1986 թվականի հուլիսի 26-ին Շուշիում, պարսկական պոեզիայի մեծ դասական Վագիֆի դամբարանի մոտ, տվյալ ժամանակաշրջանին բնորոշ ձեւականությամբ կազմակերպվել էր մշակութային մի լայնամասշտաբ միջոցառում` «Գրականությունների բարեկամությունը ժողովուրդների բարեկամությունն է» նշանաբանով: Ներկա էին գրողներ եւ թարգմանիչներ միութենական տարբեր հանրապետություններից:
Բաքվից ժամանած գրողներից մեկը` Խալիլ Ռզան (որին, ի դեպ, հետագայում ԿԳԲ-ն ձերբակալել էր Ադրբեջանում էթնիկական բախումներ հրահրելու մեղադրանքով), այդ միջոցառման ժամանակ նույնպես հանդես եկավ իր ստեղծագործությունների ընթերցմամբ: Այն, ինչ նա մատուցեց ներկաներին, խորհրդային ինտերնացիոնալիզմի շրջանակներում չտեղավորվող, պանթուրքիստական ոգով հագեցած ելույթ էր: Բանաստեղծության համառոտ բովանդակությունը մոտավորապես հետեւյալն էր. «Մի երկնչեք, եթե ձեզ թուրք են կոչում: Այո, ես թուրք եմ, Բաբեկի սուրն եմ, որ կայծկլտում է միշտ թշնամու գլխին...» եւ այլն: Խալիլ Ռզայի արտասանած բանաստեղծությունը բուռն ծափողջույններով ընդունվեց տեղացի ադրբեջանցիների կողմից:
Այնքան տհաճ էր տպավորությունը, որ ազգությամբ վրացի թարգմանիչը մոտեցավ արցախաբնակ գրողներիս ու տարակուսած ասաց. «Ինչո՞ւ եք թողնում նման բաներ ասի»:
Մանկագիր, «Ղարաբաղյան հորովելի» հեղինակ Գուրգեն Գաբրիելյանը վրդովված հարց ուղղեց միջոցառման կազմակերպիչ Ադր. ԿԿ կենտկոմի ներկայացուցչին. «Սա եղբայրության տո՞ն է, թե՞ նացիոնալիստական հավաք»: Կենտկոմի բարձրաստիճան աշխատակիցը շողոմ ժպտալով պատասխանեց. «Դալի դի դա, գոյ դանըշսըն» («Գիժ ա, էլի, թող խոսի»):
Առհասարակ, խորհրդային տարիներին ազգությունը մատնանշող «ադրբեջանցի» բառեզրը սակավ էր օգտագործվում: Հայերն ադրբեջանցիներին, անգամ նրանց ներկայությամբ, համընդունված ձեւով «թուրք» էին կոչում (այս մասին մի անգամ արդեն գրել եմ «Ազգ»-ում), իսկ ադրբեջանցիներն իրենք իրենց անվանում էին «մուսուլման»: Այս համատեքստում զարմանալի չի դիտվում, որ այսօր Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների գնահատումներում անթաքույց թուրքամետություն է դրսեւորում: Հատկապես ղարաբաղյան հակամարտության ժամանակահատվածում, Ադրբեջանի բոլոր ղեկավարներն անխտիր, ինչպես բուն Թուրքիայում, վարել ու վարում են անընդհատ խորացվող հայատյաց քաղաքականություն: Եվ եթե ավելի քան երկու տասնամյակ ղարաբաղյան հակամարտության լուծումը դոփում է տեղում, պատճառը թաքնված է նաեւ այդ հայատյացության մեջ: Միամտություն է կարծել, թե մշտանորոգ թշնամական քարոզչության պայմաններում հնարավոր կլինի հակամարտության վերջնական հանգրվանին հասնելը:
Բաբեկի «կայծկլտացող սրի» առասպելը փշրվել է ղարաբաղյան պատերազմում, որի հետ, ուզեն-չուզեն, պիտի համակերպվեն Ադրբեջանում, իսկ Թուրքիայի քաջալերումներն իրենց ազգակիցներին, միայն խանգարում է կարգավորման գործընթացին:
Սպառնալիքների թուրքական լեզուն ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե դեպի տրամաբանական լուծում է տանում, այլ մղում է հետընթացի: Դեպի ո՞ւր եւ մինչեւ ե՞րբ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ