Հակոբյանը մրցանակակիր դառնալու լավ հնարավորություն ունի
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրը բավական հաջող էր Հայաստանի պատվիրակների համար: Մեր 18 շախմատիստներից 12-ը հաղթանակով ավարտեցին իրենց մրցախաղերը:
Տղամարդկանց մրցաշարում Վլադիմիր Հակոբյանը հաղթեց սերբ Բոյան Վուչկովիչին եւ վաստակեց 7 միավոր: Իսկ ահա առաջատարների խմբում ընդգրկված մեր մյուս շախմատիստըՙ Հրանտ Մելքումյանը զիջեց ռուսաստանցի Արտյոմ Տիմոֆեեւին: Հրանտը ունի 6 միավոր: Նույնքան միավոր վաստակեցին Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Գաբրիելը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով բելառուսցի Անդրեյ Ժիգալկոյի նկատմամբ: Փաշիկյանն արդեն 3-րդ անընդմեջ պարտիան է ավարտում հաղթանակովՙ պարտության մատնելով ռումինացի Վլադիսլավ Նեւեդնիչնուն: Տիգրան Պետրոսյանն էլ 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց լեհ Դարիուշ Շվարցի հետ մրցավեճում: Տուրը հաղթական էր նաեւ Զավեն Անդրեասյանի, Արտաշես Մինասյանի, Ավետիք Գրիգորյանի, Վահե Բաղդասարյանի եւ Վլադիմիր Պողոսյանի համար:
Առաջին պարտությունը կրեց Դավիթ Պետրոսյանըՙ զիջելով ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուին: Դավիթն ունի 5 միավոր: Հայ շախմատիստներից առայժմ միայն Վլադիմիր Հակոբյանն է անպարտելի: Տուրն անհաջող էր նաեւ Սամվել Տեր-Սահակյանի համար, որը պարտվեց Յան Գուստաֆսոնին: Միակ ոչ-ոքին գրանցվեց Ռոբերտ Հովհաննիսյանի եւ Դեւիդ Հովելի մրցավեճում:
9-րդ տուրն անվանեց տղամարդկանց մրցաշարի նոր առաջատարին: Հաղթելով աղյուսակը գլխավորող վրացի շախմատիստ Բայադուր Ջոբավային, 7,5 միավորով միանձնյա առաջատար դարձավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաչնին: 7-ական միավորով նրան հետապնդում են Վլադիմիր Հակոբյանը, Զախար Եֆիմենկոն, Բայադուր Ջոբավան, Իվան Սոկոլովը, Ռաուֆ Մամեդովը, Արտյոմ Տիմոֆեեւը եւ Դենիս Խիսմատուլինը: 10-րդ տուրում Հակոբյանը սպիտակներով կխաղա Իվան Սոկոլովի հետ: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:
Կանանց մրցաշարում վիճակահանության քմահաճույքով 9-րդ տուրում մրցեցին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը, որոնք ունեին 5,5 միավոր: Հաջողությունն ուղեկցեց Լիլիթին, որը 6,5 միավորով կրկին ընդգրկվեց առաջատարների շարքում:
Տուրը հաջող էր նաեւ մյուս Լիլիթիՙ Մկրտչյանի համար, որը հաղթեց հույն Մարինա Մակրոպուլոյին: Այդ հաղթանակի շնորհիվ Մկրտչյանը վաստակեց 5 միավոր: Հաղթեց նաեւ Նելլի Աղինյանըՙ պարտության մատնելով մակեդոնացի Դիանա Բացիուին: Աղինյանն ունի 4,5 միավոր: Տուրն անհաջող էր ՀՀ չեմպիոնուհի Անահիտ Խառատյանի համար, որը պարտվեց հոլանդացի Աննե Հաստին:
Կանանց մրցաշարում էլ ի հայտ եկավ նոր միանձնյա առաջատարըՙ լիտվացի Վիկտորյա Չմիլիտեն: Նա սեւերով հաղթեց իր հետ աղյուսակը գլխավորող Մոնիկա Սոչկոյին: Չմիլիտեն վաստակեց 7,5 միավոր: Նրան կեսական միավոր են զիջում Աննա Մուզիչուկը, Անտոանետա Ստեֆանովան եւ Պիա Կրամլինգը: 8 շախմատիստուհիներ վաստակել են 6,5 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ