Զինված ուժերում բռնությունները համատարած են, շարքային զինվորները չունեն բավարար ուտելիք, վառելանյութ, ձմեռային համազգեստ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ադրբեջանի զինված ուժերի վիճակի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի մարտի 14-ի հրապարակած զեկույցը, որի համահեղինակներն են ռադիոկայանի կովկասյան մասնագետ Լիզ Ֆուլերն ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, լուսաբանում է Ադրբեջանի պաշտպանական բնագավառի այն պայմաններն ու խնդիրները, որոնք աղերսվում են բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների կողմից վերջին ժամանակներս վերստին հնչեցվող պատերազմական սպառնալիքներին:
Ըստ զեկույցի, «Ադրբեջանում խոր անհամաչափություն կա ռազմատենչ ճամարտակության եւ ռազմական իրականության միջեւ»: Հեղինակները նաեւ անդրադարձել են Ադրբեջանի պաշտպանության երկարամյա նախարարի` այդ երկրում պետական կոռուպցիայի առանցքային դեմքերից մեկի դերակատարությանը: «Ադրբեջանի անխորտակելի գեներալը» վերնագրված զեկույցում Լիզ Ֆուլերն ու Ռիչարդ Կիրակոսյանը նախ ընդգծել են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար, 60-ամյա գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւը 15 տարվա փորձով ԱՊՀ պաշտպանության ամենաերկարակյաց նախարարն է, իսկ աշխարհում` ամենաերկար ժամկետով ծառայողներից մեկը:
«Ամենաարդիական ռազմական տեխնիկա հայթայթելու համար ծախսված վիթխարի գումարները չեն ստեղծել արդյունավետ եւ մարտունակ բանակ: Ընդհակառակը` զինված ուժերում կարգապահությունը տակավին թույլ է, բարոյական վիճակը` ցածր, իսկ բռնությունները` համատարած», նշված է զեկույցում, հավելմամբ, որ շարքային զինվորները չունեն բավարար ուտելիք, վառելանյութ, ձմեռային համազգեստ եւ այլն, մի բան, որ բազմիցս հաստատվել է Ադրբեջանից Հայաստան անցած զինվորների հայտարարություններով, նաեւ հայ զինվորականների դիտարկմամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն, ըստ զեկույցի, կոռուպցիայի օջախ է: Բացի այդ, զեկույցի համաձայն, Ադրբեջանը նավթի եւ գազի արտահանումից ստացած իր եկամուտի բավականին մեծ մասն ուղղել է պաշտպանության բյուջեին: «Այս միտումն ավելացավ, երբ 2003թ. վերջին Իլհամ Ալիեւը հորից հետո եկավ իշխանության: Սակայն, ըստ տարածված լուրերի, այս գումարի մեծ մասը յուրացվել է»: Պաշտոնաթող եւ պահեստային սպաների կազմակերպության նախագահ Յաշար Ջավարլիի պնդմամբ` 2003-ից մինչեւ 2008-ի նոյեմբեր մահացած 40 զինծառայողների մեծամասնությունը իր մահկանացուն կնքել է կամ վատ վերաբերմունքի պատճառով, կամ ինքնասպան է եղել:
2008թ. հոկտեմբերի զեկույցում Ճգնաժամային միջազգային խումբը (ՃՄԽ) նշեց բանակում առկա բացթողումները եւ Ադրբեջանի զինված ուժերը բնութագրեց որպես «հատվածական, բաժան-բաժան, պատասխանատու միմիայն նախագահին, ոչ թափանցիկ, կոռումպացված եւ ներքուստ թշնամական»:
Այս ամենով հանդերձ, Ադրբեջանի պաշտպանունակությունը նվազեցնող բազմաթիվ բացթողումների համատեքստում երկու փոխկապակցված գործոններ կարող են, զեկույցի համաձայն, բացատրություն տալ պաշտպանության նախարար Աբիեւի երկարատեւ պաշտոնավարման բացառիկությանը: «Առաջինը նրա բացարձակ եւ անսասան հավատարմությունն է Ալիեւյան տոհմին. նախ` հայր Հեյդարին, հետո` որդի Իլհամին, ում նախագահական աթոռի բարձրանալն ավելի շուտ նշանակում էր, քան` ընտրություն: Իսկ երկրորդը Իլհամ Ալիեւի հետ ցայժմ շարունակվող նրա ուխտն է` ղարաբաղյան հակամարտության ադրբեջանամետ լուծումն արագացնելու նպատակով»:
Տրամաբանությունն այն է, որ Իլհամ Ալիեւի լեգիտիմությունը եւ քաղաքական ապագան մեծ մասամբ պայմանավորված են, թե որքանով նա կկարողանա հանրությանը համոզել, որ Ադրբեջանն անպայման մի օր կվերստանձնի իր կազմից դուրս եկած Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը: Եվ այս վարժությունում Աբիեւի աջակցությունն անհրաժեշտ է, եթե ոչ` վճռական:
Վերջին տասնամյակի ընթացքում Աբիեւը ժամանակ առ ժամանակ ասպարեզ է հանում ԼՂՀ-ում նոր պատերազմի ուրվականը: Ադրբեջանի նախագահը շարունակում է փոփոխական կերպով մի կողմից վերահաստատել իր հավատարմությունը խաղաղ եւ բանակցային կարգավորմանը, մյուս կողմիցՙ սպառնալ նոր պատերազմով. նշելով, որ Հայաստանն անհաշտորեն մերժում է «կոմպրոմիսի» գնալ, ինչը, ըստ Ալիեւի, նշանակում է դուրս գալ ԼՂՀ-ին հարակից եւ այժմ հայերի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական յոթ տարածքներից:
Զեկույցում մեջ է բերվում, թե ինչպես փետրվարի 25-ին Բաքվում, Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Քելերի հետ հանդիպմանը Աբիեւն ավելի ծավալվեց այդ սպառնալիքի շուրջը եւ նախազգուշացրեց, որ տարածաշրջանում «մեծ պատերազմը» դառնում է «անխուսափելի»: Նա պնդեց, որ 1994թ. Հայաստանի հետ կնքած զինադադարից ի վեր, որն արդյունավետ կերպով «սառեցրեց» ղարաբաղյան հակամարտությունը, «դիվանագիտությանը չհաջողվեց գրանցել որեւէ կոնկրետ արդյունք»: «Ադրբեջանը չի կարող սպասել եւս 15 տարի», ասաց Աբիեւը` խոսքի շարունակության մեջ հավելելով, որ «այժմ հասել է ռազմական տարբերակի հերթը, եւ սպառնալիքն օրեցօր մեծանում է»:
«Այսօրինակ հոխորտանքի եւ ռազմական իրականության միջեւ, սակայն, խոր խզում կա: Մի հարթության տեսանկյունից` պատերազմական այս խոսքերը ոչ այլ ինչ են, քան դատարկ սպառնալիքներ, քանի որ Ադրբեջանի ռազմական ուժի վերաբերյալ չափազանցված պոռոտախոսություններն անտեսում են ադրբեջանական զինված ուժերի թուլությունը: Այդուամենայնիվ` հայկական կողմի ճնշող գերակշռությամբ եւ պաշտպանական առավելություններով հանդերձ, երկարաժամկետ կտրվածքով տարածաշրջանում ռազմական ուժերի հավասարակշռության ապագա հետագիծը խոսում է Ադրբեջանի օգտին», եզրակացվում է զեկույցում:
Մեկ այլ հարթությունում, ըստ զեկույցի, ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ նախազգուշացումները շատ իրական սպառնալիք են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար, քանի որ սաստկացնում են այն թաքնված լարվածությունը, որի շարժընթացը կործանարար է: «Ակնհայտորեն` տարածաշրջան այցելող ամերիկացի եւ եվրոպացի դիվանագետների անդադրում կարգադրություններով հանդերձ, Ադրբեջանը չի կարողացել քաղել գլխավոր դասը Վրաստանի պատերազմից, այն է` քաղաքական էությամբ խնդիրները չունեն ռազմական լուծում»:
Ե՛վ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը , ե՛ւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բաքվի սպառնալիքներին արձագանքել են կտրուկ նախազգուշացումներով, թե Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ որեւէ ադրբեջանական հարձակում կստանա «լուրջ հակահարված», եւ հարձակումը հետ կմղվի: «Վերջին խոսքակռիվը եւ դրա հնարավոր արձագանքները չէին կարող անհաղորդ մնալ: ԱՄՆ-ի հետախուզական բարձրաստիճան պաշտոնյա Դենիս Բլերը ԱՄՆ Կոնգրեսում վերջերս հայտարարեց, որ հայ-ադրբեջանական նոր պատերազմի հավանականությունը գնալով մեծանում է, եւ դրա պատճառներից մեկը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սկսված ու ԱՄՆ-ի կողմից հովանավորվող կարգավորման ջանքերից ադրբեջանցիների հիասթափությունն է». ասվում է զեկույցում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ