«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2010-03-13 | #45, 2010-03-16 | #46, 2010-03-17


ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՄԻ ՓՆՏՐԵՔ ՈՂՋԻՆ ՄԵՌՅԱԼՆԵՐԻ ՄԵՋ»

  «Ազգ» օրաթերթի նախկին աշխատակից, 1992-93 թվականներին թերթի վերլուծական բաժնի ղեկավար, քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը մարտի 18-ին կդառնար 46 տարեկան: Մարտի 16-18-ին Տիգրան Հայրապետյանի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Հիշատակի օրերի բացումը տեղի ունեցավ երեկ, որի ժամանակ առանձին ելույթով հանդես եկավ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը .

«Մարտի 16-17-ի միջոցառումները մենք վերածել ենք ուսումնական նախագծի: Օգտագործելով Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը` փորձում ենք նրա հրապարակախոսությունն ու քաղաքագիտական ժառանգությունը մատչելի կերպով ներկայացնել աշակերտներին»:

Բացման արարողությանը ներկա էին Տիգրան Հայրապետյանի մայրն ու կինը, վերջինս երեկ աշակերտների հետ վարպետության դասեր անցկացրեց: Քաղաքագետի կինը` արվեստաբան Նազենի Ղարիբյանը , անդրադարձավ հայագիտության ուսուցմանը վերաբերող հարցերին, իսկ քաղաքագետ Աղասի Ենոքյանը անցկացրեց վարպետության դաս «Քաղաքականություն եւ բարոյականություն» թեմայով: Երեկ կրթահամալիրում ցուցադրվեց նաեւ Տիգրան Հայրապետյանին նվիրված «Ինքնանվիրում» ֆիլմը:

«Փորձում եմ արժեւորել այն Տիգրանին, որը ներկա է ոչ այնքան մեր հիշողություններում, ով կարող է օգտակար լինել պատանիների, երիտասարդների եւ ուսուցիչների համար, ու այս ձեւով կենդանանում է Տիգրան Հայրապետյանը», նշեց Աշոտ Բլեյանը:

Մինչեւ հիմա էլ շատերի համար առեղծված է մնում, թե Տիգրան Հայրապետյանն ինչպես էր կարողանում ընդամենը մի քանի ժամում գրել այնպիսի հոդվածներ, որոնք ուղղակի ամիսների աշխատանք էին պահանջում, ասաց Բլեյանը: Տիգրանը կարողանում էր զարմանալիորեն ճիշտ կանխատեսել քաղաքական զարգացումները: Նրա` 15 տարի առաջ արտահայտած մտքերն ու հարցադրումները մինչեւ այսօր էլ հասարակական հնչեղություն ունեն:

«Տիգրանը սիրում էր ասել. «Մի փնտրեք ողջին մեռյալների մեջ», ու մենք փնտրում ենք նրան հենց ողջերի մեջ: Պետք է կարողանանք Տիգրանի խոսքը փոխանցել սերունդներին», ասաց Նազենի Ղարիբյանը:

Մարտի 18-ին լինելու է «Տիգրան Հայրապետյան» կայքի շնորհանդեսը, կրթահամալիրում գործում է նաեւ քաղաքագետի անունով գրադարան, որին Տ. Հայրապետյանի ընտանիքը պարբերաբար գրքեր է նվիրում հենց քաղաքագետի անձնական գրադարանից:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4