Որոնք պատրաստվում են դատի տալ Հայաստանին Եվրոպական դատարանում
Վերջին ժամանակներում աշխարհի տարբեր երկրներում քննարկվող հայկական բանաձեւերը, գաղտնիք չէ, անկախ թուրքական պետության հակառակ հավաստիացումներին, «երկու թուրքական պետություններում» էլ լուրջ լարվածություն են առաջացրել: Իսկ լարվածության դեպքում սովորաբար առաջանում են այնպիսի պատասխան քայլեր, որոնք զուրկ են որեւէ հիմքից, որոնք առաջանում են միայն պահի թելադրանքով եւ չեն արտացոլում իրական պատկերը: Այսպես, թուրք-ադրբեջանական լրատվամիջոցները Թուրքիայի Իգդիր քաղաքի Թաշմուրուն ավանում «հայտնաբերել» են ազգությամբ ադրբեջանցի «երեւանցիների», որոնց թիվը վերոհիշյալ ավանում կազմում է ավելի քան 400: Թուրք-ադրբեջանական համայնքների միության նախագահ Յունջել Արտանդաշի խոսքերովՙ այդ մարդիկ անցյալ դարի կեսերին ապրում էին Երեւանում. «Մինչեւ հիմա նրանց արդեն թուրքական անձնագրերում որպես ծննդավայր նշված է Երեւանը,- ասում է Արտանդաշը` շարունակելով,- իսկ հիմա մենք հավաքում ենք բոլոր այդ մարդկանց անձնագրերը` Եվրոպական դատարան դիմելու համար. չէ՞ որ նրանք բռնությունների ենթարկվելով լքել են իրենց ծննդավայր Երեւանը` թողնելով այնտեղ իրենց գույքը»: Արտանդաշը ավելացնում է նաեւ, որ «ադրբեջանցի-երեւանցիները» դարձել են «հայկական վայրագությունների զոհերը», եւ իսկական ցեղասպանությունը հենց հայերն են արել ադրբեջանցիների նկատմամբ:
Այնուհետեւ արտահայտվում է Իբրահիմ Եղիրջեն, որը ծնվել է 1920-ին` Երեւանում: Նա պատմել է, որ երբ իրենք, «ենթարկվելով հայերի բռնություններին», ստիպված եղան լքել իրենց ծննդավայրը, ինքը 4 տարեկան էր. «Ինչպես ինձ պատմել են ծնողներս, հայերը հարձակվել են ադրբեջանցիների վրա: Սակայն որոշ հայեր զգուշացնում էին մեզ դաշնակցական հրոսակների կողմից հարձակումների մասին: Դրանով նրանք փրկեցին մեզնից շատերի կյանքերը, եւ մենք ստիպված եղանք արտագաղթել Թուրքիա: Այնտեղ մենք թողել ենք մեր տներն ու ունեցվածքը: Երեւանը հանդիսանում է թյուրքական հող, մենք` փրկվածներս, պահպանել ենք այնտեղ թողած մեր ունեցվածքների մասին բոլոր փաստաթղթերը: Իսկ Երեւանի մերձակայքում գտնվում են մեր պապերի եւ հայրերի աճյունները», «անկեղծացել է» 90-ամյա ծերունին:
Որ Երեւանը «թուրքական հող» է, մեզ հայտնի է դեռ ադրբեջանական պատմության դասագրքերից. հարեւան երկրում փաստորեն սերունդ է մեծանում այդ համոզմամբ: Նորությունն այստեղ այն է, որ երբ 4 տարեկան էր Իբրահիմ Եղիրջեն, Հայաստանում չկային ոչ «դաշնակցական հրոսակներ», ոչ էլ Դաշնակցությունն էր իշխում. Հայաստանում արդեն հաստատվել էին սովետական կարգերը, իսկ Դաշնակցությունը այդ տարիներին որեւէ հարձակում չէր կարող անել: Իսկ եթե 90-ամյա ծերունին խոսում է ղարաբաղյան պատերազմից առաջ տեղի ունեցած Հայաստանում ապրող ադրբեջանցիների մեկնման մասին, ապա, ամենայն հավանականությամբ, պապիկն այստեղ էլ լավ չի հիշում պատմությունը. այդ ժամանակ էլ Դաշնակցություն կուսակցությունը չէր գլխավորում հայկական քաղաքական դաշտը, որպեսզի իրականացներ «հրոսակային հարձակումներ: Ծերունու խոսքերը հիշեցնում են պատմության` արդեն անհերքելի փաստեր. Բաքվում եւ Սումգայիթում, ինչպես նաեւ Ադրբեջանի այլ շրջաններում հայերի նկատմամբ իրականացված հրոսակային հարձակումները, եթե ծերունու պատմածներում հայեր բառը փոխարինենք ադրբեջանցիներով, ապա այդ դեպքում արդեն պատմությունը չի կեղծվի: Հետաքրքրական է, այդ ինչպես է ստացվում, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես «փաստում են» թուրքական աղբյուրները, «հայերը մահացել են սովից ու հիվանդություններից», բայց այդ նույն «սովամահ եղած» հայերը, արդեն ադրբեջանական աղբյուրների համաձայն, գալիս են «թյուրքական տարածք» Երեւան (ինչո՞ւ են գալիս, որովհետեւ, ըստ ադրբեջանցիների, Արեւելյան Հայաստանում ապրում էին ադրբեջանցիներ, իսկ ցարական զորքերի դուրս գալուց հետո Արեւմուտքից եկած հայերը «հարձակվել եւ կոտորել են» ադրբեջանցիներին-Հ. Ա.) եւ այստեղ իրականացնում են ադրբեջանցիների «ցեղասպանություն»: Գոնե երկու թուրքական պետությունները համաձայնեցնեն իրենց կարծիքները` հրապարակելուց առաջ. եղբայր եք, չէ՞:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ