«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2010-03-16 | #46, 2010-03-17 | #47, 2010-03-18


«ԵԹԵ ՀԱՐԿ ԼԻՆԻ, 100 ՀԱԶԱՐ ՀԱՅԵՐԻՆ ԿՎՏԱՐԵՆՔ ԵՐԿՐԻՑ»

Հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը BBC-ին տված հարցազրույցում

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

  «Ազգը» նախորդ համարում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դրսեւորումների թուրքական արձագանքներին, կարծիք է հայտնել, որ ժխտողականության դիրքերի սպառումը հանգեցնում է Թուրքիայի հակաքայլերի սպառմանը, իսկ դա երկրի ղեկավարներին մղում է տրամաբանությունից զուրկ սանձարձակ հայտարարությունների եւ անհավասարակշիռ գործողությունների:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարցազրույցի պարագայում, որի տեքստը մարտի 16-ին տեղադրված էր BBC-ի թուրքական ծառայության կայքէջում, գործ ունենք ոչ միայն տրամաբանությունից զուրկ սանձարձակ, այլեւ հակասական եւ իրարամերժ հայտարարությունների հետ, որոնք խուճապային տրամաբանության արտահայտությունն են նաեւ: Թուրքիայի վարչապետը 100 հազար հայեր ասելով, ինչ խոսք, նկատի ունի հայաստանցիներին: Հատկանշական է, որ 2009-ի հունվարին նա Թուրքիայում ապօրինի բնակվող հայաստանցիների թիվը 40 հազար էր ներկայացրել:

Ավելին, 2009-ի մայիսին վարչապետ Էրդողանը Սիրիայի սահմանամերձ շրջանների ականազերծման աշխատանքները իսրայելական ընկերությանը հանձնարարելու առնչությամբ կառավարությանը հասցեագրված քննադատություններին պատասխանելիս, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ամբիոնից հայտարարել էր. «Տարիներ շարունակ այս երկրում ինչ-որ բաներ են կատարվել: Էթնիկ այլ ինքնության պատկանողներին երկրից վտարել են: Մի՞թե դրանից շահել ենք: Դրանք բանականության արդյունքը չեն: Դա իրականում ֆաշիստական մոտեցման դրսեւորում էր»:

Վարչապետ Էրդողանի այս հայտարարությանը բուռն հակազդեցությամբ արձագանքել էին «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին, փոխնախագահ Թունջա Թոսքայը, գլխավոր քարտուղար Ջիհան Փաչաջին, խմբակցության ղեկավարի տեղակալ Օքթայ Վուրալը, ինչպես նաեւ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը, փոխնախագահ Օնուր Օյմենը, պատգամավոր եւ վերջինի պես նախկին դեսպան Շուքյուր Էլեքդաղը: Իսկ նույն կուսակցության պատգամավոր տիկին Ջանան Արըթմանը, որը հայկական ծագում էր վերագրել նախագահ Աբդուլլահ Գյուլի մորը, խորհրդարանական հարցում էր արել, պահանջելով Էրդողանից պարզաբանելՙ վտարման համար պետությունը հիմք ունեցե՞լ է, թե՞ ոչ, դա վտարո՞ւմ է եղել, թե՞ էթնիկ այլ ինքնություն ունեցողները երկրից ինքնակամ հեռացել են:

Հատկանշական է, որ մարտի 16-ին, այսինքնՙ Էրդողանի հարցազրույցի հրապարակման օրը, Թուրքիայից հայաստանցիների վտարման պահանջով հանդես է եկել նաեւ Արըթմանը: Այսինքն, հայաստանցիների պարագան պատճառ է դառնում, որ Էրդողանը մերձենա իր քաղաքական հակառակորդին, որը նրան անողոքաբար դատապարտում էր երկրից այլ էթնիկ խմբավորումների վտարումը ֆաշիստական դրսեւորում համարելու համար:

Էրդողանը առնվազն տասնապատիկ ուռճացնում է նաեւ Թուրքիայում գտնվող հայաստանցիների թիվը: Որքան էլ ճշգրիտ տվյալներ չլինեն, այդ ցուցանիշը, Եվրասիական գործընկերության հիմնադրամի եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի տվյալներով, ոչ թե 100 հազար է, այլ շուրջ 10-12 հազար:

Համենայն դեպս, Թուրքիայի վարչապետի BBC-ի թուրքական ծառայության տված հարցազրույցը, որը երեկ հեռարձակվել է NTV-ի թուրքական տարբերակով, կարեւոր է հայերի, հայաստանցիների եւ Հայոց ցեղասպանության բանաձեւերի նկատմամբ թուրքական նկրտումների մասին մեր պատկերացումներն ամբողջացնելու առումով:

Հարցազրույցն ընդարձակ է, իսկ հարցերըՙ բազմազան, այսինքնՙ սոսկ հայաստանցիներով չեն սահմանափակվում: Հարցազրույցում շոշափվում են Կիպրոսի հիմնախնդիրը, Իրանի, Սիրիայի եւ Իրաքի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը, այս երկրներում բնակվող հայկական համայնքները, հարեւանների հետ հիմնախնդիրները զրոյական մակարդակի հասցնելու Էրդողանի կառավարության որդեգրած դիրքորոշումը, սակայն դրա առանցքը, այնուամենայնիվ, կազմում են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերն ու դրանց հետեւանքով Թուրքիայի արտաքին քաղաքականության ընթացքի խաթարումը: Հարցազրույցում արծարծվում են նաեւ Հայաստանի իշխանություններից Անկարայի ակնկալիքներին, սփյուռքին եւ հայությանը «զորավիգ կանգնած» ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի պես պետություններին առնչվող խնդիրներ: Ամբողջական տեքստը կներկայացնենք հաջորդ համարում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4