ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Երեւանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության առաջ ելույթ ունենալիս խոսել է ֆրանսերեն ու հարցերին եւս պատասխանել է ֆրանսերեն: Այսպիսի հայտարարություն է տարածել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանությունը Բեռնար Ֆասիեի աղմուկ հանած խոսքերի առնչությամբ, թե համանախագահը քաջատեղյակ է հայ եւ ղարաբաղցի մարտիկների արիությանն ու Ադրբեջանը պատերազմ սկսելու դեպքում չի հաղթի:
Դեսպանությունը նաեւ հայտարարության մեջ նշել է, թե Բեռնար Ֆասիեն պաշտոնապես հերքել է հայ եւ ադրբեջանցի լրագրողների կողմից իր խոսքերի աղավաղումները: Ֆասիեն, ըստ հայտարարության, համապատասխան բացատրություններ է տվել Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին, որոնք «բավարարվել են համանախագահի բացատրություններով»:
Ամեն դեպքում, բավականին յուրօրինակ է ստացվել, որ նախորդ շաբաթ ասված խոսքին անգամ ինքըՙ համանախագահ Բեռնար Ֆասիեն անդրադարձել է միայն երկուշաբթի, ընդ որումՙ զանգահարելով կողմերին: Իսկ Ֆրանսիայի դեսպանության հայտարարությունը, թե համանախագահը խոսել է ֆրանսերեն, ոչինչ չի ասում իրականում, քանի որ դժվար թե որեւէ թարգմանիչ այդքան «ինքնագործունեությամբ» զբաղվեր, որ այդպիսի խոսքեր ասեր:
Ա. Հ.