«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2010-03-12 | #44, 2010-03-13 | #45, 2010-03-16


«ՄԻԿԱՆ» ՈՒ «ԲԱՆԱՆՑՆ» ԱՎԱՐՏԵՑԻՆ ՀԱՎԱՔԸ

Արտերկրում գտնվող «Միկան» ու «Բանանցն» ավարտեցին ուսումնամարզական հավաքն` անցկացնելով վերջին ստուգողական հանդիպումները:

Իսպանական հավաքի ավարտական խաղում «Միկան» ուժերը չափեց ՌԴ առաջնության առաջին խմբում հանդես եկող «Վոլգայի» հետ: Խաղը կայացավ «Սոլ Անդալուզիա» հյուրանոցի խաղադաշտում: Մրցակիցներին չհաջողվեց գոլային շատ պահեր ստեղծել: «Միկան» կարող էր հաղթանակը կորզել հանդիպման վերջին րոպեներին: Արմեն Պետրոսյանի հարվածը հետ մղեց դարպասապահը, իսկ Ալեքսն ու Ստեփան Հակոբյանը նպաստավոր դիրքերից վրիպեցին: Այդպես էլ դարպասները մնացին անառիկ:

«Միկան» բավական լրջորեն է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Առաջին փուլում նախապատրաստվելով Ծաղկաձորում, «Միկան» այնուհետեւ ուսումնամարզական երեք հավաք անցկացրեց Անթալիայում, Կիպրոսում եւ Իսպանիայում: Մարզումներին զուգահեռ «Միկայի» ֆուտբոլիստները ստուգողական 11 հանդիպում անցկացրին, որոնցից 4-ում հաղթեցին, երեքն ավարտեցին գոլազուրկ ոչ-ոքիով, կրեցին 4 պարտություն: «Միկան» խփեց 9 գոլ, բաց թողեց 10 գնդակ:

Արդյունավետ խաղով աչքի ընկավ Ուլիսես Մոնտենեգրոն, որը դարձավ 4 գոլի հեղինակ: Մեկական գնդակ խփեցին Ալեքսը, Վիգեն Համբարձումյանը, Նարեկ Բեգլարյանը, Բոտի Դեմելը եւ Մինդաուգաս Գրիգալեւիչյուսը:

Անթալիայից Երեւան վերադարձավ «Բանանցը»` ավարտելով ուսումնամարզական 2-րդ հավաքը: Ավարտական խաղում «Բանանցը» մրցեց Կրասնոդարի «Կուբանի» հետ: Առաջին խաղակեսում «Կուբանը» բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսն ավելի գոլառատ ստացվեց: «Կուբանը» հաղթեց 3-1 հաշվով: «Բանանցից» միակ գոլի հեղինակը Սամվել Մելքոնյանն էր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4