Գուս Հիդինգը մերժել է Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկը: Հոլանդական De Telegraaf-ին նա հայտնել է, որ կոտդ՛իվուարցիների հետ երկամսյա պայմանագիր կնքելու լուրը իրականությանը չի համապատասխանում: Հիդինգն իրոք հանդիպել է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ժակ Անոումայի հետ, սակայն մերժել է առաջարկը: Պատճառը ՌԴ ֆուտբոլային միության հետ պայմանագրի հարցում անորոշությունն է, նաեւ այն, որ օգոստոսի 1-ից ստանձնելու է Թուրքիայի ազգային հավաքականի ղեկը:
Մայիսի վերջին Թուրքիայի հավաքականը նախատեսել է ընկերական մրցախաղեր անցկացնել Իռլանդիայի, Չեխիայի եւ ԱՄՆ-ի հավաքականների հետ: Հիդինգը ցանկանում է ներկա գտնվել այդ խաղերին ու մոտիկից ծանոթանալ թուրք ֆուտբոլիստների հետ, ինչը նրան հնարավորություն կընձեռի ավելի լավ նախապատրաստել հավաքականը Եվրո-2012-ի ընտրական մրցաշարին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ