«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2010-03-16 | #46, 2010-03-17 | #47, 2010-03-18


ԿԻՐԻԼ ՊԱՏՐԻԱՐՔՆ ԱՂՈԹԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈԳԻՆԵՐԻ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

  Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը երեկ երկու եկեղեցիների հոգեւոր դասի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հուշահամալիրում երկու հովվապետները նախ ծաղկեպսակներ դրեցին, ապա անմար կրակի մոտ կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Այնուհետեւ Կիրիլ պատրիարքն աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:

«Հավերժ հիշատակ առանց մեղքի սպանված մեր հայ եղբայրներին եւ քույրերին: Թող աստված պահպանի Հայաստանի հողն ու նրա ժողովրդին եւ ցանկացած ժողովրդի այնպիսի տառապանքներից, ինչպիսին ներկայացված են ցավալի հուշերի այս վայրում»: Սա Կիրիլ պատրիարքի գրառումն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում:

«Հայերը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությանը կարողացան դիմանալ հավատքի շնորհիվ: Եթե չլիներ հավատքը, քրիստոներությունը, հայ ժողովուրդը չէր փրկվի: Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցելությունն ինձ հիշեցրեց սփյուռքի ներկայացուցիչների ողբերգական ճակատագիրը: Փառք Աստծու, որ մեր երկու ժողովուրդներն ապրում են սփյուռքում այն պայմաններում, որոնք չեն սպառնում նրա գոյությանը», ասաց Կիրիլ պատրիարքը ավելի ուշՙ Երեւանի Սբ Աստվածածնի տաճարում հավաքված հարյուրավոր հավատացյալներին:

Ավելի ուշ Կիրիլ պատրիարքին եւ Ամենայն հայոց կաթողիկոսին հյուրընկալեց Սերժ Սարգսյանը: Նախագահը երկկողմ հարաբերությունների հիմնաքարերից համարեց Հայ առաքելական եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների միջեւ բարեկամական հարաբերություններն ու ամուր հոգեւոր կապը: Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը բարձր գնահատեց հայ ժողովրդի եւ եկեղեցու առանձնահատուկ դերը քրիստոնեական արժեքների տարածման գործում:

Երեկոյան երկու հովվապետերը Երեւանի Գր. Լուսավորիչ մայր եկեղեցում աղոթք մատուցեցին առ Աստված: Արարողությանը ներկա էին, հավատացյալների հոծ բազմությունից շատ, Հայաստանի պետական այրերըՙ հանրապետության նախագահի գլխավորությամբ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4