«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2010-03-13 | #45, 2010-03-16 | #46, 2010-03-17


ՌԴ ԱԳՆ. ԼՂ ՀԱՐՑԸ ՉՊԵՏՔ Է ՊԱՏԱՆԴ ԼԻՆԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆԻՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին հարցերով գերատեսչությունը կրկին անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանը ներկայացնող համանախագահի փոփոխության խնդրին: Ամենից առաջ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն նորից հավաստել է, որ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահի փոփոխությունը որեւէ կերպ չի անդրադառնա խմբում Ռուսաստանի դիրքորոշման վրա:

Նեստերենկոն նշել է, որ համանախագահ Յուրի Մերզլյակովը դիվանագիտական նոր նշանակում է ստացել: Ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ նոր համանախագահը պակաս եռանդով չի կատարի իր պարտավորությունները: ԱՄՆ-ի կողմից Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հրավերի ֆոնին հետաքրքրական է, որ Նեստերենկոն ընդգծել է, թե Ռուսաստանն անում է անհրաժեշտը` Մինսկի խմբում իր ակտիվ դերակատարությունը պահպանելու համար:

Ավելին, Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցչի հավաստմամբ, պետք չէ ղարաբաղյան հարցն ուղղակի կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: «Մենք հասկանում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներն օբյեկտիվորեն չեն կարող որոշակի ազդեցություն չունենալ միմյանց վրա: Միեւնույն ժամանակ, մենք ելնում ենք մեկ ուղղությամբ առաջընթացը մյուսով պայմանավորելու փորձերը անարդյունավետ գնահատելու մեր սկզբունքային դիրքորոշումից: Այլապես վտանգ է առաջանում խցանելու երկու գործընթացները», ասել է Նեստերենկոն:

Նրա խոսքերով, անհրաժեշտ է անել հնարավորը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պատանդ չդառնա հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին, որ անիրատեսական նախնական պայմաններ առաջ չքաշվեն:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4