այդ շրջանների վերականգնման նախագծերը», իսկ վերադարձողների անվտանգության ապահովման համար «նախատեսվում է միջազգային դիտորդների տեղակայում»:
Միայն այս ամենից հետո, Մամեդյարովի մեկնաբանությամբ, պիտի լուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը` «Ադրբեջանի կազմում ամենաբարձր ինքնավարությամբ», Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերով, ասենք, Թաթարստանի եւ Բաշկիրիայի նման: Ադրբեջանը, ստացվում է, վերն ասվածով հանդերձ, սկզբունքորեն ընդունում է մադրիդյան սկզբունքները, ու մինչեւ հետագա քայլերի մասին հայտարարելը` սպասում է, թե ինչ կասի Հայաստանը մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի առնչությամբ:
Իհարկե, Մամեդյարովի համար հրաշալի կլիներ, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը հենց այսպիսին լիներ, սակայն այս դեպքում երազանքը կամ ցանկությունը ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Ի տարբերություն նույն Թաթարստանի կամ Բաշկիրիայի, Լեռնային Ղաաբաղն արդեն երկու տասնամյակ հանրապետություն է, անկախ ու ինքնիշխան, որի համար Ադրբեջանի կազմում հայտնվելու որեւէ սցենար կամ մոտեցում ֆանտաստիկայի ոլորտից է:
Նախորդ շաբաթ Երեւանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անցկացրած «Ռոուզ Ռոթ» սեմինարի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն , ըստ «Նովոստի Արմենիա» գործակալության, հայտարարել էր. «Պատերազմի վերսկսման դեպքում անհնար է, որ Ադրբեջանը հաղթի, քանի որ ես անձամբ եմ ծանոթ հայ եւ ղարաբաղցի մարտիկների խիզախությանը»:
Ավելին, ըստ Ֆասիեի, պատերազմն օգուտ չի բերի Ադրբեջանին, քանի որ էական վնաս կհասցնի վերջինի ֆինանսական շահերին, նավթի առեւտրին: Ֆրանսիացի համանախագահի կարծիքով, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ցուցադրական բնույթ ունեն:
Այս առնչությամբ Էլմար Մամեդյարովը նշել է, որ ծրագրում է հանդիպել Բեռնար Ֆասիեի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում: Ըստ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի, համանախագահները տարածաշրջան կայցելեն մարտի վերջին, կլինեն Երեւանում եւ Բաքվում:
Իսկ մինչ այդ, ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը» , Էլմար Մամեդյարովի` համանախագահների հետ հանդիպումից հետո, այսօր, ըստ նախնական հայտարարության, Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կհանդիպի նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ