«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2010-03-13 | #45, 2010-03-16 | #46, 2010-03-17


ԲԱՐՍԵԼՈՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՎՐԱՑԱԿԱՆ ՄԱՖԻԱՅԻ» ԿՆՔԱՀԱՅՐԸ

Նրա աջակիցների մեջ կան հայեր

Երեկ «Ազգը» հաղորդեց Եվրոմիության անդամ վեց երկրներում այսպես կոչված «ռուսական մաֆիայի» դեմ իրավապահների անցկացրած լայնածավալ համատեղ գործողության եւ տասնյակ ձերբակալությունների մասին, մանրամասնելով, որ ձերբակալվածների մեջ կան նաեւ վրացիներ եւ հայեր: Հարկ է նշել, որ «ռուսական մաֆիան» բավական լայն հասկացություն է եւ ընդգրկում է ոչ միայն ռուսներին, այլեւ ԱՊՀ մի շարք երկրների ներկայացուցիչների:

Վերջին տեղեկությունների համաձայն, ձերբակալվել են 69 խոշոր հանցագործներ, որոնք պատկանում են պայմանականորեն «վրացական մաֆիա» կոչվող խմբավորմանը (ավելի վաղ ԶԼՄ-ներն այն անվանել էին «ռուսական»):

Ձերբակալված հանցագործներից գլխավորը «օրենքով գող» Կախաբեր Շուշանաշվիլին է, որը համարվում է «վրացական մաֆիայի» կնքահայրը: Նրան կալանավորել են Իսպանիայի Բարսելոն քաղաքում: Ենթադրվում է, որ Շուշանաշվիլին զբաղվել է Եվրոպայում կատարված հանցագործությունների համար խմբավորման անդամներին վարձատրելու գործով: Գոյություն ունի նաեւ ուրիշ վարկած, որ հանցագործ ճանապարհով ստացված բոլոր միջոցները կուտակվել են Շուշանաշվիլու մոտ, որը դրանք «լվացել» է եւ ներդրել օրինական բիզնեսի մեջ: Ֆրանսիական RFI ռադիոկայանի տվյալներով, խմբավորումը փողերը «լվացել» է Վալենսիայում ապրող մի իսպանացի ոսկերիչի, ինչպես նաեւ մի քանի հայաստանցիների օգնությամբ, որոնք փողերը ներդրել են փոքր բիզնեսի մեջ:

Ավստրիայում ձերբակալվել են «վրացական մաֆիայի» երկու ուրիշ պարագլուխներ եւ նրանց մեկ տասնյակ հանցակիցներ: Հակամաֆիական ոստիկանական գործողություններ են անցկացվել նաեւ Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, ինչպես նաեւ Եվրոմիության անդամ չհանդիսացող Շվեյցարիայում:

Եվրոպայում այսպես կոչված «վրացական մաֆիայի» գործունեության ոլորտներն են թմրադեղերի մաքսանենգությունը, փողերի լվացումը, դրամաշորթությունը, կաշառատվությունը, ապօրինաբար զենք պահելը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4