Խորվաթիայի Ռիեկա քաղաքում վերջնագծին է մոտենում շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Անցկացված 8 տուրից հետո Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքն ունեն Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք վաստակել են 6-ական միավոր:
Վերջին երկու տուրերում Մելքումյանը հաղթանակներ տարավ ուկրաինացի Անդրեյ Վոլոկիտինի եւ ռուսաստանցի Վադիմ Զվյագինցեւի նկատմամբ: Հակոբյանը նաեւ հաղթեց ռուսաստանցի Սանան Սյուգիրովին, ապա ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Զախար Եֆիմենկոյի հետ:
5-ական միավոր ունեն Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Դավիթ Պետրոսյանը: Վերջին երկու տուրերն առավել հաջող էին Արման Փաշիկյանի համար, որը պարտության մատնեց իսրայելցի Գիլ Պոպիլսկուն եւ իսպանացի Մարկոս Լիանեզային: Գաբրիելը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Վալերի Նեւերովի հետ, հաղթեց լեհ Յացեկ Գդանսկուն:
Տղամարդկանց մրցաշարում 8 տուրից հետո աղյուսակը 7 միավորով միանձնյա գլխավորում է վրացի Բայադուր Ջոբավան: Նա ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Ռյազանցեւի հետ, հաղթեց Զոլթան Ալմաշիին: Առաջատարին կես միավոր են զիջում ուկրաինացի Զախար Եֆիմենկոն, բոսնիացի Իվան Սոկոլովը եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաչնին: Մելքումյանն ու Հակոբյանը 6 միավորով բաժանում են 5-17-րդ տեղերը:
Կանանց մրցաշարում առաջատարների խմբում գտնվող Լիլիթ Գալոյանի համար վերջին երկու տուրերն անհաջող դասավորվեցին: 7-րդ տուրում Լիլիթը ոչ-ոքի խաղաց մրցաշարի առաջատար, լեհ Մոնիկա Սոչկոյի հետ: Հաջորդ տուրում Գալոյանի մրցակցուհին Սլովենիան ներկայացնող Աննա Մուզիչուկն էր: Սեւերով խաղացող Գալոյանը մրցաշարում իր անդրանիկ պարտությունը կրեց եւ զգալիորեն նահանջեց: 8 տուրից հետո հայ շախմատիստուհին 5,5 միավորով 15-րդ տեղում է:
Իսկ ահա Էլինա Դանիելյանի համար վերջին երկու տուրերը շատ հաջող էին: Հաղթելով Ելենա Սեդինային եւ Տատյանա Մոլչանովային, Դանիելյանը վաստակեց 5,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջատարների խմբին:
Առայժմ այնքան էլ հաջող չեն ընթանում Լիլիթ Մկրտչյանի գործերը: Վերջին երկու տուրերում նա ընդամենը կես միավոր վաստակեց` ոչ-ոքի ավարտելով պարտիան Մակա Պուրցելաձեի հետ: 8-րդ տուրում Լիլիթը պարտվեց Նաստասիա Զիազիուլկինային: Մկրտչյանի օգտին 4 միավոր է գրանցված: 3,5 միավոր ունի Նելլի Աղինյանը, 3` Անահիտ Խառատյանը:
Կանանց մրցաշարի առաջատարներն են 6,5 միավոր վաստակած Մոնիկա Սոչկոն եւ Վիկտորյա Չմիլիտեն: 8 շախմատիստուհիներ վաստակել են 6-ական միավոր: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ