«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2010-03-13 | #45, 2010-03-16 | #46, 2010-03-17


Ի՞ՆՉ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ

Անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին ռուսաստանյան պետական «Կրեմլ.օրգ» լրատվական կայքը, փորձագետ-գիտնականների ուսումնասիրությունների արդյունքների վրա հիմնված, հրապարակել էր մի նյութ, որտեղ ուսումնասիրվել էր նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների ուսումնական ծրագրերի պատմություն առարկայի «ճշմարտացիությունը»: Գիտնականները պարզել են, որ նախկին միութենական հանրապետությունների դպրոցական ծրագրերում պատմությունը չի կեղծվում միայն Հայաստանում եւ Բելառուսում: Իսկ կոնկրետ Ադրբեջանին ռուս գիտնականները պարզապես խայտառակ էին արել: Պարզվում է, որ ադրբեջանցի երեխան մեծանում է այն պատմական գիտելիքներով, որ «հինավուրց Ադրբեջանի» տարածքում ապրող լուլլուբի, քութի, շումերական ցեղերը իրենց էպոսներում «հիմնավորել» են «ազերի» ցեղի առաջացումը հենց Հարավային Կովկասում: Որ հայերն ընդամենը եկվոր են այս տարածքներում, ընդ որում ադրբեջանական պատմության դասագրքերում գրված է, թե հայերը սկսել են ակտիվ վերաբնակեցվել Կովկասում` «ադրբեջանական` Էրիվանի խանությունում» Իրանում ռուսական կայսրության դեսպան Գրիբոյեդովի նախաձեռնությամբ: Իբրեւ այս վերջինի ապացույց ադրբեջանցի պատմաբանները բերում են Գրիբոյեդովի «Գրություններ հայերի` Իրանից մեր տարածքներում վերաբնակեցնելու մասին» աշխատությունը: Ադրբեջանական պատմագրությունն այնքան է հեռուն գնացել, որ դասագրքերում գրված է. «Փաստերը խոսում են այն մասին, որ այն բանից հետո, երբ ադրբեջանական հողերի վրա առաջացավ հայկական մարզը, հայերը խնդրեցին մեզ իրենց տալ Էրիվանը, քանի որ չունեին մայրաքաղաք», ադրբեջանցիների վկայությամբՙ այս «փաստը» հաստատում են բոլոր այն գիտնականները, որոնք ուսումնասիրել են Հարավային Կովկասի պատմությունը:

Թողնենք հանգիստ շումերական, լոլլուբի եւ քութի ցեղերի «էպոսները»: Նախՙ Գրիբոյեդովի գրության «մեր տարածքներ» մասը: Իսկ ի՞նչ պետք է ասեր ռուսական կայսրության դեսպանը` այս տարածքների մասին, եթե ոչ` մերը, չէ՞ որ Գրիբոյեդովը մերը ասելով ամենեւին նկատի չունի ադրբեջանական, խոսքը Ռուսական կայսրության տարածքի մասին է, որտեղ եւ դե յուրե առաջացավ հայկական մարզը Էրիվան մայրաքաղաքով: Ի դեպ, վերջինի մասին, եթե Էրիվանը ադրբեջանական քաղաք է, ապա ինչո՞ւ էր նույն Ռուսական կայսրությունը պատերազմ մղում Իրանի դեմՙ այն գրավելու համար: Միգուցե Իրա՞նն էլ առհասարակ ադրբեջանական տարածք է: Իսկ որտեղի՞ց առաջացան «ադրբեջանական տարածքներում» քրիստոնեական եկեղեցիներն ու հուշարձանները` ավելի հին պատմությամբ, քան Գրիբոյեդովի ժամանակները: Միգուցե ադրբեջանցիները ժամանակին քրիստոնյա են եղել ու 301-ին առաջինն իրենք են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն` ի դեպ, նույն «ադրբեջանական տարածքներում»: Այս բոլորը հարցերը տրամաբանորեն կարող են առաջանալ ադրբեջանցի երեխայի մեջ` իրազեկվելով սեփական երկրի սարքած պատմությանը: Ուստի պատահական չէ, որ ռուս գիտնականները ռուսական պաշտոնական կայքում ահազանգում են այս մասին: Իսկ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան, երգիչ Փոլադ Բյուլբյուլօղլին, պատասխան նամակ է ուղարկել «Կրեմլ.օրգ»-ին: Դեսպանը ոչ միայն չի հերքել Էրիվանի ադրբեջանական ծագումները, այլեւ ընդգծել է. «Այս մասին տեղեկությունները հիմնված են ոչ թե կարծիքների, այլ պատմական փաստերի վրա»: Եթե սովետական Ադրբեջանում ծնված Բյուլբյուլօղլին է այսպես կարծում, ապա ի՞նչ կասի ադրբեջանական դպրոցի շրջանավարտը, որը «այդ փաստերը» 5-6 տարի սովորել է, եւ որի հետ մենք հարեւանություն պետք է անենք` դեռ դարեր:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4