«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2010-03-13 | #45, 2010-03-16 | #46, 2010-03-17


ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է ՀՈԳԵՎՈՐ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԹՆՈԼՈՐՏ ՍՏԵՂԾԵԼ

Թե ինչպիսի՞ հոգեւոր կյանքով են ապրում եւ ստեղծագործում ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անչափահաս իրավախախտները, մարտի 12-20-ը հարկ է այցելել «Ժողովրդական արվեստի թանգարան», որտեղ բացվեց ցուցահանդես-վաճառք:

Անչափահաս 7 կալանավորներն ու «Անչափահասների գեղագիտական կենտրոնի» սաները ներկայացրել են 174 կավե եւ խեցեգործական, 160 փայտի փորագրության եւ 40 գեղանկարչական աշխատանքներ: Շուրջ 10 տարի գործող այդ կենտրոնը (տնօրեն Թեմիկ Ղալափյան) շատ բարդ ու դժվարին ճանապահ է անցել իր կայացման ընթացքում: 2005-ին ՀՀ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի եւ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ կենտրոնին հատկացվեց շենքային տարածք, հաշվի առնելով անչափահասներին ճիշտ ուղու եւ հետագայում իրենց տեղն ու դերը հասկանալու գործոնը:

Մարդաշատ էր «Ժողովրդական արվեստի թանգարանը», որտեղ ճաղերից այն կողմ ստեղծագործող անչափահաս տղաների աշխատանքները դիտելու եւ գնահատելու էին եկել արվեստաբաններ, մտավորականներ, պաշտոնատար անձինք: Ցուցահանդես-վաճառքը ողջույնի ու շնորհակալական խոսքով, որն ուղղված էր արդարադատության նախարարության հասցեին, բացեց թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանը բարձր գնահատեց անչափահասների համար ստեղծագործելու եւ հոգու պոռթկումներն արվեստի տարբեր ժանրերով արտահայտելու հնարավորություններ ստեղծելու ազնիվ գործը: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը կարեւորեց նման միջոցառման նախաձեռնությունը հատկապես թանգարանի ղեկավարության կողմից ու նշեց, որ «նման հոգածությունը բոլորիս խնդիրն է, ու այս օրինակը, կարծում եմ, կլինի վարակիչ բոլորի համար, ովքեր շատ հաճախ են քննադատաբար վերաբերվում մեր համակարգին, եւ երեւի իրենց մի փոքր նեղություն կտան ու կաջակցեն, բացի լուսաբանելուց»: Նախարարը հույս հայտնեց, որ արվեստով զբաղվող անչափահասները հետագայում իրենց ճիշտ ուղին կընտրեն ու զերծ կմնան հանցագործ ճանապարհից:

Արվեստաբան Սարո Սարուխանյանը հիացական խոսքեր հղեց անչափահասների հասցեին, որոնք, ըստ նրա, «ստեղծագործելով կավի, փայտի, ներկերի միջոցով, հոգով ստեղծագործվում, մաքրվում ու վաղ թե ուշ մի նոր դաստիարակված քաղաքացի է ձեւավորվում ճաղերից այն կողմ, եւ որ նրանք պետք է տերը լինեն իրենց երկրի»: Կենտրոնի մասին մանրամասներ պատմեց տնօրեն Թեմիկ Ղալափյանը ու տեղեկացրեց, որ կենտրոնի դռները բաց կլինեն ոչ միայն ազատազրկվածների, այլեւ բոլորի համար: «Համակարգն այսօր խնդիր ունի, վատ ժառանգություն է ստացել: Հասարակական կարծիքը փոխելը բավական բարդ խնդիր է համակարգի համար...», ասաց նա եւ հորդորեց ֆինանսական ու պետական հատուկ աջակցություն ցուցաբերել հատկապես այս կենտրոնին:

  «Ազգը» զրուցեց երիտասարդ ստեղծագործող Վահե Ղալթաղչյանի հետ, որն իր շնորհակալությունը հայտնեց նման հնարավորություն ընձեռելու համար եւ ասաց. «Ես գտնում եմ, որ ամեն մարդ իրավունք ունի դառնալ հասարակության անդամ: Երբ ստեղծագործում եմ կավի միջոցով, փորձում եմ ազատության գաղափարն ընդգծել ու հոգեպես պատարստվում եմ ազատության մեջ ուսումս շարունակել, ծառայել հայոց բանակում եւ ապացուցել, որ չհասկանալով ներքաշվել էի մի խմբի մեջ ու կողոպուտի համար 4 տարի ազատազրկվել իմ անխելքության պատճառով: Արդեն 2,5 տարի այստեղ եմ եւ զղջում եմ, որ ժամանակին իմ ձեռքը բռնող չի եղել, չի կանխել իմ մանկական անգիտակից քայլը: Այստեղ, ճաղերից այս կողմ հայտնվելն ինձ համար կյանքի մի մեծ դաս եղավ, ու ես հոգեբանորեն ու գիտակցորեն լիովին պատրաստ եմ ինտեգրվելու նոր կյանքին»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4