Երեկ «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը բացատրություններ տվեց նախօրեին երկու նախարարների փոփոխությունների վերաբերյալ: Մարտի 15-ին ՕԵԿ-ի որոշմամբ եւ նախագահի հրամանագրով նախարարի պաշտոնից ազատվել էին ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը, որին կփոխարինի Մանուկ Վարդանյանը, եւ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, որին էլ կփոխարինի Արմեն Երիցյանը:
Արթուր Բաղդասարյանի խոսքերով, նախարարների փոփոխությունը պայմանավորված է բացառապես կուսակցությունում ընթացող բարեփոխումներով. «Մեր կուսակցության ներսում ընթանում է բարեփոխումների գործընթաց, որի կարիքը կուսակցությունը զգում է: Սա նշանակում է, որ 110 հազար անդամ ունեցող եւ ամբողջ երկրում ներկայացված «Օրինաց երկիր» կուսակցության խնդիրներով պետք է զբաղվեն ՕԵԿ-ի նվիրյալ, փորձառու քաղաքական գործիչները, ինչպիսիք են Մհեր Շահգելդյանն ու Գուրգեն Սարգսյանը, որոնք կշարունակեն իրենց աշխատանքը կուսակցության ղեկավար մարմնում», նշեց Բաղդասարյանը:
Նա ավելացրեց նաեւ, որ Շահգելդյանը կզբաղվի ՕԵԿ-ի քաղաքական հարցերով եւ կշարունակի վարել ՕԵԿ-ի փոխնախագահի պաշտոնը, իսկ Գուրգեն Սարգսյանը կզբաղվի տնտեսական ռեֆորմներով: «Կրկնում եմ, որեւէ արտառոց բան այս ամենի մեջ չկա, ով հասկանում է, թե ինչ է քաղաքական ուժը, կհասկանա այս ամենի անհրաժեշտությունը», ընդգծեց ՕԵԿ-ի նախագահը: Ինչ վերաբերում է նոր նախարարներին, ապա Բաղդասարյանը նշեց, այդ թեկնածությունները «իհարկե, համաձայնվեցվել են նախագահի հետ». «Ե՛վ նախագահը, ե՛ւ մեր կուսակցությունը բարեփոխումներին միտված քաղաքական նպատակներ ենք հետապնդում, մենք մեկ թիմ ենք, եւ այս քայլը մեր թիմային աշխատանքի հիանալի դրսեւորումն է», ասաց Բաղդասարյանը` հերքելով այն լուրերը, թե նախարարների փոփոխությունները ՕԵԿ-ին պարտադրվել են:
Բաղդասարյանը նաեւ հիշեցրեց, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն ու Հանրապետականն ունեն ռազմավարական համաձայնություն. «Հենց սրանով է պայմանավորված, որ ես չեմ մասնակցի հաջորդ նախագահական ընտրություններին, մեր կուսակցությունը կմասնակցի միայն ԱԺ-ի ընտրություններին», շեշտեց Բաղդասարյանը` հավելելով, թե ինքը համոզված է, որ ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում արտահերթ չեն լինի, ինչպես վստահեցնում է Հայ ազգային կոնգրեսը:
Այնուհետեւ Բաղդասարյանը, ներկայացնելով նոր նախարարներին, նախ տեղեկացրեց, որ նախարարի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո երկուսն էլ անդամակցել են ՕԵԿ-ին. «Արմեն Երիցյանն իմ երկար տարիների ընկերն է, կա մեծ վստահություն նրա նկատմամբ, իսկ Մանուկ Վարդանյանին եւ մեր կուսակցությանը նույնպես կապում է տարիների համագործակցությունը, որը լուրջ պատմություն ունի», ասաց Արթուր Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ-ի անդամ Գերասիմ Ալավերդյանը նույնպես հետ պետք է կանչվի, քանի որ արժանացել էր վարչապետի խիստ նկատողությանը, Բաղդասարյանը հավաստիացրեց, որ այդպիսի հարց չի քննարկվում. «Գերասիմ Ալավերդյանը վայելում է ոչ միայն կուսակցության, այլեւ գուղատնտեսության նախարարության աշխատակիցների վստահությունը: Ինչ վերաբերում է վարչապետի խիստ նկատողությանը, ապա նախ ուզում եմ շեշտել, որ դրա պատճառով որեւէ լարվածություն չկա իմ եւ Տիգրան Սարգսյանի միջեւ, եւ հետոՙ մենք դա համարում ենք զուտ աշխատանքային իրավիճակ. ես էլ իմ աշխատողներին երբեմն նկատողություններ եմ տալիս», նշեց Բաղդասարյանը:
Վերջում Ազգային անվտանգության քարտուղարը տեղեկացրեց, որ մարտի 16-ին մեկնում է Մոսկվա` ՌԴ-ի իր գործընկերոջ հրավերով. «Մոսկվայում նախատեսված են հանդիպումներ նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ այլոց հետ: Մենք ստորագրելու ենք փաստաթուղթ հայ-ռուսական համագործակցությունը անվտանգության բնագավառում խորացնելու վերաբերյալ», ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ Ռուսաստանում ինքը կայցելի նաեւ մի շարք ռազմաարդյունաբերական հիմնարկներ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ