«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2010-03-13 | #45, 2010-03-16 | #46, 2010-03-17


ՔԼԻՆԹՈՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ՞, ԹԵ ԼՂ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԿԴԱՐՁՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Տրամաբանությունն ավելի հաճախ քաղաքականությանը չի առնչվում, այլապես շատուշատ հայտարարություններ չէին արվի, քանի որ կիսատրամաբանական երեւույթներ, ըստ էության, չեն լինում: Քաղաքականության մեջ ավելի հաճախ պատեհապաշտ են լինում, հատկապես այն խաղացողները, որոնք որեւէ խնդիր չունեն հաշվետու լինելու սեփական խոսքերի համար:

Միացյալ Նահանգների մոտեցումների երկակիության ու որեւէ հարցում տարաբնույթ դիրքորոշումներ արտահայտելու փաստերը բազմաթիվ են, հատկապես որ աշխարհում մարդու իրավունքների հարցում առաջատարի դերին հավակնող ու նաեւ ուրիշներին սովորեցնելու «պատրաստ» ԱՄՆ-ը հաճախ է հանդես գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք երկակիություն չէ, եռակիություն ու այլ կարգի բազմակիություն են պարունակում:

Մարտի 11-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը հրապարակել էր «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որում խիստ քննադատություն է հնչեցվում մարդու իրավունքների, քաղաքական բազմակարծության, խոսքի ազատության ոլորտում Ադրբեջանում առկա իրավիճակի վերաբերյալ:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքով, ԱՄՆ-ը Ադրբեջանում եւ հարավկովկասյան տարածաշրջանում մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծումը կապում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

Քլինթոնի պարագայում քիչ դժվար է հասկանալ, թե ինչպես են մարդու իրավունքները մեծապես կախված հակամարտության կարգավորումից, քանի որ շատ հարցերում ինչպես Հայաստանում, այնպես էլ առավելապես Ադրբեջանում, օրինակ, խոսքի ազատությունն ուղղակի առնչվում է իշխանությունների վարած քաղաքականությանը, իսկ ավելի կոնկրետ` իշխանությունների բազմապիսի շահերին, այլ ոչ այն հանգամանքին, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս ընդհանուր լեզու չեն կարողանում գտնել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, այն էլ բանակցային մի ձեւաչափով, որտեղ չի մասնակցում Լեռնային Ղարաբաղը;

Երկուշաբթիՙ մարտի 15-ին, ԱՄՆ պետդեպարտամենտում լրագրողների հետ հանդիպմանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները չի՞ անտեսում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Ադրբեջանում` տեղի տալով նավթային շահերին եւ շարունակելով համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, Հիլարի Քլինթոնը պատասխանել է. «Մենք գիտենք, որ խնդիրներ կան ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում»:

Հիշատակելով երկու ադրբեջանցի բլոգերներին, ովքեր ձերբակալվել են «սեփական տեսակետները արտահայտելու համար», պետքարտուղար Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ամեն ջանք գործադրում է Ղարաբաղի հակամարտության լուծման համար:

«Մենք կարծում ենք, որ եթե հակամարտությունը կարգավորվի, մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ նույնպես կլուծվեն», ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Թերեւս կարելի է չհամաձայնել այս դիտարկմանը այն պարզ պատճառաբանությամբ, որ եթե դրսի ճնշումները չլինեին, Ադրբեջանում վաղուց սուլթանություն կլիներ հայտարարված, Հայաստանում էլ դեռ պարզ չէ, թե որքան կհեռանային ժողովրդավարություն կոչվածից:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4